Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստան». Կարեն Անդրեասյանի հրաժարականն ակնհայտ դարձրեց ՄԻՊ ինստիտուտի անկարողությունը

Հունվար 14,2016 12:41

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականը 2015 թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքների կեղծման տրամաբանական հետևանքն է:

Հանրաքվեի կեղծումը ոչ միայն չլուծեց, այլև էլ ավելի խորացրեց Հայաստանում վերջին տարիներին հաստատված սահմանադրականության ճգնաժամը: Ընտրությունից ընտրություն տեղի ունեցող ընդդիմադիր քաղաքական ուժերի կամ Նախագահի թեկնածուների կողմնակիցների ընտրական իրավունքի ոտնահարումը տրամաբանորեն հանգեց ամբողջ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարմանը:

Հանրաքվեն կեղծողների դեմ պայքարող քաղաքացիների դիմադրությունը վարչախմբին հարկադրեց հրաժարվել կեղծ ժողովրդավարական շղարշից և բացահայտորեն ապավինել բիրտ ուժային ճնշումների կիրառմանը:

Վարչախմբի այս ինքնաբացահայտումը տեղի ունեցավ ինչպես սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի և քվեարկության ընթացքում կեղծարարների դեմ քաղաքացիների իրավաչափ դիմադրության, այնպես էլ հանրաքվեից հետո դրա արդյունքների կեղծման դեմ հետևողական բողոքի պայմաններում: Վարչախումբը ստիպված եղավ քաղաքացիների իրավաչափ գործողություններին արձագանքել ոստիկանական ուժերի զանգվածային ու անհամաչափ ներգրավմամբ և բացառապես դրա շնորհիվ կարողացավ զսպել բողոքը և արձանագրել հանրաքվեի՝ իր համար ցանկալի արդյունքներ:

Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականն ակնհայտ դարձրեց Հայաստանում կոռումպացված վարչախմբի կողմից քաղաքացիների իրավունքների ոտնահարումները զսպելու գործում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի անկարողությունը: Հարկ է ընդգծել, որ այս ինստիտուտի հիմնադրումը Հայաստանը Եվրոպայի խորհրդի կազմում ընդգրկելու կարևորագույն նախապայման էր:

Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականով մերկացավ այն իրողությունը, որ վարչախումբն իր հետագա գոյությունը պահպանելու համար որդեգրել է մարդու իրավունքների և ժողովրդավարական չափանիշների հետևողական անտեսումը:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031