Լրահոս
Օրվա լրահոսը

2016 թվականի առաջին եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություն չի արձանագրվել

Ապրիլ 20,2016 14:03

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ապրիլի 20-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց 2016 թվականի առաջին եռամսյակի տվյալները (հունվար-մարտ) Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին:

«Դրական երեւույթ է, որ 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններ չեն արձանագրվել: Համարում ենք, որ այս փաստը կարող է միտում դառնալ: Սակայն, արդեն ապրիլի սկզբին երկու լրագրողներ ֆիզիկական բռնության ենթարկվեցին՝ անցած շաբաթվա ընթացքում»,- ասաց նա:

Աշոտ Մելիքյանը նկատեց, որ մեզանում ավելի շատ բացառություն է այն հանգամանքը, որ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություն չի կիրառվում, քան օրինաչափություն: Նշենք, որ 2015 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնության 2 դեպք:

«Բայց դրա հետ մեկտեղ մենք արձանագրել ենք մեր դասակարգման այլ խախտումների աճ, մասնավորապես՝ ճնշումները ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ 20-ն են եղել առաջին եռամսյակում, ինչը 6-ով ավելին է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Այդ ճնշումների մեծ մասը՝ նոր դատական գործեր են, բոլորն էլ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով: Իսկ տեղեկություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումը 10-ն է, որը նույնպես երեքով ավելին է, քան 2015 թվականի նույն ժամանակահատվածում: Եթե մենք բարձրաձայնենք հիմնական դժգոհությունները, որ լրատվամիջոցներից հնչում են, ապա իրենք համարում են, որ ամենափակ աշխատող կառույցներն են Հատուկ քննչական ծառայությունը եւ Երեւանի քաղաքապետարանը»,- ասաց Աշոտ Մելիքյանը

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930