Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիում շարունակվում է բացօթյա օպերաների ավանդույթը

Ապրիլ 21,2016 13:00

Արդեն սկսվել են Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի փորձերը

Օպերային հրապարակային բեմադրությունները, որոնք վաղուց ի վեր ընդունված էին աշխարհում, մեզ մոտ իրականություն դարձան միայն 1990-ականներին: Ազգային օպերային թատրոնը Զվարթնոցի ավերակների վրա ներկայացրեց Տիգրանյանի «Անուշն» ու Դոնիցետիի «Պողիկտոսը»: Տարիների ընդմիջումից հետո միայն Արցախի հինավուրց բերդաքաղաք Շուշիի ռեալական ուսումնարանի տարածքում 2013թ. բեմադրվեց Ա. Բաբաեւի «Արծվաբերդը», 2014-ին՝ Տերտերյանի «Կրակե օղակը»: Շուշիում ավանդույթ դարձած օպերաների բեմադրությունը միայն 2015-ին չկայացավ: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, սակայն, հնչեց Վերդիի «Ռեքվիեմը»՝ իբրեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հիմնական ակորդ: Անդրադառնալով Շուշիում բեմադրված օպերաներին, նշենք, որ դրանք ներկայացվում էին սեպտեմբերի 1-ին, ԼՂՀ անկախության տոնի նախօրեին: Այս տարի ավանդույթը կշարունակվի. Ազգային օպերային թատրոնում արդեն սկսված են Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի փորձերը: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» էպոսը 2012թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Հարո Ստեփանյանի բազմաժանր ստեղծագործություններն աչքի են ընկնում հուզականությամբ, ժողովրդականությամբ, կերպարների ռեալիստականությամբ: Կոմպոզիտորի ստեղծագործությունների հիմնական թեման Հայաստանն է, նրա բնությունը, ժողովրդի պատմական ճակատագիրը: Արվեստագետի 5 օպերաներից 3-ը՝ «Լուսաբացին», «Հերոսուհին» եւ «Քաջ Նազարը» ժամանակին բեմադրվել են մեր թատրոնում: Հայկական երաժշտական թատրոնի զարգացման մեջ կարեւոր նշանակություն ունի կոմպոզիտորի «Լուսաբացին» օպերան, որը համարվում է պրոլետարական հեղափոխության թեմայով առաջին մեծակտավ ստեղծագործությունը:

«Առավոտը» հանդիպեց դիրիժոր Սարինա Ավթանդիլյանին, որը 2013թ. հանդիսանում է Շուշիում իրականացվող օպերային բեմադրությունների նախագծի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարը: Մեր զրուցակիցը հիշեցնելով, որ էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ազատության ու անկախության, հայրենիքի եւ պետականության պահպանման, ասաց, որ նախորդ անգամների օրինակով «Սասունցի Դավիթն» էլ կներկայացվի սեպտեմբերի 1-ին՝ ԼՂՀ Անկախության տոնի նախօրեին: Հայտնեց, որ օպերայի բեմադրության համար հրավիրված են ճանաչված անուններ՝ ռեժիսոր Արմեն Պիրիմասիհին, դիրիժորներ Սուրեն Շահիջանյանը (Ֆրանսիա), Զավեն Վարդանյանը, ինչպես նաեւ բալետմայստեր Արսեն Մեհրաբյանը՝ Շվեդիայից ու նկարիչ-դիզայներներ Գեւորգ եւ Վարդան Թառոյանները՝ Ֆրանսիայից: Հավելեց, որ բեմադրության մեջ ընդգրկված են բացառապես օպերային թատրոնի ստեղծագործական խմբերն ու մեներգիչները:

Հարցին, թե ժամանակին ասվում էր, որ Շուշիում բեմադրվող օպերաները տեղ կգտնեն Երեւանի թատրոնի խաղացանկում, ինչը մինչ օրս տեղի չի ունեցել, Սարինա Ավթանդիլյանը հավաստիացրեց. «Շուշիում ներկայացվելուց հետո օպերան բառացիորեն օրեր անց կբարձրանա Երեւանի օպերային թատրոնի բեմ, բնականաբար՝ տեղ գտնելով խաղացանկում: Ինչ վերաբերում է նախորդ՝ «Արծվաբերդ» եւ «Կրակե օղակ» օպերաներին, այդ բեմադրությունները դարձյալ տեղ կգտնեն թատրոնում»:

Արվեստագետը ցավով փաստեց, որ «Սասունցի Դավիթը» այդպես էլ Երեւանում երբեւէ չի բեմադրվել, բայց առանձին համարներ համերգային կատարմամբ, այնուամենայնիվ, ներկայացվել են, նույնիսկ Մոսկվայում՝ 1935թ., դիրիժոր Մելիք Փաշայանի եւ 1945թ.՝ Միքայել Թավրիզյանի ղեկավարությամբ: «10-րդ դարում երգիչ-գուսանների կողմից հյուսված էպոսից կոմպոզիտորը կենտրոնացել է էպոսի 3-րդ ճյուղի վրա, որի առանցքում հերոս Դավիթն է: Այս օպերայում կենտրոնական կերպարը ժողովուրդն է… Մեներգիչների եւ երգչախմբային հատվածների երաժշտությունը մեղեդային է, իսկ օպերան՝ իսկապես երգային է, օգտագործված են շարականների ինտոնացիաներ, ինչպես նաեւ՝ գուսանական երաժշտություն»,- փաստում է Սարինա Ավթանդիլյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հիանալի է …Հարգանքով` Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930