Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանի խոսքը Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսին

Ապրիլ 22,2016 14:13

Ուրախ եմ ողջունել Երևանում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ինչպես տեղյակ եք, մենք շատ հաճախակի հանդիպումներ ենք ունենում, ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում և այլուր։

Այսօր պարոն Լավրովը Հայաստանում է գտնվում պաշտոնական այցելությամբ, առավոտյան արդեն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Քիչ անց պարոն Լավրովին կընդունի Հանրապետության Նախագահը։

Այս այցելությունը տեղի է ունենում այնպիսի պայմաններում, երբ վերջին շրջանում մեր երկրների բարձրագույն ղեկավարության շփումների առանցքը ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիվ ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակն էր, դրա հետևանքների հաղթահարումը, ես կասեի՝ լայն իմաստով։

Բնականաբար, մեր այսօրվա քննարկումների կարևորագույն մասը նվիրված էր հենց այս հարցերին։

Ապրիլի 2-ի ադրբեջանական հարձակման առաջին վայրկյաններից ես կապի մեջ էի պարոն Լավրովի հետ, մեր շփումները շարունակական բնույթ են կրել։ Մենք հանգամանալից քննարկում ունեցանք նաև Մոսկվայում ապրիլի 8-ին։

Ադրբեջանի արկածախնդրությունը լրջագույն վնաս է հասցրել բանակցային գործընթացին։ Ռուսաստանի հետ, եռանախագահող այլ երկրների հետ մենք փորձում ենք, հաղթահարելով Բաքվի կողմից շարունակաբար ստեղծվող խոչընդոտները, վերահաստատելով և ամրապնդելով 1994-1995թթ. համաձայնագրերով հաստատված զինադադարը, համապատասխան պայմաններ ապահովել՝ կարգավորման գործընթացը բնականոն հուն վերադարձնելու նպատակով։

Մենք համակարծիք ենք, որ ուժի կիրառումն անընդունելի է, և բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի։ Ուժի կիրառման միանշանակ դատապարտումը միջազգային հանրության կողմից հատուկ կարևորություն ունի, որպեսզի Բաքուն պատրանքներ չտածի, թե կարող է ռազմական ճանապարհով հարցեր լուծել։

Հանդիպմանը մենք հանգամանալից քննարկեցին մեր երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Այդ պայմանավորվածությունները վերաբերում են ինչպես քաղաքական օրակարգին, այնպես էլ մեր պաշտպանունակության բարձրացմանը։

Պարոն Լավրովի հետ քննարկեցինք հայ-ռուսաստանյան օրակարգի բազմաթիվ այլ հարցեր՝ առևտրատնտեսական փոխգործակցություն, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում համագործակցություն։ Մենք մտքեր փոխանակեցինք հայ-ռուսաստանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների, միջխորհրդարանական շփումների վերաբերյալ։ Ռուսաստանի արտգործնախարարի հետ անդրադաձանք ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930