Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆելիքս Ցոլակյանը չի՞ պատրաստվում իր աթոռը զիջել դաշնակցականներին

Փետրվար 02,2016 17:27

Նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հանդիպումից առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ Շիրակի մարզպետին կփոխարինեն դաշնակցական կադրով, իսկ գեներալ Ֆելիքս Ցոլակյանին կվերադարձնեն Ազգային անվտանգության ծառայություն, այս անգամ, սակայն, ոչ թե որպես տեղակալ, այլ ղեկավար: Նրան կնշանակեն ԱԱԾ-ի թոշակի գնացող պետ Գորիկ Հակոբյանի փոխարեն:

Այս տեղեկությունը բավական սթրեսային իրավիճակ է ստեղծել Շիրակի մարզում. այստեղ տեւական ժամանակ՝ 2003-2007 թվականներին իշխել է ՀՅԴ-ն, մարզպետը Ռոմիկ Մանուկյանն էր:

Նշենք, որ այդ ժամանակահատվածում մարզի դպրոցներն ու հիվանդանոցները դաշնակցականացվեցին, մարզի պաշտոնյաներից շատերին ՀՅԴ-ական էին դարձնում, իսկ Ռոմիկ Մանուկյանի՝ ոտքը քաշելուն պես, բոլորը «դաշնակաթափ» եղան:

Ռոմիկ Մանուկյանի պաշտոնավարման ժամանակահատվածը աչքի ընկավ նաեւ Գյումրու՝ այդ ժամանակվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ կոնֆլիկտներով: Բանը հասավ նրան, որ վերջիններիս փոխհարաբերությունները ազդեցին երկու կառույցների համատեղ աշխատանքի վրա. ոչ միայն մարզպետն ու քաղաքապետը միմյանց չէին բարեւում, այլ փոխադարձ շփումներից սկսել էին խուսափել երկու կառույցների պաշտոնատար անձինք: Ի դեպ, այս մասին «Առավոտ»-ը օրաթերթը ժամանակին արձագանքել է՝ համապատասխան փաստեր, օրինակներ մեջբերելով:

Ամենայն հավանականությամբ սա է պատճառը, որ Շիրակի մարզի ու հատկապես Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներից շատերը երեկվանից խուճապահար զանգահարում են մեզ՝ հետաքրքրվելով, թե իրակա՞ն են այդ խոսակցությունները, չլինի՞ Ռոմիկ Մանուկյանին նորից վերադարձնեն: Մարզպետարանի աշխատակիցներից շատերի բնութագրելով, ՀՅԴ-ն Շիրակի մարզում չունի համապատասխան թեկնածու, որը կարողանա մարզպետ աշխատել՝ առանց ինտրիգներ ստեղծելու:

Aravot.am-ը Շիրակի գեներալ մարզպետից հետաքրքրվեց, թե ի վերջո որքանո՞վ են իրական իր պաշտոնի շուրջ պտտվող խոսակցությունները, ինչպե՞ս կմեկնաբանի դրանք, Ֆելիքս Ցոլակյանն ասաց. «Եթե չկա նման բան, ի՞նչը մեկնաբանեմ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29