Լրահոս
Օրվա լրահոսը

Տանձի սերմերը` ճիճվաթափ միջոց

Փետրվար 01,2016 11:30

Վտանգավոր է ուտել կիսաեփ, վատ տապակած սնունդ

Հաճախ ճիճվային հիվանդությունները անվանում են անլվա ձեռքերի, կեղտոտ բանջարեղենի, վատ եփած սննդի հիվանդություն, միջատների հարեւանության արդյունք։ Այստեղ ուղիղ կապ կա մարդու կենսակերպի, կենցաղի, կուլտուրայի միջեւ։
Ասկարիդները կլորավուն որդեր են, հասուն փուլում մակաբուծվում են բարակ աղիքում, ապրում են այնտեղ մոտ մեկ տարի եւ հանդիսանում են մարդու համար բազմաթիվ վտանգավոր հիվանդությունների առաջացման պատճառ։

Ժապավենաձեւ որդերի առկայության նախանշաններն են` գունատ մաշկ, աչքերի տակ կապտություն, հոգնած հայացք, երբեմն թեթեւ հազ, սպիտակ լեզու, անկանոն կղանք, ախորժակի բարձրացում, գլխապտույտ, առատ թքարտադրություն, զկրտոց, գլխացավ, փորացավ։

ժապավենաձեւ որդերի մեջ հիմնականները համարվում են` սպառազեն երիզորդը (խոզի երիզորդ), անզեն երիզորդը` (եզան երիզորդ), լայնեզր ժապավենը։
Որդերի այս երեք տեսակները չեն կարող զարգանալ մեկ օրգանիզմում, նրանց անհրաժեշտ է միջանկյալ օրգանիզմ։

Ահա թե ինչու այդքան վտանգավոր է ուտել կիսաեփ, վատ տապակած սնունդ։ Կիսաեփ միս ուտելով մարդը կարող է ձեռք բերել հատկապես երիզորդեր։
Դրանցից ազատվելու եւ բնականոն կյանքով ապրելու համար ժողովրդական բժշկությունը իր տարբերակներն է առաջարկում:

Տանձի սերմերը օգտակար են իբրեւ գործուն ճիճվաթափ միջոց։
Տափակ եւ երկարավուն ճիճուների դեպքում անհրաժեշտ է պարբերաբար ուտել մեղրով ընկույզ։

chichu8-2

Որպես բուժամիջոց օգտագործվում է մեղրով դդմակորիզի շիլան։
Այն պատրաստվում է հետեւյալ կերպ. դդմի չորացրած սերմերը կճեպահանել` աշխատելով չվնասել բարակ, կանաչ սերմնաթաղանթը։ Հավանգի մեջ կորիզները ծեծել փոքր չափաբաժիններով, վրան կաթ-կաթ ջուր ավելացնելով։
Ստացված զանգվածը խառնել մեղրի հետ։

Ըստ արեւելյան բժշկության մասնագետ Հասմիկ Խաչատրյանի` մաքրած դդմի կորիզը կարելի է զուգորդել մեխակի (համեմունք) թուրմի հետ: Մեկ ամիս շարունակ 2 օր սոված փորին ուտել մաքրած դդմի կորիզներ` մոտ 35 հատ, հաջորդ օրը սոված փորին կումերով խմել մեխակի թուրմը: 15-18 հատիկ մեխակի հատիկները քնելուց առաջ լցնել 200 գրամ եռման ջրով լի բաժակի մեջ, փակել եւ առավոտյան օգտագործել:
Սխտորի թարմ հյութը մաքրում է օրգանիզմը ճիճուներից։ Խմել 10֊15 կաթիլ եռացրած-գոլացրած կաթով` օրը 2-3 անգամ` քաղցած վիճակում։

Քերել հինգ պճեղ սխտոր եւ եփել մեկ բաժակ կաթի մեջ, փաթաթել սրբիչով եւ թրմել մեկ ժամ։ Ընդունել մեկ թեյի գդալ` օրը երեք անգամ` քաղցած վիճակում։ Բուժման ժամկետը` յոթ օր։

Կարելի է նույն թուրմով կատարել բուժական հոգնաներ ճիճուների առկայության դեպքում, օրը մեկ անգամ, քնելուց առաջ։

chichu8-3

Ճիճուների դեպքում մանրացնել մեկ գլուխ սոխ կամ 1 սխտոր, թրմել մեկ բաժակ սառը ջրում ողջ գիշեր, բերանը ամուր փակած, հետո քամել։ Առավոտյան խմել այդ թուրմը քաղցած վիճակում` կում-կում։

Օրգանիզմում տարբեր տեսակի որդերի ոչնչացման համար, իբրեւ բուժամիջոց, օգտագործել ընկույզի յուղ` օրը երեք անգամ՝ ուտելուց 30-40 րոպե առաջ։
Բոլոր տեսակի ճիճուների դեպքում օգտակար է ծամել մեկ ճաշի գդալ հում բրինձ` դանդաղորեն այն կուլ տալով։

Սեխի սերմերի ջրային եւ սպիրտային թուրմը հակաճիճվային լավ միջոց է։
Սերմերի ջրային թուրմն օգտագործում են նաեւ որպես միզամուղ միջոց` երիկամների հիվանդության դեպքում։

Երկու ճաշի գդալ չորացրած, մանրացրած սեխի սերմերի վրա ավելացնել 0,5 լիտր եռման ջուր, փաթաթել, 3 ժամ թրմել, քամել։

Ամբողջ բաղադրությունն ընդունել օրվա ընթացքում` որպես թեյ։

Սպիրտային թուրմ. 150 գրամ չորացրած, մանրացրած սերմի վրա լցնել 0,5 լիտր սպիրտ, թրմել սենյակային ջերմաստիճանում մութ տեղում` երեք շաբաթ։ Ժամանակ առ ժամանակ թափահարել, քամել, օգտագործել 20-25 կաթիլ` օրը երեք անգամ՝ ուտելուց առաջ։

chichu8-4

Սրատուտները (օստրիցա) վերացնելու համար հոգնա են անում սխտորից պատրաստած թուրմով։

Աղիքային կլոր որդերից ազատվելու համար խորհուրդ է տրվում. մեկ ճաշի գդալ ընկուզենու չորացրած տերեւների վրա լցնել մեկ բաժակ եռման ջուր, ամանը փաթաթել սրբիչով եւ թրմել երկու ժամ։ Քամելուց հետո ընդունել օրը 3-4 անգամ, մեկական թեյի գդալ։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
30.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29