Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենիա» տեղափոխված հիվանդը բուժօգնության փոխարեն ծեծվել էր ոստիկանների եւ անվտանգության աշխատակիցների կողմից

Փետրվար 19,2016 14:00

Շտապօգնության մեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվում Հարություն Մկրտչյանը: Թունաբան-բժիշկ Միքայել Գաբրիելյանն Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որպես վկա հարցաքննվելիս, ասաց, որ հիվանդի վրայից թեթեւ ալկոհոլային հոտ էր գալիս: Այդ թեթեւ ալկոհոլային հոտով էլ ախտորոշվում է՝ ալկոհոլային թունավորում:

Սակայն բուժօգնության դիմած Հարություն Մկրտչյանը եւ նրա ընկերը՝ Արգիշտի Գոմցյանը, ստանում են համապատասխանաբար 20 եւ 10 մարմնական վնասվածքներ, տուժում են նաեւ 3 ոստիկանները, որոնք փորձում են կարգի հրավիրել հիվանդին, նրա ընկերոջը:

Վերակենդանացման բաժնի աշխատակից, վկա Ալվարդ Պողոսյանը, որը դատարան էր հրավիրվել Հարություն Մկրտչյանի եւ Արգիշտի Գոմցյանի դեմ հարուցված քրեական գործով, ի սկզբանե ասաց, թե ոչինչ չի հիշում, խնդրեց, որպեսզի դատախազ Էդգար Արամյանը հրապարակի իր նախաքննական ցուցմունքը:

Քրեական գործը հինգ հատոր է, երիտասարդները մեղադրվում են խուլիգանության, բուժհիմնարկի գույքը վնասելու համար:

dat

Մինչ կհրապարակվեր վկայի նախաքննության ժամանակ տրված ցուցմունքը, փորձ արվեց հարցերի միջոցով տեղեկանալ դեպքի մանրամասներին: Ալվարդ Պողոսյանն ասաց, որ իրենց՝ վերակենդանացման եւ սուր- թունավորման բաժանմունքների միջեւ առկա տարածությունը բավական մեծ է, եւ նա չի կարողացել լքել իր բաժինը, քանի որ հիվանդները տասից ավելի էին: Մեղադրող Արամյանի հարցին, թե արտառոց դեպքերը հաճա՞խ էին լինում բուժհաստատությունում, վկան ասաց՝ ոչ: Ըստ նրա՝ միակ արտառոցը եղել է սա՝ «բալոնի» գործը: Նա հիշեց, որ իր տարածքում՝ «քառակուսու» մոտ, եկավ մեկը, եւ գցեց հատուկ հարմարանքի մեջ գտնվող թթվածնի բալոնը: «Չեմ կարող ասել՝ վազելո՞վ էր գալիս, մենա՞կ, ինչո՞վ, մե՞րկ էր, կիսամե՞րկ»,- շարունակեց նա:

Հարություն Մկրտչյանի պաշտպաններից Սերգեյ Աբրահամյանի հարցին, թե հնարավո՞ր էր, որ բալոնը նա վերցներ, բուժքույրն ասաց, որ հնարավոր չէր, քանի որ բալոնը ծանր է, այնպես, ինչպես տներում նախկինում առկա գազի տարաներն էին:

Երբ հրապարակվեց վկայի՝ նախաքննության ժամանակ տրված ցուցմունքը, պարզվեց, որ վկան լսել է աղմուկի ձայներ, որը շարունակվել է մոտ 15 րոպե. «Կիսամերկ գալիս էր հիվանդը մեր բաժանմունքի կողմը: Անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ էր տալիս, գցեց սայլակը, հարվածներ էր տալիս աջուձախ, թե ում, քանի հատ, չեմ կարող ասել»:
Հարվածները ուղղված են եղել անվտանգության եւ ոստիկանության աշխատակիցներին:
«Ինքը ադեկվատ չէր, տիրապետում էր անբնական ուժի»,- ասաց բուժքույրը: Ի դեպ, բուժքույրը հավանաբար չգիտեր, որ հիվանդը եղել է «Մարտ առանց կանոնների» մարզաձեւի տիտղոսակիրներից մեկը:

