Լրահոս
Օրվա լրահոսը

Տաճատ Վարդապետյան. «Երբ սահմանադրական բարեփոխումների իմաստը ճիշտ է մատուցվում, մարդկանց մեծամասնությունը կողմ է»

Նոյեմբեր 20,2015 15:56

Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը խոսեց սահմանադրական բարեփոխումների էության, անհրաժեշտության եւ քարոզարշավի ընթացքի մասին՝ սահմանադրական բարեփոխումները գնահատելով որպես նորանկախ Հայաստանի տարեգրության մեջ քայլ առաջ. «Որովհետեւ մենք քաջատեղյակ ենք, որ այն երկրները, որտեղ ժողովրդավարություն, ազատություն եւ առաջընթաց կա, պառլամենտական կառավարման տարբերակն են նախընտրել: Այն պատճառաբանությունները, շահարկումները, որ արվում են անձի կամ իշխանության վերարտադրության մասին, իրականության հետ որեւէ կապ չունեն: Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդն իր վճռական կողմնորոշումը կունենա եւ նրա վերաբերմունքով մենք կհասնենք այդ առաջընթացին», – ասաց բանախոսը:

Անդրադառնալով խնդրի շուրջ իշխանություն-ընդդիմություն բանավեճին եւ այս օրերին հանրապետության մարզերում իրականացվող նրանց համատեղ քարոզարշավին ու մտքերի բախմանը՝ Տաճատ Վարդապետյանն ասաց. «Գնահատական տալու ժամանակ դեռ կա ու այն կտա հանրաքվեն: Այն, որ նրանք համատեղ այցելում են հանրապետության մարզեր եւ առանց փողկապ միասին հանդիպում են մարդկանց, անգամ ինչ-որ մեկի հյուրընկալ հարկի տակ, դա արդեն դրական աուրա է ստեղծում: Թե իշխանությանը, թե ընդդիմությանը հավասար իրավունք է տրված արտահայտելու իրենց դիրքորոշումը եւ դրա արդյունքում ժողովուրդը դեկտեմբերի 6-ին իր որոշումը կկայացնի»:

Հարցին, թե մարդուն սահմանադրական իրավունքներն իրականացնելու հնարավորություն ընձեռելու համար առաջին հերթին քաղաքական կամք է հարկավոր, այլ ոչ թե թղթի վրա գրված օրենքի ինչ-որ փոփոխված տարբերակ, Տ. Վարդապետյանը պատասխանեց. «Մասամբ համաձայն եմ ձեր հարցադրմանը: Մենք նաեւ քաղաքական էվոլյուցիա ենք ապրում եւ այս փոփոխության անհրաժեշտությունը կա: Նույնիսկ ընդդիմադիրները, որոնք «Ոչ»-ի կողմնակիցներն են, ժամանակին իրենք նույնպես այն կարծիքն են արտահայտել, որ պետք է անցնել կառավարման պառլամենտական համակարգի: Սա քաղաքական կուսակցությունների, կառույցների դերի բարձրացում է: Համաձայն լինելով ձեր հետ՝ ասում եմ, որ սահմանադրական բարեփոխումները այդ քաղաքական կամքի դրսեւորում է: Միայն կառավարման մոդելը չէ, որ երկիրը դարձնում է դրախտավայր: Դրան պետք է զուգորդել քաղաքական կամքը: Եվ ես հաստատում եմ, որ մեր պետության կառավարման ամենաբարձր մակարդակներում այդ քաղաքական կամքը կա»:

Aravot.am-ի հարցին, թե «Հանրապետական» կուսակցությունը այս քարոզարշավի ընթացքում թեկուզ միջանկյալ վերլուծություն արե՞լ է, թե հանրությունն ավելի շատ բարեփոխումներին կո՞ղմ է, թե՞ դեմ, Տաճատ Վարդապետյանը պատասխանեց. «Ձեր հարցի հետ կապված պիտի «Այո»-ի կողմնակիցներին ավելի բարձր գնահատական տամ, քանի որ նրանք չեն խոսում ամբողջ ժողովրդի անունից: Իսկ իրականում, իմ հանդիպումների, մարդկանց, ազգականներիս, երկրակիցներիս հետ զրույցներում, տեսնում եմ, որ երբ այս բարեփոխումների իմաստը ճիշտ է մատուցվում, գերակշիռ մասն իմ կարծիքով «Այո»-ի կողմնակից է: Ի դեպ, «Վիրահայերի հայրենակցական միությունը», որի փոխնախագահն եմ, այս կիրակի ՄՀՀ-ում մեծ հավաք է կազմակերպելու, որտեղ իր վերաբերմունքը ու, կարծում եմ, դրական դիրքորոշումը կարտահայտի հօգուտ «Այո»-ի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30