Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. Ադրբեջանը Իսլամական պետության գործելաոճն է կրկնում

Ապրիլ 11,2016 20:45

Հայաստանի ամերիկյան համալսարանում ապրիլի 11-ին տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մարաղայի կոտորածի 24-րդ տարելիցին: Միջոցառման բանախոսը Հայաստանի Հանրապետության առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն էր:

Միջոցառման ընթացքում Լարիսա Ալավերդյանը ոչ միայն խոսեց Մարաղայի դեպքերի մասին, այլ նաեւ անդրադարձավ ընդհանրապես Ադրբեջանի կատարած գործողություններին: Նա  նշեց, որ շատ միջազգային կազմակերպություններ, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանության հարցով պետք է սատարեն հայկական կողմին, քանի որ հայկական կողմը պայքարում է ոչ միայն իր համար. «Այսօր Մարաղան պարզապես օրինակ է: Եվ մենք ցանկանում ենք ցույց տալ, թե ինչպիսի կոտորածներ, մարդասպանություններ կարող են կատարել մեր հարեւանները: Ես ցանկանում եմ իմ հարեւանին տեսնել ժողովրդավար, առողջ եւ հարուստ, ինչպես մեզնից յուրաքանչյուրը իրական կյանքում կցանկանա տեսնել իր հարեւանին: Սակայն, պետք է նկատել, որ Ադրբեջանի նոր սերունդը իր առջեւ որպես հերոսի օրինակ ունի Ռամիլ Սաֆարովին: Սա վտանգավոր է, եւ ոչ միայն մեզ համար»:

Լարիսա Ալավերդյանը ընդգծեց, որ իր ադրբեջանցի գործընկերները հիմա չեն կարողանում խոսել այս խնդիրների մասին. «Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ իրավիճակում են: Ես չեմ կարող համաձայնել, որ Ադրբեջանում բոլորը համաձայն են նման քաղաքականության հետ: Բայց իրականությունն այն է, որ նրանք չեն կարող խոսել այդ մասին: Եվ սա մարդու իրավունքների ոտնահարման մեկ այլ տեսակ է»:

Նա համեմատականներ անցկացրեց Ադրբեջանի եւ Իսլամական պետության միջեւ՝ նշելով, որ Ադրբեջանը Իսլամական պետության գործելաոճն է կրկնում՝ կատարելով սպանություններ տեղադրում է համացանցում. «Սա նշանակում է, որ կատարվածը միայն օրենքի ոտնահարում չէ, նրանք դա իրականացրել են հակառակ քաղաքակիրթ նորմերի, ինչպես դա անում է Իսլամական պետությունը: Հայաստանում մենք նույնպես ունենք մարդու իրավունքի ոտնահարման դեպքեր, ես ինքս եմ խոսել դրանց դեմ, քննադատել որոշ կառույցների, բայց սա այլ բան է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930