Լրահոս
Օրվա լրահոսը

Նահատակված փոխգնդապետին նվիրված միջոցառմանն աշակերտներն անընդհատ արտասվեցին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 26,2016 17:48

Այսօր Գյումրու թիվ 9-րդ դպրոցում, որտեղ սովորել է Ջեբրայիլում նահատակված գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը, միջոցառում էին կազմակերպել հերոսի պատվին: Այս դպրոցում բացվեց նաեւ հերոսի անունը կրող դասասենյակ: Դպրոցի միջանցքի պատերին փակցրել էին գյումրեցի բոլոր նահատակների նկարները, ու աշակերտները նրանց հայացքների ներքո ռազմահայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ էին հնչեցնում:

Անհնար էր դիտել միջոցառումը՝ առանց հուզվելու. աշակերտներն ամբողջ ընթացքում բեմում արտասվեցին: Տղաներից մեկն էլ կիսատ թողեց բանաստեղծությունը. արցունքները խեղդում էին:

Շիրակի թեմի հոգեւոր հայրերից մեկը՝ Տեր Նշանը, տեսնելով, որ արցունքները չեն դադարում, հորդորեց վերջ դնել լացին, քանի որ Ալեքսան Առաքելյանը նահատակվեց, որպեսզի արցունք չլինի երեխաների աչքերին: «Երբ որ թշնամին այս տարածաշրջան եկավ հարյուրավոր տարիներ առաջ, այդ օրվանից մեր ժողովուրդը միշտ էլ կորուստներ ունեցել է, բայց մի բան փոխվել է, եթե առաջ 5 ասկյարով կարող էին քշել անապատ ու կոտորել, էսօր մեր 5-6 տղեքով ծնկի են բերում թշնամուն: Ուրեմն մեր գիտակցության մեջ մի բան փոխվել է, մենք սկսել ենք երկաթե շերեփը սիրել, ոչ թե թղթե շերեփը:

Կորուստները շատ ավելի մեծ կլինեին, եթե իրենք չկանգնեին մինչեւ վերջ: Վստահաբար իրենք իրենց հերոսի տեղ չէին դրել, ոչ էլ ասում էին՝ մենք մեծ բան ենք անում: Երբ որ ընտանիքի հայրը գնում է խանութ, հաց է առնում, չի հպարտանում ճանապարհին, թե հաց եմ առել իմ ընտանիքի համար, ինքը պիտի դա անի իր ընտանիքի համար եւ ուրեմն պետք չէ արցունքը ձեր աչքերի մեջ մնա:

Ճիշտ է՝ հուզիչ է, բայց մենք պիտի ուրախանանք, որ ունենք բարեխոսներ երկնքում, որովհետեւ այդ մարդիկ հերոսներ են, փոխել են շատ բան մեր գիտակցության մեջ, որ հայրենիքը բացարձակ արժեք է՝ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական իրավիճակ է, ինչից ենք դժգոհ, ինչպիսի տնտեսական վիճակ է: Եվ իրենք եղան այս գաղափարի կրողները: Եթե փախնեին, գային ու տաքուկ տեղեր ծառայեին, որտեղ որ թշնամու գնդակը հեռու է, էսօր կլինեին մեր կողքին», -ասաց Տեր Նշանը:

Այնուհետ դպրոցի երկրորդ հարկում օրհնությամբ, աղոթքով բացեցին Ալեքսան Առաքելյանի անվան դասասենյակը: Դպրոցի աշակերտներից մեկը՝ զինվորական համազգեստը հագին, Ալեքսան Առաքելյանի նկարը պահած, մասնակիցներին զինվորական քայլերթով ուղեկցեց դասասենյակ: Տղան այնքան հպարտությամբ էր բռնել փոխգնդապետի նկարը, որ անհնար էր աչք կտրել նրանից:

Ալեքսան Առաքելյանի անվան դասասենյակում դպրոցի զինղեկը հանեց զենքը ու տվեց հերոսի 9-ամյա դստերը՝ Աստղիկին, որն ամուր գրկել էր: Այստեղ էլ միջոցառման մասնակիցները, Ալեքսանին դասավանդած ուսուցիչները սկսեցին արտասվել: Տեր Նշանը, խնդրելով չնկարահանել իրեն, հայրենասիրական երգեր էր կատարում, փորձում տրամադրությունը դարձնել մարտական: Իսկ միջոցառման ավարտին մասնակիցները մեծ դժվարությամբ հեռացան:

Gyumri_erexa_25 Gyumri_erexa_23 Gyumri_erexa_24 Gyumri_erexa_22 Gyumri_erexa_21 Gyumri_erexa_20 Gyumri_erexa_19 Gyumri_erexa_18 Gyumri_erexa_17 Gyumri_erexa_16 Gyumri_erexa_15 Gyumri_erexa_14 Gyumri_erexa_13 Gyumri_erexa_12 Gyumri_erexa_11 Gyumri_erexa_10 Gyumri_erexa_9 Gyumri_erexa_8 Gyumri_erexa_7 Gyumri_erexa_5 Gyumri_erexa_4 Gyumri_erexa_3 Gyumri_erexa_2 Gyumri_erexa_1 Gyumri_erexa_26

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031