Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրիի քաղաքապետը սպառնում է. «Այդ մարդուն իմ անունից ասեք, որ ես իրեն տականք եմ համարում»

Նոյեմբեր 19,2015 17:10

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը որքան ավելի է մտնում իր իրավունքների մեջ, դիտորդների նկատմամբ ճնշումներն ավելի են աճում: «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերով հայտարարել էր, որ իրենց հնարավոր դիտորդները հաճախ հրաժարվում են դիտորդական առաքելություն իրականացնել` համայնքների ղեկավարների սպառնալիքների պատճառով: Նա մատնանշել էր Մեղրիի քաղաքապետի օրինակը. «Մեղրի քաղաքում քաղաքապետի մասնակցությամբ մի միջոցառման ժամանակ քաղաքապետն ուղղակիորեն սպառնալիքներ էր տեղացել`ասելով, թե ես պիտի որոշեմ` ովքեր ինչպես պետք է քվեարկեն: Դրանից հետո մեր հնարավոր դիտորդներից, որոնք արդեն անդամագրվել էին, ուղղակի հրաժարվեցին դիտորդական առաքելություն իրականացնելուց: Փաստ է, որ սպառնալիքները գործել են: Այդ մարդիկ կարող են հիմա, ասենք, խիզախություններ դրսևորել, բայց հետո նրանք ապրելու են այդ քաղաքում այդ քաղաքապետի առաջնորդության ներքո, դրա համար գերադասում են հրաժարվել»:

Aravot.am-ը Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանից (լուսանկարում) հետաքրքրվեց` ինչու՞ է սպառնալիքների լեզվով խոսում, նա ի պատասխան վստահեցրեց, թե նման բան լինել չէր կարող, քանի որ ինքը դեմոկրատ ղեկավար է ու մանրամասնեց. «Ես չէի կարող նման արտահայտություն անել, թե մարզում ես եմ որոշում: Մարզում մարզպետ կա, թող մարզպետը որոշի»:

Հստակեցրինք` ոչ թե մարզում, այլ քաղաքում, նա արձագանքեց. «Ինչ կապված է մեր քաղաքի հետ, այս մոլորակի վրա ինչքան դիտորդ կա, հրավիրում եմ` եկեք իմ քաղաք, տեսեք ինչ բարեկիրթ, գեղեցիկ մթնոլորտ է: Այստեղից շատ շատերը սովորելու բան ունեն: Ես չգիտեմ` ինչ կազմակերպություն է դա, բայց միանգամից կարող եմ ասել, որ դա ընդամենը կլյաուզիա է: Ես որդեգրել եմ հակառակ կեցվածքը: Ո՞նց կարող էր նման արտահայտություն իմ կողմից հնչեցված լինել»:

Մեր այն դիտարկմանը` բոլորին էլ հայտնի է, որ գրեթե բոլոր մարզպետներն ու քաղաքապետերը սահմանադրական հանրաքվեի «այո»-ի կողմնակիցն են, ուստի հնարավոր չէ՞ր, որ «ոչ» ասողներին սպառնացած լիներ, պարոն Հովհաննիսյանը բացառեց. «Ոչ, միանգամից բացառված է: Ես դեռ այսօր նոր շտաբ եմ ձևավորում, երկրորդը` ի՞նչ է նշանակում բոլոր քաղաքապետերը «այո»-ի կողմնակից են: Ես կոնկրետ կողմ եմ նրան, ինչին կողմ է ժողովուրդը: Իմ ցանկացած քայլ համաչափ է ժողովրդի կարծիքին: Ես տեսնում եմ նաև ժողովրդի տրամադրվածությունը, շատ լավ գիտեմ, թե ամսի 6-ին ինչ է ասելու»:

Հարցրինք` որտեղի՞ց գիտեք, թե ժողովուրդը դեկտեմբերի 6-ին ինչ է ասելու, քաղաքապետը պատասխանեց. «Ես շփվում եմ մարդկանց հետ, առավոտից երեկո մարդկանց միջավայրում եմ, մարդիկ իրենք են խոսում այդ մասին, ես շատ լավ գիտեմ: Իհարկե, այո էլ է լինելու, ոչ էլ, իսկ թե ինչ հարաբերակցությամբ, դա կերևա ամսի 6-ին»:

Մեր այն դիտարկմանը` բնական չէ՞, որ եթե քաղաքապետն «այո» է ասելու, ապա բնակիչների մեծամասնությունը տարբեր պատճառներից ելնելով` կրկին «այո» է ասելու, պարոն Հովհաննիսյանն արձագանքեց. «Այդ տականքները, ովքեր նման բան են ասել, կարող եք նրանց ասել, որ Մեղրին նման տականքների համար չէ: Այ հիմա եմ սպառնալիք ուզում հնչեցնել, որ եթե կան այս մոլորակի վրա դեռ մարդիկ, ովքեր պիտի գան ու մտնեն, աղտոտեն այս քաղաքը, նրանք թող չգան այս քաղաք»:

Մեր այն դիտարկմանը` ի՞նչ է` հնարավոր չէ՞ Մեղրիում «ոչ» ասող լինի, կամ ուզենա վերահսկել հանրաքվեն, քաղաքապետն արձագանքեց. «Թող վերահսկեն, բայց ի՞նչ իրավունք ունի քաղաքում նման տականք լինի, ու նման հայտարարություն արած լինի: Այն դեպքում, որ ես հարյուր տեղ ասել եմ, թե համեցեք, ցանկացած մարդ կարող է իր վրա դիտորդական առաքելություն վերցնել: Թող ամբողջ Հայաստանը գա, նստի, նայի»:

Մեր հարցին` մի՞թե Դուք «ոչ» ասողներին հանդուրժում եք, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա մարդու սեփական կամքն է: Նաև սա իմ ընտրությունը չէ, իսկ ես ընտրվել եմ միայն ժողովրդական ուժով և համաչափ քայլում եմ ժողովրդի հետ: Եթե ես գնում եմ «այո» ասելու, բնական չէ՞, որ քաղաքի մեծ մասն ինձ հետ պիտի քայլի: Ընդամենը այդ մարդուն իմ անունից ասեք, որ ես իրեն տականք եմ համարում, իմ բերանից չէր կարող նման բան հնչած լինել, դա իմ բնավորությանը հակասող մի բան է: Իմ քաղաքացիները կասեն, որ ես դեմոկրատ պահվածք ունեմ»:

Շեշտեցինք` բայց ախր վիրավորական արտահայտություններ եք թույլ տալիս, քաղաքապետը հակադարձեց. «Եթե ինչ-որ մեկը լինելով այդպիսին` վիրավորում է ինձ, ես մեռնե՞մ, դա՞ եք ինձ առաջարկում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30