Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն երկակի չափանիշներ է կիրառում Հայաստանի նկատմամբ». ԵԽ պատգամավոր

Ապրիլ 25,2016 18:20

ԵԽ պատգամավոր Ֆրանկ Էնգելի գնահատմամբ, քառօրյա պատերազմը Ադրբեջանի իշխանությունների ատելության արդյունք էր:

«Իրավիճակն ավելի է բարդանում Թուրքիայի դերակատարությամբ ու ՌԴ երկակիության պատճառով»,- այսօր «Արմենպրես» ակումբում ասաց ԵԽ պատգամավորը:

Նա ասաց՝ չի կարողանում հասկանալ մադրիդյան սկզբունքների հիման վրա առաջ շարժվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողությունները: Ֆրանկ Էնգելը նկատեց, որ Եվրոպան էլ ՌԴ-ի պես երկակի չափանիշներով է առաջնորդվում, ու իր համար պարզ չէ՝ ինչ սկզբունքով են որոշ տարածքների անկախությունը ճանաչվում, որոշներինը՝ ոչ. «Այս պահին բանակցություններն ու քննարկումները ընդհատված են իրավիճակի թելադրանքով, հիմա հարցն ավելի սուր պետք է դրվի ու խոսվի ԼՂՀ անկախության մասին»:

Ըստ նրա, միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել ԼՂ քաղաքացիներին. «Եվ ապրիլից առաջ եւ հետո ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի հիմնական նպատակը ԼՂՀ-ն ոչնչացնելն է:

Այլեւս ոչ մեկը չպետք է կասկածի Ադրբեջանի ագրեսիայի մասին, դա է վկայում Թալիշում խաղաղ բնակիչների դաժան սպանությունները, գլխատված զինվորների գլուխները, որոնք ցնծությամբ պտտում էին իսլամական ոճով:

Այս օրերին նշում ենք Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը, բայց պետք հասկանանք, որ մեկ այլ ցեղասպանություն կարող է նորից գործի դրվել:

ԼՂՀ ժողովուրդը վտանգի մեջ է ու դա կարող է կանխվել միայն միջազգային հանրության կողմից ԼՂ անկախության ճանաչմամբ»:

ԵԽ պատգամավորի կարծիքով, կա անհրաժեշտություն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը սահմանային խախտումների մասով մշտադիտարկում անցկացնի, եվրոպական ինստիտուտներն ամեն ինչ անեն, որ Ադրբեջանը չառարկի մշտադիտարկման մեխանիզմների հաստատմանը. «Եթե Ադրբեջանը շարունակի դեմ լինել այդ մեխանիզմների գործադրմանը, ապա մեր համագործակցությունն ու գործընկերությունը որեւէ ձեւաչափով չի կարող շարունակվել՝ լինի դա արեւելյան գործընկերության, բանակցային կամ առեւտրային այլ ձեւաչափի շրջանակներում»:

Հարցին, թե ԵԽ պատգամավորները ԼՂ կոնֆլիկտի կարգավորման հարցում ունե՞ն կոնսենսուս, պարոն Էնգելն ասաց՝ ոչ. «Քանի որ խնդիր կա, խոսքը վերաբերում է չճանաչված ու վերջնականապես լուծում չստացած տարածքի մասին, չկա կոնսեսուսային մոտեցում, դիրքորոշում: Ես կշարունակեմ իմ լոբբին, որ մեծ վտանգ ունենք, որ մի ամբողջ պետություն կարող են վերացվել:

Որովհետեւ այլեւս սառեցված հակամարտության մասին չէ խոսքը, ու նման տեսակետ ունեցող մարդկանց թիվը գնալով մեծանում է:

Հակամարտությունը չի կարող լինել սառեցված, եթե հարյուրից ավելի զոհեր կան, ու կարեւոր չէ, թե որ կողմից են զոհերը»:

Անդրադառնալով ՌԴ երկակի չափանիշներ կիրառելու մասին իր հայտնած տեսակետին՝ ասաց. «Հայ զինվորները մահանում են ռուսական զենքից, որը վաճառել են Ադրբեջանին, երկակիություն է հենց այն, որ գիտենք ՝ՌԴ-ն ամեն ինչ անում է, որ մի քանի այլ անդամներ էլ ներգրավի ԵԱՏՄ, իսկ Ադրբեջանը հենց այդ ցանկալի անդամներից մեկն է, միգուցե հենց դրա համար է, որ ՌԴ-ն անհանգստացած ու վախեցած է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930