Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինն ամեն ինչ արել է, որ «լիբերալիզմ» եւ «ժողովրդավարություն» եզրույթների նկատմամբ ձեւավորվեն ֆոբիաներ»

Մարտ 30,2016 15:30

Ռուս լրագրող, հրապարակախոս Քսենյա Կիրիլովան, չդիմանալով Ռուսաստանում տիրող անհանդուրժողական քաղաքականությանը, լքել է երկիրը: Այժմ ամուսնու հետ ապրում է ԱՄՆ-ում: Ներկայացնում ենք «Առավոտի» հետ նրա բացառիկ հարցազրույցը:

– Տիկին Կիրիլովա, Դուք հաճախ եք գրում Ռուսաստանում առկա ներքին քաղաքական եւ հասարակական խնդիրների մասին, հատկապես այն մասին, թե ինչու է Ռուսաստանի քաղաքացիների մոտ ձեւավորվում աղավաղված պատկերացում երկրի ղեկավարության եւ ընդհանրապես իշխանության մասին: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ դեր ունեն այս հարցում ԶԼՄ-ները, երկրի ղեկավարության մանիպուլյացիայի կիրառումը հասարակական կարծիքի ձեւավորման գործում, եւ ինչո՞ւ 21-րդ դարում, ինչպես մի շարք ռուս հասարակական գործիչներ են համարում, ռուս հասարակությունը շարունակում է մնալ պետության քարոզչության ազդեցության տակ:

– Այստեղ կարելի է առանձնացնել երկու պահ: Մի կողմից էլ՝ չեմ ցանկանում բացարձակ դարձնել պրոպագանդայի դերը մեր հասարակությունում: Անխոս, այն համապատասխանում է ռուս հասարակության մենթալիտետի որոշ կողմերին՝ դեռեւս սովետական տարիներից մնացած, ինչպես օրինակ՝ հարմարվողականությունը, հասարակության բավական մեծ մասի անպատասխանատվությունը: Չի կարելի նաեւ հաշվի չառնել որոշ կայսերական բարդույթներ (չնայած դրանց դերը ավելի քիչ է, քան դրսից երեւում է- Ք. Կ.): Այդ ամենը բերեց նրան, որ իսկապես ռուսները դարձան զիջող ռուսական պրոպագանդայի առջեւ:

Սակայն հսկայական դեր այսօրվա ռուսական մենթալիտետի ձեւավորման վրա ունեցել է քարոզչությունը: Ընդ որում, այն սկսել է ազդել անգամ մինչեւ Ղրիմի միացումը կամ անգամ Մայդանը: Մինչ ռուս-ուկրաինական պատերազմը քարոզչությունը իսկապես այդքան էլ ակտիվ չէր, բայց ամեն դեպքում այն արդեն քանի տարի է՝ ունի իր ազդեցությունը մի քանի ուղղություններով:

Օրինակ՝ ռուսներին արդեն քանի տարի է` պատվաստում են «համբերություն» այնպիսի երեւույթների նկատմամբ, ինչպիսին է կոռուպցիան: Պարադոքսն այն է, որ Կրեմլի քարոզչամեքենան առանձնապես չի էլ փորձել թաքցնել այն, որ Պուտինի կողմից ստեղծված ուղղահայաց իշխանությունը ձեւավորվել է գողության եւ անօրինականության շնորհիվ: Սակայն սրա հետ մեկտեղ քարոզիչները նաեւ ցույց էին տալիս, որ կոռուպցիային են հակված նաեւ լիբերալ ընդդիմադիրները: Այսպես. Կրեմլի ԶԼՄ-ներին հաջողվեց համոզել հասարակությանը, որ իմաստ չունի «եղած գողերին փոխարինել նորերով», որ ցանկացած մարդ, որ հայտնվում է իշխանությունում, անպայման գողանալու է:
Վարկաբեկումը ուղղված էր անգամ ժովովրդավարական արժեքներին: Պուտինն ամեն ինչ արել է, որ «լիբերալիզմ» եւ «ժողովրդավարություն» եզրույթների նկատմամբ հասարակության շրջանում առաջանային առանձնահատուկ «պայմանական ռեֆլեքսներ», որոնք ֆոբիաներ են՝ ասոցացվող հեղաշրջումների, արյունահեղ հեղափոխությունների, անսանձելի հանցագործությունների, արյան, մահվան եւ անարխիայի հետ: Այսպես քարոզչության շնորհիվ մի կողմից՝ կարողացավ ամբողջովին վարկաբեկել եւ մերկացնել օրինականության եւ ազատության արժեքները, մյուս կողմից՝ ռուսների գիտակցությանը ներարկել զգացական վախ ժողովրդավար հայացքներ ունեցող ինչպես դրսի հանրության, այնպես էլ սեփական երկրի ժողովրդի նկատմամբ:

