Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ինքնորոշումն անխուսափելի է

Մայիս 11,2016 18:00

Ժողովուրդների իրավահավասարությունը եւ ինքնորոշումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է, առանց որի անհնար է պատկերացնել մերօրյա աշխարհն ու արդի միջազգային հարաբերությունները: Ժամանակները փոխվել են, եւ ըստ այդմ՝ փոխվել են նաեւ, այսպես ասած, «խաղի կանոնները»: Հակառակ պարագայում այսօր միջազգային հարթակում կլինեին մի քանի խոշոր պետություններ կամ կայսրություններ, որոնց սահմաններում իրենց գոյությունը կապահովեին զանազան ժողովուրդներ, ինչպես մեկ դար եւ նաեւ դրանից առաջ էր:

Երբ 70 տարի առաջ ստեղծվում էր Միավորված ազգերի կազմակերպությունը, նրա կազմի մեջ մտնում էին 51 պետություններ, այնինչ այսօր այդ կարեւորագույն կազմակերպությանը մաս են կազմում 193 պետություններ, որոնք էլ կենդանի ապացույցն են, որ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքը աշխարհի բնականոն ընթացքն ու ուղին որոշող շարժիչ ուժերից մեկն է:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւս դիտարկվում է այս պրիզմայով, եւ որի հետ կապված՝ օրերս համանախագահ երկրների կողմից ուշագրավ հայտարարություններ եղան, որոնք էլ իրավամբ ցույց են տալիս, որ Արցախի ինքնորոշման գործընթացի անիվը արդեն սահուն ընթացքով պտտվում է:

Վերջին մի քանի օրվա ընթացքում Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի եւ ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Մարկ Թոների հայտարարությունների գլխավոր առանցքն այն էր, որ Արցախի ճակատագիրը պետք է որոշի Արցախի ժողովուրդը: Հայտարարություններում ընդգծվում էր, որ կարգավորման հարցում խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա, իսկ այդ բանակցությունների կարեւորագույն հարցն էլ պետք է լինի Արցախի կարգավիճակի հարցը, որն ունի անկյունաքարային բնույթ, եւ որը պետք է որոշվի գործընթացի արդյունքում: Այս 3 հայտարարությունների մեջ տեղ էր գտել այն միտքը, որ Արցախյան հարցի կարգավորման համատեքստում պետք է հաշվի առնվի ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, այսինքն՝ սրանով ՄԽ համանախագահ պետությունները եւս մեկ անգամ փաստեցին ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անխուսափելիության մասին:

Այս առումով հատկապես կարեւոր էր Մարիա Զախարովայի հայտարարությունը, ով «մոռացկոտներին» մեկ անգամ եւս հիշեցրեց, որ 2009-ից 2013թթ. Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունների մեջ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության հիման վրա:

Այս հայտարարությունները եւս մեկ անգամ եկան ապացուցելու, որ ինքնորոշման ձգտող Արցախի ժողովրդի կամքն ու պահանջը արդար է, եւ դրանք պետք է գործնականում իրագործվեն: Իսկ ադրբեջանական վայրագություններով եւ հայատյաց դրվագներով լեցուն վերջին պատերազմն էլ մի վերջին անգամ ցույց տվեց բոլորին, որ հայկական Արցախը չի կարող ահաբեկչական գործելաոճ որդեգրած Ադրբեջանի կազմում լինել, որ Արցախը պետք է լինի անկախ ու կլինի անկախ՝ իրավաբանորեն ճանաչված եւ միջազգային տարբեր գործընթացներում ներգրավված:

 
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
ԱԺ փոխնախագահ

«Առավոտ» օրաթերթ
10.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031