Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույն մարդիկ բոլորին փորձում էին ապացուցել, որ Եվրասիական միությունը լավ տնտեսական միություն է»

Նոյեմբեր 16,2015 15:30

Ստյոպա Սաֆարյանը քննադատելի է համարում
Եվրասիական միությունը ընտանիքը փրկող համարելը

Օրեր առաջ տեսակամուրջի միջոցով Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ Երեւանի բանախոսներ՝ տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանի եւ Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանի խոսքերում հնչեց տեսակետ, թե ցանկալի է, որ Եվրասիական միությունը դառնա ոչ թե տնտեսական, այլ գաղափարի միություն, որտեղ հստակորեն կնշանավորվի ընտանիքի եւ այլ արժեքների դերը: Արման Բոշյանն անգամ առաջարկեց, որ այդ արժեքները փաստաթղթում ամրագրվեն եւ դառնան միասնական միության բոլոր անդամների համար:

«Այդ նույն մարդիկ բոլորին փորձում էին ապացուցել, որ Եվրասիական միությունը լավ տնտեսական միություն է, Հայաստանը դրանից լավ արդյունքներ պետք է սպասի: Այժմ փորձում են այլ լարերի վրա խաղալ՝ ներկայացնելով, որ այ, հիմա եթե ընտանիքը փրկենք այդ «պիղծ» Արեւմուտքից, մենք ընդհանուր շահեր կունենանք,- «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով հնչած կարծիքներին, ասաց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:- Կներեք, ես ուղղակի սա համարում եմ Հայաստանը ոչնչացնելու երկրորդ ծրագիր, որը հետեւողականորեն իրականացվում է այդ խմբակի կողմից, եւ այդ կտրվածքով ուղղակի քննադատելի եմ համարում այդ քննարկումները բերել հայ իրականության մեջ»:

Ըստ նրա՝ Եվրասիական միության միանալու որոշում կայացնելով՝ մեր իշխանությունները Հայաստանի ինքնիշխանության մի մասի գլուխն արդեն կերել են. «Հիմա էլ ուզում են լիակատար կապիտուլացնել Հայաստանը՝ բերելով թեմաներ, որ Եվրասիական միությունում մենք դեռ անելիքներ ունենք»:

Ըստ պարոն Սաֆարյանի՝ Եվրասիական տնտեսական միությունը այս պահին որեւէ հպարտանալու առիթ չունի, Հայաստանին էլ այլ թեմաների մեջ ներքաշելով՝ ավելի լուրջ խնդրի առաջ է մեզ կանգնեցնում:

«Նրանք, որոնք այդքան շատ մտահոգված են իրենց ընտանիքների պահպանության խնդրով, թող փրկեն իրենց ընտանիքները: Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ ընդհանրություն ունի հայ ընտանիքն իր նիստուկացով ռուս ընտանիքի հետ եւ ի՞նչ աղերսներ ունի ղազախ, ղրղըզ ընտանիքների հետ, ի՞նչ են փրկում: Ես այդ խուլիգանությունն եմ ուզում հասկանալ: Ումի՞ց են ուզում փրկել: Ի՞նչ անենք, տանե՞նք միջնադար, չադրաներո՞վ… կամ չխոսկանության ինստիտո՞ւտն են ուզում վերականգնել: Ուզում եմ հասկանալ՝ այդ ի՞նչ է լինում, որ փրկողը պետք է լինի», – ասում է պարոն Սաֆարյանը:

Մեր դիտարկմանը, որ Եվրասիական միության մասին հասարակության հետաքրքրությունը բավարարելու համար Հայերի միության նախագահը որոշել է տեղեկատվական կենտրոն բացել, տնտեսական ֆորում կազմակերպել, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Ֆորումներ պետք չէ անել, պետք է պարզապես բացատրություններ տալ, թե ինչ եղավ այն խոստումների հետ, որոնք տվել էին մեկ տարի առաջ: Իրենք խոսք էին տվել, որ Հայաստանի տնտեսական զարգացումը ապահովեն, իրենք խոսք էին տալիս, որ Հայաստանում ներդրումներ են լինելու: Իրենց այդ ֆորումների, ուտուշ-խմուշների փոխարեն այդ պատասխանները թող տան: Վերջիվերջո՝ իրենք պատասխանատվություն են կրում հասարակության առջեւ, ամեն քաղաքական գործիչ եթե նման բան է խոստանում հանրությանը եւ կայացնում է որոշումը, պարտավոր է բացատրություն տալ, թե ինչու այդ ամեն ինչը չկա: Սեփական ձախողումներից չխոսելու փոխարեն՝ անցում կատարել հայոց ընտանիքը չգիտեմ ումից փնտրելու թեմային՝ պահվածքը ինձ համար անհասկանալի է»:

ՀՌԻՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
14.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30