Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի եւ խաղաղ բնակիչների նկատմամբ հարձակումների վերաբերյալ

Ապրիլ 04,2016 18:05

2016 թվականի ապրիլի 1-ից 2-ի գիշերը փաստացի վերսկսվել և ներկայումս շարունակվում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի բաժանարար գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից նախաձեռնված լայնածավալ ռազմական գործողությունները: Հրթիռահրետակոծման են ենթարկվել նաև խաղաղ բնակավայրերը, որի հետևանքով սպանվել եւ վիրավորվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ:

Ադրբեջանական զինված ուժերի կողմից պատերազմական գործողությունների հետևանքով իրենց տիրապետության տակ հայտնված խաղաղ բնակավայրերի բնակիչների նկատմամբ իրականացվել է անմարդկային և դաժան վերաբերմունք (գլխատումներ և մարմնի այլ անդամահատում):

Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի հարկադրված պատասխան և կանխիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը նույնպես կրել է զինուժի կորուստ՝տասնյակ զինծառայողներ։

Տեղի ունեցածը հետևանք է վերջին տարիներին տարածաշրջանում սպառազինությունների մակարդակի աննախադեպ աճի, որին հատկապես նպաստում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր հանդիսացող Ռուսաստանի Դաշնությունը։

Խաղաղ բնակչության նկատմամբ կիրառված բռնությունները, դաժան սպանությունները միջազգային քրեական իրավունքի շրջանակներում համարվում են պատերազմական հանցագործություններ: Հարկ ենք համարում ևս մեկ անգամ շեշտել, որ միջազգային մարդասիրական իրավունքը բացառում է բնակավայրերի և քաղաքացիական անձանց նկատմամբ ռազմական գործողությունները: Ավելին, այն առանձնակի պաշտպանության տակ է առնում երեխաներին: Բացի դրանից՝ հակառակորդի տիրապետության տակ հատնված անձը (այդ թվում՝ գերիները) օգտվում են ժնեւյան կոնվենցիայով ապահովված իրավունքներից:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է բնակավայրերի և խաղաղ բնակիչների վրա հարձակումները, ինչպես նաև Ադրբեջանի զինուժի կողմից գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունները և դաժան ու անմարդկային վերաբերմունքի դրսևորումները:

Կազմակերպությունը կոչ է անում ՄԱԿ-ին, Եվրոպական Միությանը, Եվրոպայի Խորհրդին, ԵԱՀԿ-ի գործող նախագահին և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին, անհապաղ գործուն միջոցներ ձեռնարկել պատերազմական հանցագործությունների դեպքերը բացառելու, պատերազմական գործողությունները դադարեցնելու և կատարված հանցագործությունների դեպքերով քննություն իրականացնելու և իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Կազմակերպությունը վերստին ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միմիայն խաղաղ բանակցությունների ճանապարհով, որից բացի բոլոր այլ ուղիները հանգեցնում են մարդկային զոհերի։

Կազմակերպությունը վերստին կարևորում է տարածաշրջանում սպառազինությունների հետագա վաճառքի անհապաղ կասեցումը, ԵԱՀԿ սովորական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրի կիրառումը, որպես հակամարտության գոտում միլիտարիզացիայի մակարդակի նվազեցմանն ուղղված հրատապ գործողություններ։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930