Մինչ ՍԴ-ն կհրապարակի հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումը, «Առավոտը» զրուցեց Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանի հետ։
-Պարոն Բալայան։ Սահմանադրական դատարանում ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու քննարկմանն, անշուշտ, հետեւել եք։ Ընդհանուր առմամբ ի՞նչ տպավորություն եք ստացել եւ ի՞նչ գնահատական կտաք այդ գործընթացին։
-Ընդհանուր տպավորությունս այն է, որ այսօրվա Սահմանադրական դատարանը լեգիտիմ կազմավորված չէ, ձեւավորվել է հակասահմանադրական ճանապարհով։ Այդ իսկ առումով, ես սպասումներ չունեմ։
-Քննարկումների ընթացքում պատասխանող կողմի եւ երրորդ անձի ներկայացուցիչները, մասնավորապես, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, հայտարարում էին, որ ընտրությունների անվավերության համար հիմքեր չկան։ Այսինքն, վիճարկող կողմի բերած հիմնավորումները դրա համար բավարար չէին։
Կարդացեք նաև
-Ինձ համար, ճիշտն ասած, զարմանալի է, որովհետեւ ավելի քան հիմնավոր էին։ Միայն այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ սկզբից 100 %-ով, որ ընդդիմությունը ձայներն ստացել է կաշառքով, հետո դարձրեց 70 %, միայն այդ փաստը բավարար է, որպեսզի ամբողջ ընտրությունների արդյունքը անվավեր ճանաչվեր։ Այդպիսի իշխանական ռեսուրսների օգտագործումը՝ անսահմանափակ, ոչ օրինական ճանապարհով կառավարության կողմից ժողովրդահաճո որոշումներ կայացնելը։ Ինչ է նշանակում թոշակների բարձրացումն առանց բյուջեով նախատեսված արարողակարգի։ Դա արդեն օրենքի կոպիտ խախտում է։ Բազմաթիվ են փաստերը։ Ու փաստերը, որ մեջբերվեցին Սահմանադրական դատարանում ընդդիմության կողմից, տեղի ունեցածի մի չնչին մասն են միայն։ Էլ չեմ ասում զինվորականներին պտտացնելու հանգամանքը։ Ի վերջո, կան զինվորականներ, որոնք իրենց ծնողներին զանգել, ասել են, թե ինչքան են պտտել տարբեր ընտրատեղամասերում, բայց ասել են, որ դրա մասին կարող են փաստեր ներկայացնել միայն ու միայն զորացրվելուց հետո։
-Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ընդդիմությունը 70 % ձայներն ստացել է ընտրակաշառքով, դա նշանակում է, որ ընտրություններն ընթացել են տոտալ ընտրախախտումներո՞վ: Հետեւաբար, ընտրությունների արդյունքներն ըստ Նիկոլ Փաշինյանի է՞լ պետք է անվավեր ճանաչվեն։
-Այո, իհարկե։ Այսինքն, ԿԸՀ-ն եւ ՍԴ-ն միանշանակ պետք է չեղյալ համարեին ընտրությունների արդյունքները եւ նշանակեին նոր ընտրություններ։ Բայց այս Սահմանադրական դատարանից սպասել նման որոշում, ինձ թվում է՝ տեղին չէ։ Կան մարդիկ, որոնք գիտակցում են, բայց այդ մարդիկ մեծամասնություն չեն կազմում։
-Մեր զրույցի սկզբում ասացիք, որ ՍԴ-ն լեգիտիմ կազմավորված չէ։ Այնտեղ հայտնված ներկայիս դատավորների, ասենք, Սեդա Սաֆարյանի մասին ի՞նչ կասեք։
–Եկեք փորձենք հասկանալ՝ Սեդա Սաֆարյանը ինչպես է հայտնվել Սահմանադրական դատարանում։ Ի վերջո, սահմանադրական պահանջ է, որ անձը պետք է ունենա բարձրագույն որակավորում, եւ անձը լինի հանրահայտ։ Սեդա Սաֆարյանը, բացի մարտի 1-ի գործով որպես փաստաբան մասնակցելուց, ի՞նչ հանրահայտություն կամ բարձր որակավորում ունեցող փաստաբան է եղել։ Սկսենք այդտեղից։ Իսկ նրա տված հարցը՝ կապված Ռուսաստանի միջամտելու հետ, հարց չէր, այլ տեսակետ էր, արդեն օրենքի կոպիտ խախտում էր։ Սահմանադրական դատարանի անդամը իրավունք ունի տեսակետ հայտնելու միայն մի տեղ՝ խորհրդակցական սենյակում։ Այլ տեղ չի կարող, իրավունք չունի տեսակետ հայտնելու։ Իսկ նա տեսակետ հայտնեց իբրեւ հարց տալու ժամանակ։
Չեմ կարող ասել, որ ՍԴ-ում բարձր որակավորում ունեցող դատավորներ չկան։ Կան եւ որակավորման տեսակետից քիչ չեն որպես իրավաբան։ Բայց քաղաքական տեսանկյունից այդ հարցին պատասխանել դժվարանում եմ։ Որովհետեւ արդյո՞ք անկաշկանդ են։
Այսօրվա Սահմանադրական դատարանից որեւէ ակնկալիք չունեմ, որովհետեւ մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվածներ են։ Եվ բնական է՝ ինչի համար են նշանակվել։
-Երեւի նաեւ հաշվի առնելով այն, որ բոլորովին վերջերս, ըստ տեղեկությունների, ՍԴ դատավորների աշխատավա՞րձն է բարձրացվել։
-Ես կարծում եմ՝ դա ամենայն լրջությամբ պետք է հետազոտվի։ Դա կաշառք է դատավորներին։ Այլապես, ո՞վ է տեսել ՍԴ-ում գործ քննվելու ժամանակ վերցնեն եւ ՍԴ դատավորի աշխատավարձը բարձրացնեն։ Սա ամենակոպիտ խախտումն է։
-Բայց բարձրացվել է մեկ-երկու ամիս առաջ։
-Հասկանալի չէ՞ր, ո՞ւմ համար պարզ չէր, որ դիմելու են։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.07.2026


















































