Լրահոս
Օրվա լրահոսը

Ցերեկը՝ բանակցություններ ու բաժակաճառ, գիշերը` պատերազմ

Դեկտեմբեր 23,2015 13:30

Բեռնի հանդիպումը`
բաժակաճառով

Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացավ վաղուց սպասված Սարգսյան-Ալիեւ հանդիպումը: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2014թ. հոկտեմբերին Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ։ Այս ընթացքում ղարաբաղյան շփման գծում, հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը հասավ գագաթնակետին: Միջնորդները, որոնք խնդիր էին դրել եւս մեկ հանդիպում կազմակերպել, չէին թաքցնում, որ օրակարգի առաջնահերթ հարցը սրված իրավիճակի մեղմացումն է:

Վերջին մեկ տարվա լարվածության եւ հատկապես վերջին օրերին սահմանում տիրող իրավիճակի պայմաններում Բեռնի հանդիպման կազմակերպումն արդեն իսկ կարեւոր քայլ էր: Միջնորդներն իրենց աշխատանքը ցույց տալու, թեկուզ փոքր արդյունք հրապարակայնացնելու առիթը բաց չէին թողնում` բանակցությունների ընթացքի մասին լրատվամիջոցներին տեղեկություններ տրամադրելով:

Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը նախ անցկացվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, ապա ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առանձնազրույցի ժամանակ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում էր արել ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը` հրապարակելով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի լուսանկարը, որոնք համանախագահների հետ նստած էին թեյի սեղանի շուրջ: Ուորլիքը նշել էր. «Մինչ մենք սպասում էինք, որ նախագահներ Սարգսյանն ու Ալիեւը եզրափակեն իրենց առանձնազրույցը»:

Սարգսյան-Ալիեւ հանդիպումը շարունակվել էր մեկ ժամից ավելի՝ դարձյալ հայտնում էր Ուորլիքը, որից հետո նա տեղեկացրեց, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով որոշում է կայացվել շարունակել աշխատանքը խնդրի խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը եզրափակվեց 2016-ին ուղղված կենացով՝ աշխատելու բանակցային կարգավորման շուրջ»: Թե ինչ մթնոլորտում էին անցել բանակցությունները, իհարկե, ամերիկացի համանախագահը չհայտնեց՝ սահմանափակվելով դրական «նոտայի» վրա ներկայացնել գալիք 2016-ը, սակայն ԶԼՄ-ների առջեւ լուսանկարվելու դուրս եկած Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը բավական լարված տպավորություն էին թողնում, ինչպես նաեւ միջնորդները` բանակցությունների սենյակում:

Ալիեւը չի՞ համաձայնվում սահմանային միջադեպերի հետաքննությունների մեխանիզմի ստեղծմանը

Բեռնում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպման ավարտին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշեցին, որ գագաթնաժողովը նախագահներին հնարավորություն է տվել հստակեցնելու իրենց դիրքորոշումը առանձնազրույցի ժամանակ: «Նախագահները քննարկել են վերջին շրջանում տեղի ունեցած բռնությունների դեպքերն ու, մասնավորապես, մտահոգություն են հայտնել ծանր զինատեսակների կիրառմամբ պայմանավորված զոհերի (այդ թվում եւ քաղաքացիական անձանց շրջանում) առնչությամբ: Նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների՝ շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը, այդ թվում՝ հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն միտված առաջարկների մշակման աշխատանքին: Նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել ներգրավվածությունը համանախագահների՝ ներկայումս բանակցվող առաջարկների շուրջ: Նրանք նաեւ վերահաստատել են իրենց հանձնառությունը Մինսկի խմբի ձեւաչափին»:

