Լրահոս
Օրվա լրահոսը

Պոպուլիստական հռետորաբանությունից հետո

Ապրիլ 04,2024 10:00

Վերջերս դիտում էի 2020 թվականի ամերիկյան մի սերիալ, որն իբր պատմում էր Ռուսաստանի թագուհի Եկատերինա Մեծի գահակալության սկզբի մասին: Ասում եմ՝ «իբր», որովհետեւ սերիալի հեղինակները չէին թաքցնում, որ պատմական փաստերի հետ սյուժեն առանձնապես կապ չունի: Պարզապես, կարելի է ասել, կատակերգական մելոդրամա էր 18-րդ դարի հագուստներով ժամանակակից ամերիկացիների մասին:

Բայց սյուժեի մի գիծ, իմ կարծիքով, ճշգրիտ ներկայացնում էր բոլոր ժամանակների պոպուլիստների հռետորաբանությունը: Դա «Պուգաչովի ապստամբության» նկարագրությունն էր, որը դարձյալ պատմական փաստերի հետ շատ քիչ առնչություն ուներ, սակայն «գլխավոր ապստամբի» ելույթները բնորոշ էին ընդհանրապես նման գործիչների համար:

Հիմնական թեզերն են՝ «մենք աղքատ ենք, նրանք հարուստ են», «մենք յուրային ենք, նրանք օտար են», «մենք կգանք իշխանության, ու կլինի հավասարություն եւ արդարություն»: Այդ թեզերը կրկնվում են մարդկության ողջ պատմության ընթացքում եւ ամենուր: Օրինակ, 1980-ականների երկրորդ կեսին Բորիս Ելցինն իր քաղաքական կարիերան սկսել էր կուսակցական ապարատի համար արտոնյալ բուֆետների եւ խանութների դեմ պայքարից:

Բայց երբ այդպիսի ճառեր արտասանողները գալիս են իշխանության, նրանք շատ արագ մոռանում են իրենց ասածները եւ մխրճվում են նույն ճոխ, արտոնյալ կյանքի մեջ՝ շրջապատված ծառաներով եւ «ախրաննիկներով»:

Մեր հեղափոխականները նույնպես ասում էին, որ 2018 թվականից նոր Հայաստան է լինելու՝ իրենք աշխատանքի են գնալու հեծանիվով եւ մետրոյով, Ազգային ժողովի այգին ժողովրդինն է, պետական հիմնարկները նույնպես ժողովրդինն են, որի ներկայացուցիչները կարող են այդ դռները ջարդել, իսկ իրենց՝ իշխանավորներին, կարելի է շարունակել դիմել անունով: Բայց ամեն ինչ վերջանում է նույն «նախկինների» ապրելակերպով, երբ նույնիսկ ՔՊ-ական գյուղապետն է «նվեր ստանում» 33 հազար դոլարանոց «Ռոլեքս» ժամացույց:

Այդ ամենը ես հիշեցի, երբ երեկ պատահաբար տեսա, թե ինչպիսի իրարանցում էր մի տեղ, որտեղ պետք է այցելեր ինչ-որ «բարձր նաչալնիկ». ինչպիսի խանդավառ ծառայամտության մեջ էին պարեկները, ոստիկանները եւ ԱԱԾ-ականները:

Չգիտեմ, գուցե այդ ամենը «պետական անհրաժեշտություն» է: Պարզապես պետք չէր ձեւեր թափել, որ իշխանության են գալիս «այլ նպատակներով»:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Այսօր աշխարհի ամենհզոր պետությունը չունի իր սեփական պետական փողը, այն նրա համար արտադրում է ինչ որ տեղական մասնավոր ֆիրմա, որն այդ երկրում մոնոպոլիստ է փողի արտադրության գործում , իսկ պետության հակամոնոպոլիստական պետական կառույցը ոչինչ չի անում այդ մոնոպոլիան վերացնելու եւ իսկական կապիտալիստական մրցակցային պայմանների համար պայմաններ չի ստեղծում: Միայն մոնոպոլիայի պայմաններում են հնարավոր տասնյակ տրիլիոնների պարտքերը: Կապիտալիստական ֆինանսական համակարգը կապիտալիստական չէ, այլ մոնոպոլիստական, սա կապիտալիստական պետությունների ժողովրդավարությունը դնում է կախվածության տակ այդ մոնոպոլիստներից: Ամեն մոնոպոլիա պետք է լինի կենտրոնացված եւ ոչ մի դեպքում մասնավոր անձնական: Կապիտալիստական սկզբունքներ ֆինանսների հարցերո՛ւմ:)

  2. Aha says:

    On a related note, remember the 7 commandments in George Orwell’s Animal Farm and how they were eventually edited to fit the evolving/maturing standards of the new leaders 😉

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930