Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղել է դեպք, հրշեջ մեքենան եկել է առանց ջրի». Շիրակի մարզպետը խստորեն քննադատեց հրշեջներին (Տեսանյութ)

Հունվար 21,2016 15:28

Այսօր Շիրակի մարզպետարանի դահլիճում ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան 2015 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությամբ:

Զեկույցների մեծ մասը թվախեղդ էին արված, լսելի չէին, հետաքրքիր շեշտադրումներ չէին պարունակում, նույնիսկ լրագրողները մի պահ իրար խառնվեցին, թե ինչպես լուսաբանեն այս իրադարձությունը, որ լսարանին հետաքրքիր լինի: Եղան լրագրողներ, որոնք կեսից հեռացան՝ այն համարելով ձանձրալի:

IMG_2056 IMG_2059

Լսելով բոլորի ելույթները՝ վերջում իր դիտողությունները ներկայացրեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Նա կոչ արեց տեխնիկապես պատրաստ լինել՝ մեջբերելով Գյումրու Լաչինի միջանցք կոչվող տարածքում տեղի ունեցած մեծ հրդեհը, երբ բնակարան այրվեց: «Մարդիկ խուճապի մեջ ընկան, որպեսզի դա չլինի, մարդիկ վստահ լինեն, որ իրենց փրկող կլինի այդ պարագայում, ես կուզենայի, որ մենք տեխնիկապես պատրաստ լինենք: Երկրորդ ծանր դեպքը Քարաբերդ գյուղի դաշտերի վառվելն էր, երբ որ գիշերը քամի է, ցորենի դաշտերն այրվում էին: Ես այստեղ չէի, բայց հիշում եմ, որ կապի մեջ էի նախարարության հետ, տարբեր տեղերի հետ, հրշեջ մեքենաները բերեցինք- հասցրեցինք Արթիկից, խնդրեցինք Թալինից: Դրան պատրաստ պետք է լինենք, դուք ինքներդ պետք է կազմակերպեք, որ չհասնի դրան.. Հրշեջ մեքենան գալիս է, ջուր չկա մեջը, ներողություն…»:

Հրշեջ ծառայության ղեկավարը նստած տեղից մատը թափ տվեց՝ ցույց տալով իր անհամաձայնությունը մարզպետին, որը չվրիպեց պարոն Ցոլակյանի աչքից: Մարզպետը ի պատասխան նրան, խիստ տոնով ասաց. «Եղել է դեպք, մատդ մի թափ տուր, մարդիկ եկել, ապացուցել են»:

Շիրակի մարզպետը գոհ էր փրկարարների աշխատանքից, որոնք ամեն ինչ արել են ճանապարհների ձմեռային պահպանման գործում, նորմալ աշխատել են ՝ առանց խնդիրներ ստեղծելու:

Ֆելիքս Ցոլակյանն այս հարցում շնորհակալ էր նաեւ ոստիկանությանը: Նա հրշեջ ու փրկարարական ծառայություններին հորդորեց հասարակական միջոցառումների ժամանակ ավելի ուշադիր լինել: «Ավելի անվտանգ է 200 հազար մարդը միտինգի ժամանակ փողոցում, քանի 1000 մարդը փակ տարածությունում միջոցառման ժամանակ», -ասաց մարզպետը՝ խնդրելով թատրոնում կամ այլ վայրերում հասարակական միջոցառումների ժամանակ շտապօգնությունից բացի փրկարարական ծառայության մասնակցությունը:

Շիրակի մարզպետն այս խոսքի վրա վերհիշեց Գյումրու ծերանոցում էլեկտրական ջեռուցիչից բռնկված հրդեհը՝ նշելով, որ հազար ու մի հարց կա, անընդհատ պետք է ուշադրությունը պահել ու լուծել ժամանակին հասնելու խնդիրը: Ի դեպ, մարզպետը խնդրեց՝ նեղանալ չլինի, պետք է արդյունավետ աշխատել:

Այս իրադարձությանը մասնակցում էր նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվեների գործակալության պետ Ս. Շահինյանը, որը բավարարեց գնահատեց շիրակցիների աշխատանքը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031