Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ-ն ընդդեմ ՀՀ կառավարության

Հուլիս 03,2026 13:00 Share

Դեռ երկու տարի առաջ («Դատի են տալիս ՀՀ կառավարությանը», «Առավոտ» օրաթերթ 10.09.2024) անդրադառնալով այս գործին նաեւ, նշել էինք. «Արդյո՞ք կառավարությունը իրավասու է գաղտնի պահել տեղեկությունները, կիրանցիներին տրվող փոխհատուցման գումարը որքանո՞վ է համաչափ, արդյո՞ք նույն գործընթացը չի սպառնում սահմանամերձ այլ բնակավայրերի բնակիչներին»։

2024 թ. օգոստոսի 1-ի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի դատավոր Օքսանա  Դիլբանդյանի վարույթ է ընդունվել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակ ՀԿ-ի հայցադիմումն ընդդեմ կառավարության: Հրավիրվել էր նախնական դատական նիստ: 2024 թ. օգոստոսի 29-ին պատասխանողը ներկայացնում է հայցադիմումի պատասխան:
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությունը խնդրում է պարտավորեցնել պատասխանող ՀՀ կառավարությանը կատարել գործողություն, այն է՝ հայցվոր «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությանը տրամադրել ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 20-ի թիվ 723-ԱԳ որոշումը: Հետագայում տեղեկանում ենք, որ 2025թ. ապրիլի 2-ին «Դատավոր Օքսանա Դիլբանդյանի բացակայության կապացությամբ գործը 2025 թվականի մարտի 25-ին մակագրվել է դատավոր Կարեն Զարիկյանին»։

Իսկ ինչ որոշում է դա։

Հիշեցնեմ, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանագծման հետևանքով ադրբեջանական կողմին անցած հողամասերի, տների, գույքի դիմաց ՀՀ կառավարությունը նախատեսում է տրամադրել համարժեք փոխհատուցում։

2024թ. մայիսին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր. «Դա գաղտնի որոշում ա, գաղտնի որոշումները չեն հրապարակվում, ինչու ա որոշումը գաղտնի, որովհետև ինքը պետական սահմանի սահմանազատման հետ կապված հարցեր են»։

Կառավարությունը գաղտնի էր պահում, մասնավորապես, Տավուշի մարզում «փոխհատուցման» մասին հետևյալը. այդ որոշումը կյանքի պիտի կոչվեր, եթե կիրանցիները ստորագրեին հետևյալ ձևաթուղթը. «ՀՀ կառավարության 20.05.2024 թվականի թիվ 723-ԱԳ որոշման համաձայն…խնդրում եմ…հասցեում գտնվող …կադաստրային ծածկագրով գույքի դիմաց ինձ տրամադրել փոխհատուցում։ Խնդրում եմ փոխհատուցման գումարը փոխանցել…բանկային հաշվեհամարին։ Հաստատում եմ, որ փոխհատուցման ենթակա գումարը ստանալու դեպքում հրաժարվում եմ բոլոր գույքային և ոչ գույքային հնարավոր պահանջներից Հայաստանի Հանրապետության նկատմամբ»։

Այս ձևաթղթով անձը լիազորում էր մարզպետարանի աշխատակազմին իր անունից դիմում  ներկայացնել Կադաստրի կոմիտե, տվյալ հասցեում գտնվող գույքի նկատմամբ իրավունքի դադարեցման պետական գրանցում կատարելու համար։

«Առավոտին» հայտնի դարձավ, որ նախնական դատական նիստը նշանակվել է այս տարվա նոյեմբերի 24-ին։

«Առավոտ» օրաթերթ
02.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել