Լրահոս
Օրվա լրահոսը

Երիկամը վաճառելու գործով քննիչը հանցակազմ չտեսավ

Մարտ 17,2016 13:30

«Առավոտում» տեղեկացրել էինք, որ Հատուկ քննչական ծառայությունում էր
գտնվում Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ Ա.Ա.-ի դիմումը

Այն կապված էր դիմումատուի կողմից իր երիկամը վաճառելու պատմության հետ:
Երիկամը վաճառելուց հետո գնորդը գումարը չի տալիս, խաբում է գյուղաբնակ արարատցուն: Հատուկ քննչական ծառայությունն էլ հանցակազմ չտեսնելով՝ որոշում է կայացնում քրեական գործը կարճելու մասին: Դիմումատուի ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Գրիգորյանը, երեկ «Առավոտին» ասաց, որ ուսումնասիրել է կարճման որոշումը, այն բողոքարկելու է գլխավոր դատախազին:
Այս գործի նախապատմությունը սկսվում է նրանից, երբ Ա.Ա.-ն ֆինանսական ծանր վիճակից դրդված՝ տալիս է հայտարարություն իր երիկամը վաճառելու մասին: Հայտարարությանն անմիջապես արձագանքող Փ.-ն վաճառվող երիկամը պետք է գներ Գերմանիայում բուժվող հոր համար: Պայմանավորվածության համաձայն՝ Փ.-ն պարտավորվում է վճարել 28.000 ԱՄՆ դոլար գումար, խոստանալով նաեւ Ա.Ա.-ի մոտ առողջության հետ կապված խնդիրներ ծագելու դեպքում օգնել նրան:

Ա.Ա.-ն որոշումն իրականացնելուց առաջ խորհրդակցում է մասնագետների հետ, որոնք նրան խորհուրդ չեն տալիս, ասելով, թե տեսողությունդ կկորցնես:

Այս մասին նա տեղեկացնում է գնորդին, որն էլ հայտնում է, թե մեծ գումարներ են ծախսել, Գերմանիայում սպասում են փոխպատվաստմանը, եւ չեն կարող լսել որեւէ պատճառաբանություն:

Ա.Ա.-ն մեկնում է Գերմանիա: Վիրահատության համար Փ.-ի ընտանիքը նրան վճարում է 18.000 ԱՄՆ դոլար: Երբ 10 000 դոլարն է պահանջում, եւ վեճը հասնում է իրավապահ մարմիններ, երիկամը վաճառողի նկատմամբ սուտ մատնություն անելու հիմքով հարուցվում է քրեական գործ:

Լիանա Գրիգորյանն «Առավոտին» ասաց, որ այդպես էլ հանցակազմ չեն տեսնում այն դեպքում, երբ առկա է առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու փաստը, երբ օրենքով արգելվում է մարդու օրգանների առք ու վաճառքը, երբ Ա.Ա.-ն տեսողությունը իսպառ կորցնելու խնդիր ունի: Եվ բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն՝ «հանցագործություն է շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաեւ մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձեւերով, առեւանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով»:
Քրեորեն պատժելի է նաեւ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելը:

Ա.Ա.-ն պատրաստ է պատասխանատվություն կրել իր երիկամը վաճառելու համար, սակայն պատասխանատվություն պիտի կրի նաեւ այն գնորդը, որն օգտվելով իր նյութական ծանր վիճակից, խաբելով, խոստումներով ստիպել է իրեն գնալ այդ հարկադիր քայլին:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031