Սուր թունավորման բաժնի բուժքույր Ռուզաննա Դիլանյանն ասաց, որ հիվանդին կաթիլային է միացրել: Հինգ րոպե չանցած՝ հիվանդն անջատել է կաթիլայինը թեւից, «երկաթե շտատիվով» սպառնացել բժշկին՝ Գաբրիելյանին եւ անվտանգության աշխատակցին: Նա, ըստ վկայի, հայհոյելով, կիսամերկ գնացել է բուժհիմնարկի «վերջը»՝ վերակենդանացման բաժնի ուղղությամբ:

Achapnyak_dataran

Այս վկան նաեւ ասաց, թե երբ նրա ընկերը եկավ, Հարությունը հանգիստ պառկած էր սայլակին, սակայն նրա ականջին մի երկու բառ խոսելուց հետո, ինչը չի լսել, նորից բռնկվեց, սկսեցին աջուձախ հարվածել:

Հարություն Մկրտչյանի պաշտպան Վահագն Մանուկյանի հարցին, թե ինչպես են բաժանմունք բերել հիվանդին, բուժքույրն ասաց, որ չի իմանում, նա Հարությունին տեսել է պառկած, շորերը հանած վիճակում: Հաջորդ հարցին, թե հիվանդն արդյոք վիճաբանություն ունեցե՞լ է բուժքրոջ հետ, վկան բացասական պատասխան տվեց:

Ամբաստանյալ Արգիշտի Գոմցյանի պաշտպան Խաչատուր Խաչատրյանի հարցին էլ, թե տեսե՞լ է՝ ում են հարվածել Հարությունն ու իր պաշտպանյալը, վկան ասաց, թե ձեռքերով ու ոտքերով հարվածում էին, չգիտեի ում:

Ի դեպ, ոստիկանության աշխատակիցները, որոնք հրավիրվել են ահազանգով, եղել են համազգեստով:

Պաշտպանական կողմի հարցին, թե վկան տեսե՞լ է, որ ոստիկաններից մեկի ծնոտն ինչպես է կոտրել, վկան պատասխանեց, թե չի տեսել:

Բժիշկ-թունաբան Մ. Գաբրիելյանը հաստատեց, որ հիվանդանոց բերված Հարությունին իրենք չեն կարողացել բուժօգնություն ցույց տալ լիովին, եւ որ նա հիվանդանոց է ընդունվել առանց վնասվածքների:

Բժշկի նկարագրածով, դեպքը տեղի է ունեցել 15-20 րոպե տեւողությամբ: Ըստ նրա, ոստիկանները փորձում էին հանգստացնել հիվանդին, քանի որ կաթիլայինի միացումից հետո նա դարձավ ագրեսիվ:

Արգիշտի Գոմցյանի պաշտպանը հրապարակեց մի նույնանման դեպք, երբ կաթիլայինի միացումից հետո նույն բուժհիմնարկում վիճաբանություն էր եղել հիվանդի եւ բուժանձնակազմի միջեւ: Նրան հետաքրքրում էր, թե ինչո՞ւ է կրկնվել նույն այս դեպքը, արդյոք պարտադի՞ր էր նման նշանակումը, հնարավոր է, որ ռեակցիա է առաջացել հիվանդի մոտ, նրան անհրաժեշտ չէր նման նշանակումը:

Բժիշկն ասաց, որ կաթիլայինն անվնաս է, օրգանիզմում արյունը մաքրելու համար է:
Հրապարակվեց այս վկայի նախաքննության ժամանակ տված 2014թ. սեպտեմբերի 27-ի ցուցմունքը: Ըստ ցուցմունքի, երբ ընկերը Հարությունի ականջին ինչ-որ բան է շշնջացել, երկուսով հարվածներ են սկսել տալ անվտանգության եւ ոստիկանության աշխատակիցներին: Նրանցից ով ում ինչքան հարվածներ է հասցրել, վկան չի կարողացել ասել: Ուշադրության արժանի է այն, որ հիվանդը ոստիկանների կողմից տարվել է հիվանդանոցից՝ բուժօգնություն չստացած:

Դատավոր Վարդան Աբրահամյանը տուժողներից երկուսի՝ անվտանգության աշխատակիցներ Վրեժ Ղուլյանի եւ Գեւորգ Մարտոյանի, ինչպես եւ ոստիկան Դավիթ Վահանյանի նկատմամբ կայացրեց բերման ենթարկելու որոշում:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 24-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.- Հարություն Մկրտչյանը կալանավորված է, իսկ Արգիշտի Գոմցյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավը:
Նկարները՝ հեղինակի

 

«Առավոտ» օրաթերթ
18.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29