Հասարակության շրջանում վարկաբեկվել է նաեւ ճշմարտություն հասկացությունը, եւ մարդկանց երկար տարիներ ներշնչել էին, որ օբյեկտիվ ճշմարտություն պարզապես գոյություն չունի: Դրա համար պետք չէ զարմանալ, որ այս նսեմացված բարոյական նորմերի ֆոնին ռուսների մեծամասնությունը ուրախությամբ ընդունեցին «նպատակը արդարացնում է միջոցները» եւ «պատերազմում՝ ինչպես պատերազմում» սկզբունքները, այսինքն՝ պատրաստ էին ճանաչել բացարձակապես բոլոր մեթոդների թույլտվությունը նպատակներին հասնելու ճանապարհին, այդ թվում՝ ռազմական միջամտությունը այլ երկրում:

Պատերազմի ընթացքում քարոզչությունը մեկ այլ ահավոր բան էլ արեց. արհեստականորեն ստեղծեց էքստրեմալ պայմաններով իրավիճակ: Այո, ոչ բոլորն են հավատում, որ «Ուկրաինայում ֆաշիստներ» կան, բայց շատ-շատերն են հավատում, օրինակ, որ գոյություն ունի «Չար Արեւմուտք» եւ «վախենալու ԱՄՆ»: Շատերն իսկապես հավատում են, որ Ուկրաինայում Ռուսաստանը պատերազմում է ԱՄՆ-ի հետ, եւ եթե նրա հետ չպատերազմի Ուկրաինայում, ապա հետո ստիպված է լինելու պատերազմել իր տարածքում: Եվ այս պայմաններում Պուտինը համարվում է միակը, որը կարող է փրկել երկիրը թշնամական շրջապատի էքստրեմալ պայմաններում: Նա ստեղծում է պատրանք, որ պահում է պատնեշը, որ Ռուսաստանը գտնվում է թշնամիներով շրջապատված: Եվ նրա կայսերական պատրանքները այդպիսի մարդկանց մոտ կապված են պաշտպանողական ռեակցիայի հետ: Ավելին՝ ռուսական քարոզչությունն արդեն քանի տարի ակտիվորեն ներշնչում է, որ իշխանությանը վերաբերող ցանկացած դժգոհություն ավարտվում է արյան ծովով: Հետո ներշնչելով մարդկանց վախ՝ Պուտինը կապել է հնարավոր կայունության երաշխիքը իր անձի հետ:

Արդյունքում մարդկանց մոտ համարյա ենթագիտակցորեն ձեւավորվել է որոշակի կապ, որ Պուտինը միակ հնարավորությունն է՝ պահպանելու երկրի նորմալ գոյությունը էքստրեմալ պայմաններում:

 
Շարունակելի

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Էտ ամեն ինչը երեւի ճիշտ է, բայց որ բլուրի այն կողմից է ասվում, ավելի լավ կլիներ չխոսվեր:
    Մյուս կողմից հարց է առաջանում – բա որ պյուտին գողերից (ու փողերից) հեռու մնար, ոնց կարող էր իշխանության գալ, կամ երկար մնալ? Իսկ ինչքանով ենք վստահ, որ իրենց մոտ ,,դեմոկռասյան,, ու ախմախ մասսան է որոշողը? Հարցերը շատ են ու լուրջ, որպիսզի ջահել աղջուկները լուծեն: Իմ համեստ կարծիքով, պյուտիի իրական մտադրությունները մինչեւ վերջին պահը գաղտնիք են մնալու!

  2. Հ.Շ. says:

    “Շարունակելի “…

    շատ ել ստիպված մի զգաք շարունակելու

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031