Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. «Ոստիկանությունը ոչ թե ծառայում է օրենքին, այլ իշխող վերնախավին»

Ապրիլ 25,2016 14:55

Ապրիլի 25-ին «Մեդիա կենտրոնում» «Բախումներ ոստիկանության և քաղհասարակության միջև. իրավական գնահատական» թեմայով քննարկման ժամանակ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն անդրադարձավ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության կազմակերպած երթին, որի ընթացքում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ եւ ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փորձ է արվել:

Պարոն Մելիքյանը տարակուսանք հայտնեց ՀՀ ոստիկանապետի՝ Ծիծեռնակաբերդում արած հայտարարության առնչությամբ: «Ինչպիսին ոստիկանապետն է, այնպես էլ իր ղեկավարած կառույցն է: Ուղղակի զարմանալ կարելի է, թե ինչպե՞ս կարող է բարձրաստիճան պաշտոնյան հրապարակավ այդպիսի անտակտ հայտարարություններով հանդես գալ…Ինքը երբ լրագրող է տեսնում, ատելությունը աչքերից եւ դեմքից թափվում է, իր համար կարեւոր է վիրավորել լրագրողներին, ոչ միայն սուր հարց տվող լրագրողներին, այլեւ առհասարակ հավաքվածներին: Եվ բնական է, որ այդպիսի ոստիկանապետ ունեցող կառույցը պետք է գործի այնչափ լկտի, ինչպիսին գործել է հունիսի 23-ի դեպքերի ժամանակ: Ոստիկանությունն այնքան է լկտիացել, որ երբ որեւէ հավաքի ժամանակ լրատվության ներկայացուցիչներ է տեսնում, համարում է, որ արդեն դրանով իսկ իրենց գործունեությունն է խոչընդոտվում: Միշտ իրենք ցանկանում են, որ այդ իրադարձությունները չլուսաբանվեն, եւ ինչքան հնարավոր է՝ պակաս ինֆորմացիա դուրս գա այդտեղից»,-ասում է Աշոտ Մելիքյանը:

Նրա ձեւակերպմամբ՝ «Սա արդեն գործելակերպ է դարձել: Ոստիկանները տեսախցիկը տեսնելուց շտատիվից վերցնում են, տալիս են գետնին, ջարդում են, որպեսզի օպերատորը չկարողանա աշխատել: Ըստ երեւույթին իրենց ասել են՝ ամեն գնով խոչընդոտեք, թույլ չտաք: Նրանք էլ, ինչ իրենց երեւակայությունը թույլ է տվել, արել են՝ ջարդել են, լրագրողին վիրավորել են: Ծիծեռնակաբերդում հարց են տալիս, սակայն չգիտես ինչու վերհիշում է հանրաքվեի որոշ դեպքեր, երբ որոշ անձանց լրագրողական բեյջեր են բաժանվել, կամ նրա տարօրինակ խոսերը, որ գունաթափվել եք… Ի՞նչ է ուզում դրանով ասել, լրագրողին ասում է՝ քո մեջ կին չեմ տեսնում… Փոխանակ քո գործը անես, տարօրինակ ոչ ադեկվատ արտահայտություններ ես անում… Կարծում եմ՝ ոստիկանությունը ոչ թե ծառայում է օրենքին, այլ իշխող վերնախավին»:

Հավելենք, որ Մեդիա կենտրոնի կազմակերպած քննարկմանը հրավեր էր ուղարկվել նաև Ոստիկանություն եւ Օմբուդսմենի գրասենյակ, սակայն որեւէ մեկը չէր ներկայացել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930