Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գասպարիի գործ. Դատավորին՝ «Տպավորությունն այն է, որ Ձեզ մոտ իրավիճակը աֆեկտային է» (Տեսանյութ)

Մարտ 22,2016 13:32

Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ մարտի 22-ին շարունակվում էր Վարդգես Գասպարիի գործով դատական նիստը:

Վարդգես Գասպարիի պաշտպանները դատական նիստին ուշացումով էին ներկայացել, այդ պատճառով Նելլի Բաղդասարյանը խնդրեց նրանց սովորություն չդարձնել ուշանալը: Տիգրան Եգորյանը պատասխանեց նրան. «Սովորությունների մասով նման գնահատական տալ Ձեզ թույլ մի տվեք»: Դատավորը հայտարարեց, որ Տիգրան Եգորյանը իրավունք չունի դիտողություններ անել դատարանի դահլիճում եւ իր արած դիտողությունները չեն ընդունվում եւ հորդորեց կոռեկտ պահել: Եգորյանն էլ հորդորեց դատավորին չվիրավորել դատավարության որեւէ մասնակցի: Դատարանը պաշտպան Տիգրան Եգորյանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նախազգուշացում:

Տիգրան Եգորյանը ներկայացրեց դատարանին ինքնաբացարկի մասին միջնորդությունը. «Դուք փորձել եք Գասպարիին հրամցնել իր կողմից չպահանջված հանրային պաշտպանի իրավական օգնությունը, այն պայմաններում, երբ նա դրա կարիքը չի ունեցել: Ընդհակառակը՝ Վարդգես Գասպարին ունեցել է երեք պաշտպան, եւ որոնք իրենց հերթին երբեք չեն հրաժարվել Վարդգես Գասպարիի շահերի պաշտպանությունից: Պետք է փաստել, որ բացի այն հանգամանքներից, որ Գասպարին չի հրաժարվել մեր ծառայություններից, նաեւ պարբերաբար պահանջել է մեր ծանուցումները, որպեսզի մենք հնարավորություն ունենանք մասնակցել իր շահերի պաշտպանությանը»:

Gaspari_dat_2

Բացի այդ, ըստ միջնորդության, դատարանը հետեւողականորեն արհամարհել է պաշտպանին, իր հայտարարությունները փորձում էր կտրել, անտեսել. «Այդ վարքագիծը որդեգրեցիք այն բանի համար, որ սրբագրեիք այն սխալը, որով ինձ թվում է մեծամտաբար, երբ մենք հեռանում էինք դատարանի դահլիճից մեր վստահորդի հետեւից, հայտարարեցիք ոչ թե մենք ենք հեռանում, այլ Դուք եք մեզ հեռացնում: Ինչը, իհարկե՛, միգուցե անլուրջ պատանեկան պահվածքից բացի լուրջ դատավարական խախտում է: Մասնավորապես՝ Դուք նախորդ նիստերից մեկի ընթացքում ի պատասխան Գյուրջյանի հարցի հայտարարել էիք, որ դատարանը մեզ չի հեռացրել: Այս ծիծաղելի իրավիճակից դուրս գալու համար մտածել էիք այն սխեման, որի համաձայն Դուք հայտարարել էիք, որ Վարդգես Գասպարին է մեզնից հեռացել, եւ եթե մենք ցանկանում ենք նորից ներգրավվել, ապա Գասպարին պետք է հայտարարի, եւ դատարանը համապատասխան որոշում կայացնի»:

Տիգրան Եգորյանը նշեց, որ դատարանը չնայած, որ երկու տարի է՝ նիստը շարունակվում է, իրենից անձը հաստատող փաստաթուղթ է պահանջել, ձեւացնելով թե անձը հայտնի չէ, հետո որոշել է, որ դատարանը նորից ճանաչում է իր լիազորությունները, հիմք ընդունելով Գասպարիի հայտարարությունը, որ Տիգրան Եգորյանը իմ պաշտպանն է. «Տպավորությունն այն է, որ Ձեզ մոտ իրավիճակը աֆեկտային է եւ Դուք ինչ-որ սպոնտան որոշումներ էիք կայացնում առանց օրենքի եւ իրավունքի տեսանկյունից կշռադատելու եւ դրանց անհրաժեշտության հարցը քննարկելու: Այս ամենը ծիծաղելի լինելուց բացի չափազանց մտահոգիչ է եւ ապշեցնող է: Հատկապես դատական նիստը ունկնդրող ԶԼՄ ներկայացուցիչների համար, որոնց, ինչպես նաեւ մեզ համար գրեթե զրոյական վարկանիշ ունեցող դատական համակարգից հիասթափությունն ու ցնցումն աննկարագրելի էր, որովհետեւ Ձեր կողմից վարվող այս նիստերը այլ իրականություն են: Ապշանք անասելի էր, լրագրողները դատական նիստից հետո բառեր չէին գտնում հարցեր տալու համար, անձամբ ես, մենք բառեր չէինք գտնում պատասխանելու համար: Դրանք անմեկնելի մի արհավիրք էին երեւի նաեւ Ձեզ համար: Բացասական ածականների ցանկը սպառիչ չէ, եւ այդ ամենի հեղինակը, բեմադրողը եւ կատարողը Դուք եք՝ Նելլի Բաղդասարյանը, մեկը, որին դատախազությունում երկար տարիներ դատախազի օգնականի պաշտոնից հետո հաջողվել է ներթափանցել դատական համակարգ եւ …. »:

Դատարանը կրկին ընդհատեց նրան եւ խնդրեց Տիգրան Եգորյանին կոռեկտ լինել, Լուսինե Հակոբյանը փորձեց հայտարարությամբ հանդես գալ, բայց դատարանը նախ մեկ ապա երկու դատական սանկցիա՝ նկատողություն, կիրառեց նրա նկատմամբ, եւ սպառնաց, որ նման վարք դրսեւորելու դեպքում ավելի խիստ դատական սանկցիա կկիրառի: Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ իրենք չեն վախենում ավելի խիստ սանկցիայից, սակայն իրենց ձեռնտու է միջնորդությունը այս դատական նիստի ընթացքում ներկայացնելը:

Տիգրան Եգորյանը շարունակեց, որ նախորդ դատական նիստի ընթացքում կարծես թե նկարագրված փաստերը տեղի չեն ունեցել. «Կարծես կյանքը նորից է սկսվել կամ օրն է նորից սկսվել, Դուք լրիվ ուրիշ մարդ եք, դատական նիստերի ժամանակ անճանաչելի, մենք եկել ենք կարծես թե հին, լավ ժամանակներն են, երեքս Վարդգես Գասպարիի ճանաչված պաշտպաններն ենք, Դուք մեզ ճանաչում եք, մեծահոգաբար փաստաթուղթ չեք պահանջում, նույնիսկ հատկապես ընդգծված հարգանքով եք փորձում խոսել: Սա, իհարկե՛, եւս շատ տարօրինակ է մեզ համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031