Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար. Մթերումների հետ կապված հարցերում դեռևս առկա են լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն

Մարտ 11,2016 14:09

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` ոլորտի ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էր «Կաթնամթերք արտադրողների միության» նախագահ Խաչատուր Պողոսյանը:

«Գյուղատնտեսության զարգացումն առանց վերամշակող ճյուղի անհնար է պատկերացնել, սակայն այս ոլորտում՝ հատկապես մթերումների հետ կապված հարցերում դեռևս առկա են լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն», – իր խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Այս համատեքստում նախարարն առաջին հերթին կարևորել է մթերման գործընթացի ճիշտ կազմակերպումը և համապատասխան հաշվարկների իրականացնելուց հետո կաթի մթերման խելամիտ նվազագույն գնի սահմանումը, որը պետք է լինի շահավետ թե’ մթերող կազմակերպությունների և թե’ տնտեսվարող սուբյեկտների համար։

Միաժամանակ Սերգո Կարապետյանը ընդգծել է արտադրվող կաթնամթերքի՝ մասնավորապես պանրի տեսականու դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, որը կարող է մեծ պահանջարկ ունենալ Եվրասիական տնտեսական միության շուկայում:

Անդրադառնալով մթերված կաթի դիմաց ֆերմերային տնտեսությունների նկատմամբ առկա պարտավորությունների կատարման խնդրին` նախարարը հորդորել է նաև հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել մթերված ապրանքի դիմաց վճարումների իրականացումը:

Տեղեկացնելով, որ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (CARMAC) ծրագրերի շրջանակում հանրապետությունում արդեն իսկ ձևավորվել է շուրջ 150 կոոպերատիվ՝ նախարարը շեշտել է, որ պետական աջակցության ծրագրերն այսուհետ ուղղվելու են կոոպերատիվների զարգացմանն ու ընդլայնմանը: Այս համատեքստում նախարարն առաջարկել է վերամշակող ընկերություններին մթերումներն իրականացնելիս ակտիվորեն համագործակցել այդ կոոպերատիվների հետ` նրանց հետ համապատասխան պայմանագրեր կնքելու միջոցով:

Խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է ընթացիկ տարվա կաթի մթերումների կազմակերպման նպատակով կազմված օրինակելի պայմանագրերի ձևը, որով կամրագրվեն կաթի մթերման գնի նվազագույն շեմը և վճարման ժամկետները: Պայմանագրի օրինակելի ձևն արդեն քննարկվել է մի շարք գերատեսչությունների հետ և առաջիկայում ներկայացվելու է ՀՀ կառավարության հաստատմանը:

Հանդիպմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները` համոզմունք հայտնելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ուժերով հնարավոր կլինի գտնել այդ հարցերի լուծման ուղիները:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031