Համանախագահների հայտարարության մեջ նորությունն այն է, որ նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների՝ շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը, այդ թվում՝ «հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն միտված առաջարկների մշակման աշխատանքին»: Ինչպես հայտնի է, մինչեւ վերջերս պաշտոնական Բաքուն համաձայնություն չէր տվել միջադեպերի հետաքննությունների մեխանիզմ կիրառելու վերաբերյալ առաջարկներին, եւ այս առումով կարելի է արձանագրել, որ միջնորդները շեշտել են, որ Ալիեւից հստակ պատասխան են ակնկալում: Իհարկե, հայտարարության մեջ առայժմ խոսվում է «առաջարկների մշակման աշխատանքի» մասին, ինչը, թերեւս, նշանակում է, որ Բաքուն դեռեւս հնարավորինս ձգձգում է այդ գաղափարի վերաբերյալ հստակ համաձայնություն տալ՝ բնականաբար, հասկանալի պատճառներով: Այս մեխանիզմի կիրառման արդյունքում Ադրբեջանի սադրիչ եւ դիվերսիոն քաղաքականության վրա ուղղակի լույս կսփռվի, դա է պատճառը, որ մինչ այժմ պաշտոնական Բաքուն չի պատասխանում` այս գաղափարի իրականացմանը կո՞ղմ է, թե՞ ոչ:

Նալբանդյանը փաստում է, որ կողմերի մոտեցումները չեն համընկնում, իսկ Մամեդյարովը հիշեցնում է 2014թ. Լավրովի այցերը Երեւան եւ Բաքու

Բեռնի բանակցություններից հետո ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ կողմերի մոտեցումները չեն համընկնում, եւ դրանում մեղադրել է Ադրբեջանին։ «Կողմերը արտահայտեցին իրենց մոտեցումները հիմնախնդրի կարգավորման տարբեր տարրերի, տարբեր սկզբունքների շուրջ, որոնք ներկայացված են եռանախագահների կողմից, եւ կարող ենք նորից վերահաստատել, որ ցավոք՝ մոտեցումները կողմերի մոտ չեն համընկնում։ Բայց այստեղ ոչ միայն Ադրբեջանի մոտեցումները չեն համընկնում ու մոտ չեն Հայաստանի մոտեցումներին, այլ նաեւ Ադրբեջանի մոտեցումները, կարող ենք ասել, չեն համընկնում եւ չեն համապատասխանում եռանախագահող երկրների առաջարկներին»։ Նալբանդյանը հայտնել է, որ բանակցությունների ժամանակ քննարկվել է սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հարցը, ինչի հետ կապված հայկական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ըստ ՀՀ ԱԳ նախարարի` համանախագահները պատասխանի են սպասում։ «Այսօր նույնպես նախագահները քննարկել են այդ մեխանիզմի ստեղծման առաջարկը, եւ վերահաստատվել է, որ հայկական կողմերը ներկայացրել են իրենց արձագանքն այդ առաջարկներին: Սեպտեմբերին էլ ՄԱԿ-ի ԳԱ շրջանակում Նյու Յորքում կայացած ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ եռանախագահները վերահաստատեցին, որ Հայաստանն ընդունել է, իսկ Ադրբեջանից սպասում են, որ նա էլ կընդունի: Այդ հարցը նորից արծարծվեց այսօր, եւ հուսով ենք, որ Ադրբեջանը վերջապես ինչ-որ այլ մոտեցում կցուցաբերի, որովհետեւ եթե մենք իսկապես ցանկանում ենք բանակցային գործընթացն առաջ շարժել, ուրեմն դրա համար պետք է ստեղծվի համապատասխան մթնոլորտ»,- նշել էր ՀՀ ԱԳ նախարարը: Վերջինիս խոսքով՝ եռանախագահներն այսօր առաջ են քաշել նաեւ սահմանային միջադեպերի հարցը։ «Այս տարվա հունվարից եռանախագահները շատ ուղղորդված եւ հասցեագրված հայտարարություններ ու կոչեր են արել, վերջինը՝ Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակում: Դրանում հստակ, շատ խիստ քննադատություն կար ծանր հրետանու եւ տարբեր տրամաչափի զենքերի օգտագործման իմաստով: Պարզ էր, թե ում է դա ուղղված,- ասել է Նալբանդյանն ու շարունակել:- Ադրբեջանը, դրան ի պատասխան, փաստորեն, ապտակ էր հասցրել եռանախագահներին ու ավելի սրել իրավիճակը: Ադրբեջանը գնաց նոր ու նոր տեսակի զենքերի օգտագործման: Սա է Ադրբեջանի պատասխանը միջազգային հանրության առաջարկներին»:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը դրական է գնահատել Բեռնում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումը` հավելելով, որ կողմերին կոչ է արվել 2016-ին ակտիվացնել հակամարտության կարգավորմանն ուղղված երկխոսությունը: Այնուհետեւ ընդգծելով, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կողմերին առաջարկներ է ներկայացրել՝ Մամեդյարովը հայտարարել է, որ այդ առաջարկներին աջակցում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրները. «Պատահական չէ, որ այդ քննարկումների հետ կապված՝ Լավրովը 2014-ին գործնական այցերով եղել է Երեւանում ու Բաքվում։ Այդ առաջարկների վերաբերյալ կարծիքներ են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները։ Այդ առաջարկները, ընդգրկելով 2014թ. Սոչիում, Նյու Պորտում եւ Փարիզում անցկացված հանդիպումների ժամանակ նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները, պատրաստվել են Մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Նորացված Մադրիդյան սկզբունքները, որոնք բաղկացած են 6 կետից, հայտնի են լայն հանրությանը։ Եկել է բազմակողմ խաղաղության համաձայնագրի նախապատրաստությունը սկսելու ժամանակը՝ հենված Մադրիդյան նորացված սկզբունքների վրա»։ Ապա Մամեդյարովն անդրադարձել է սահմանային միջադեպերի հետաքննությունների մեխանիզմի ստեղծման գաղափարին. «Ակնհայտ է, որ բանակցային գործընթացում կոնկրետ առաջարկների առկայության դեպքում դրանցից որեւէ մեկը չի արտացոլվում Հայաստանի հնչեցրած հայտարարություններում: Փոխարենը Հայաստանը տարբեր հնարքներ է կիրառում` օրակարգում ընդգրկելով, ասենք, շփման գծում միջադեպերի հետաքննության եւ մյուս երկրորդական հարցերը»:
Նախ՝ սա ոչ թե հայկական կողմի, այլ միջնորդների առաջարկն է, եւ դատելով Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններից՝ Բաքուն ամենեւին էլ հակված չէ ընդունել նշյալ գաղափարը, ինչն իր հերթին վկայում է այն մասին, որ պաշտոնական Բաքուն շարունակելու է սահմաններում լարվածությունը պահպանելու իր քաղաքականությունը:

Իսկ սահմանում ոչինչ չի փոխվում

Դեկտեմբերի 19-ի, 20-ի եւ 21-ի լույս գիշերը ԼՂ-ի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին շարունակվել են զինված բախումները: ԼՂՀ ՊՆ-ից հայտնում էին, որ հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ականանետերից, նռնականետերից, TR-107 տիպի հրթիռային կայանքից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: Դեկտեմբերի 20-ին եւ լույս 21-ի գիշերը հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 (236 արկ), 82 (155 արկ), 120 (23 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (4 արկ) եւ ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից, TR-107 տիպի հրթիռային կայանքից (24 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց: Շփման գծի հարավային (Հադրութ) ուղղությամբ կիրառել է նաեւ 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ (4 արկ):

ԼՂ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշել է, որ Ադրբեջանն աստիճանաբար ոչ միայն փոխում է իր նախահարձակ գործողությունների մարտավարությունը, այլեւ դրանցում կիրառվող ուժերն ու միջոցները. «Եթե սկզբնական շրջանում նա իր սադրանքներն իրականացնում էր դիպուկահարների եւ դիվերսիոն-հետախուզական խմբերի միջոցով, ապա 2015թ. մարտից գործողության մեջ դրեց տարբեր տրամաչափի ականանետային, իսկ ապա նաեւ հրթիռահրետանային եւ զրահատանկային միջոցներ, այդ թվում` 122 միլիմետրանոց Դ-20 տիպի հաուբից հրանոթներ, թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրետանային կայանքներ, տանկեր… Իսկ եթե ասվածին հավելենք նաեւ անցած տարվա նոյեմբերին հակառակորդի կողմից հայկական ուղղաթիռի խոցման դեպքը, ապա առավել քան պարզ կդառնա, որ ադրբեջանական կողմն ընտրել է հակամարտությունը ոչ թե խաղաղ բանակցությունների միջոցով հանգուցալուծելու, այլ իրավիճակը պատերազմականին մոտեցնելու ճանապարհը»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031