Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանված զինվորի հայրն ասում է, որ բոլոր խոստումները սուտ են, իրենք գտնվում են ճնշման տակ

Ապրիլ 02,2016 13:30

«Մեր որդու կորուստը մթագնեց մեր կյանքը: Տառապում ենք անքնությամբ, հոգեկան ծանր ապրումներ ունենք: Կինս դարձել է երկրորդ խմբի հաշմանդամ, անկողնային վիճակում է: Ես երրորդ խմբի հաշմանդամ եմ»,- ասաց համածառայակցի՝ Դավիթ Խաչատրյանի կողմից 2015 թվականի մայիսի 15-ին ինքնաձիգի կրակոցից սպանված Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը, որը երեկ «Առավոտում» էր:
Նա ասաց, որ որդու զոհվելուց հետո միայնակ մնացած իրեն ու կնոջը իշխանությունները խոստացել էին օգնել, սակայն հայտնվել են «ճնշման եւ անպաշտպան վիճակում»:
«Կնոջս՝ Լուիզա Ստեփանյանի գոյատեւման միակ միջոցը Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնի կողմից առաջարկված դեղերն են: Համաձայն պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության վարչության 17.02.2014թ. թիվ 36/357 տեղեկանքի, այդ դեղերը պետք է տրվեն անվճար եւ ժամանակին: Մեր բուժամբուլատորիայի վարիչ Արսենին եմ ներկայացրել դեղերի պահանջի հետ կապված բոլոր փաստաթղթերը: Նա պատասխանել է, թե չկա, չեմ տա: Երբեմն ուշացումներով կիսատ-պռատ տրվել է փոխարինող, թույլ դոզաներով դեղեր, այն էլ փողով: Այդ է պատճառը, որ կնոջս վիճակն ավելի է վատացել: Ստիպված կնոջս տեղափոխել եմ Աբովյանի հիվանդանոց»,- հավելում է նա:

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչը դիմել է մարզպետարանի առողջապահության բաժնի վարիչ Անուշ Պողոսյանին՝ տեղեկացնելով դեղերի հետ կապվածի մասին:

Getashen
Զրուցակիցս ասում է, որ Անուշ Պողոսյանը հեռախոսով կապվել է ամբուլատորիայի վարիչի հետ, հորդորել, որպեսզի նա դեղերը տա:
Գնացել է նշյալ Արսեն Ղուկասյանի մոտ, դեղերը դարձյալ չի եղել, իսկ «Արսենի դեղատանն» այդ դեղերը վաճառվում էին ու զինվորի հայրը դրանք գնել է 14 000 դրամով: Ի դեպ, Արսեն Ղուկասյանը գյուղապետի եղբայրն է, դեղատունն էլ պատկանում է գյուղապետի դստերը՝ Անիին:

Իշխան Ստեփանյանը դիմելով «Առավոտին»՝ հայտնում է, որ կառավարության ծախսերով բանակում զոհված որդու անունով ասֆալտապատվեց գյուղի գերեզմանոցի ճանապարհը, մոտ 270 մետր. «Նախագծի կեսը մնացել է անավարտ: Ասֆալտի գործը կանգ է առել այն պատճառով, որ գյուղացիներից մեկը ասֆալտի կողքով անցնող առուն փակել է քարերով, փոխել է առվի հոսքը: Գերեզմանոցի ճանապարհն այդ գործողությունների հետեւանքով ավելի է նեղացել, ճանապարհի երկայնքով գազատար խողովակներ են անցկացրել՝ հենասյուներով»:

Հարցին, թե արդյոք դիմե՞լ է տեղական ինքնակառավարման մարմնին, գյուղապետին, Ի. Ստեփանյանը պատասխանեց. «Այս բոլորը կատարվում է գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանի աչքի առաջ: 2014 եւ 2015թթ. գյուղապետը մայիսի 9-ի կապակցությամբ բանակում զոհվածների, այդ թվում՝ նաեւ իմ որդի Լյուքսի անունով գյուղապետարանի բյուջեից դուրս է գրել 25 000-ական եւ 30 000-ական դրամ, որպեսզի մենք ստանանք: Բայց գյուղապետարանի աշխատող Մարտին Մխիթարյանն առանց ցուցակի ինձ մոտ բերեց 10 000 դրամ: Ես տեղեկանալով, որ գումարը 30 000 դրամ էր, վիրավորված զգալով, չստացա: Ինչ անուն կտաք սրան. բյուջեի յուրացո՞ւմ»:

Մեր հարցին, թե ինչո՞ւ այդ մասին իրավապահներին չի հայտնել, Ի. Ստեփանյանը պատասխանեց. «Գյուղապետարանը Մարտունու ոստիկանության քննչական բաժին ներկայացրել է մի փաստաթուղթ, որտեղ գումար ստացողների ստորագրությունների շարքում նաեւ իմ անունն էր, կեղծված է իմ ստորագրությունը»:

Ապա նշեց, որ այդ ցուցակի ստորագրությունները գրված են իրար վրա, հնարավոր է, որ դրանց մեջ էլի կեղծիքներ կան: Եթե ստուգեն անձնագրերի հետ, պարզ կդառնա:
Ի. Ստեփանյանն անցյալ տարվա աշնանից բազմիցս դիմել է ՀՀ նախագահին, ոստիկանապետին, առողջապահության նախարարին, մարզպետին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը:

«Հարգելի իշխանություններ: ՀՀ սահմանադրական բարեփոխությունները նվիրված էին հատկապես մարդու իրավունքների պաշտպանությանը: Բայց հուսահատվում ենք, երբ տեսնում ենք, որ նույն իշխանություններն արհամարհում են հասարակ մարդկանց՝ պաշտպանելով հանցավոր ղեկավարներին»,- ասում է զրուցակիցս:

Դեռեւս գնահատական չի տրվել Ի. Ստեփանյանի նամակներին, բողոքներին: Գուցե արձագանքեն մեր այս հրապարակմա՞նը:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930