Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վկա. Ստվարաթղթե հրասայլն այնքան սարսափազդու չէր, որ մարդիկ վախենային

Մայիս 23,2016 16:38

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մայիսի 23-ին դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվում էր ստվարաթղթե տանկով ԱԱԾ դարպասներին հարվածելու գործի քննությունը:

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց վկա Գոհար Խաչատրյանը: Նա հայտնեց, որ 2015 թվականի դեկտեմբերի 10-ին ժամը 22:00-ի շրջանում հեռախոսազրույց է ունեցել ամբաստանյալ Արտակ Գեւորգյանի հետ եւ պարզել, որ վերջինս պատրաստվում է «street art» (փողոցային արվեստ) ակցիա կազմակերպել: Այնուհետեւ Ազատության հրապարակում հանդիպել է Արտակ Գեւորգյանին եւ նրա ընկերներին: Վկան ընդգծեց, որ այդ ժամանակ Ազատության հրապարակում տեղի էր ունենում բողոքի ակցիա եւ այնտեղ ոստիկաններ կային, սակայն նրանցից ոչ ոք իրենց չի մոտեցել:

Վկայի խոսքերով՝ այնուհետեւ նրանք շարժվել են դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, այնտեղ ոստիկանները եւս նրանց չեն մոտեցել: Նրանք քայլել են դեպի Բաղրամյան պողոտա, Սահմանադրական դատարանի շենքի դիմաց նրանց են մոտեցել ոստիկանության աշխատակիցները եւ խնդրել են շենքին մոտ չգնալ:

Գոհար Խաչատրյանը նշեց, որ նախագահականի մոտ իրենց մոտեցել են ավտոտեսուչները, որոնք խնդրել են նրանց նախագահականի մոտ շատ չմնալ եւ զգուշացրել են, որ անվտանգ չէ առանց լույսերի հրասայլ քշելը: Դրանից հետո նրանք շրջվել են Բաղրամյան պողոտայով եւ շարժվել են դեպի ԱԱԾ շենք:

«Արտակը եւ իր ընկերներից մեկը՝ Անտոնը (նկատի ունի քաղաքացիական ակտիվիստ Անտոն Իվչենկոյին Ա. Չ.), մոտեցան ԱԱԾ-ի շենքին եւ հարվածեցին ստվարաթղթից հրասայլով դարպասին: Ինչից հետո մենք բոլորս փախանք: Նշեմ, որ մի քանի մարդիկ մեզնից բաժանվեցին եւ տուն գնացին մինչեւ ԱԱԾ-ի շենքին հասնելը: Ասեմ, որ որեւէ ոստիկան կամ ավտոտեսուչ մեզ չի ասել, որ մենք կարգ ենք խախտում, մենք որեւէ աղմուկ չենք արել, բարձր չենք գոռացել, ճանապարհին մեզ տարբեր մարդիկ են հանդիպել, որոնք ժպտում էին, նկարվում էին մեզ հետ»,- ասաց վկան:

Դատավորը նկատեց, որ հրասայլը ասոցացվում է ռազմական գործիքի հետ, նա հետաքրքրվեց, թե արդյոք տեսնելով հրասայլը Երեւանի կենտրոնական փողոցներում մարդիկ չէին վախենում, փախնում, վկան պատասխանեց՝ ոչ, հրասայլն այնքան սարսափազդու չէր, որ մարդիկ վախենային: Դատավորը հետաքրքրվեց՝ «գոնե մի երեխա չեղա՞վ՝ վախենար», Գոհար Խաչատրյանը պատասխանեց՝ ոչ, ուշ ժամ էր, փողոցում շատ մարդիկ չկային:

Գագիկ Պողոսյանը նկատեց նաեւ, որ արվեստի ցուցադրումն ավարտվեց փախուստով, նա վկայից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ փախան, վկան պատասխանեց, որ չգիտի. «Ես չէի գիտակցում, որ վատ բան եմ անում, սակայն գիտակցում էի, որ կարող եմ խնդիրներ ունենալ ոստիկանության հետ»:

Վկան նաեւ հայտնեց, որ վստահ չէ, որ Արտակ Գեւորգյանը ստվարաթղթե հրասայլով հարվածել է ԱԱԾ դարպասներին. պարզապես իրեն այդպես է թվացել: Դատավորը նշեց, որ վկային ներկայացրել է մեղադրող կողմը եւ վկայի ցուցմունքը պետք է դրվի մեղադրանքի հիմքում. «Մեղադրանքը առաջադրվել է նաեւ այն հիմքով, որ այդ հարվածներից հետո ԱԱԾ աշխատակիցների մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում է առաջացել, հիմա Դուք՝ որպես մեղադրանքը հիմնավորող ապացույց ներկայացնող անձ, եկել եք այստեղ ասում եք՝ բոլորը ժպտում էին, նկարվում էին, վախենալու ոչինչ չկար: Գույքի պահպանության հետ կապված վախ նկատեցի՞ք, ասենք՝ տագնապ հնչեցվեց»: Վկան պատասխանեց, որ նման բան չի նկատել:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031