Լրահոս
Օրվա լրահոսը

Դռնփակ նիստերից տեղեկատվության արտահոսքի համար պատգամավորներին ուզում են պատժել

Հունիս 08,2016 14:45

«Մենք ունենք լուրջ ներուժ եւ թույլ տվեք այստեղ չհրապարակել, թե ինչ ռազմական արտադրանք ենք արտադրում, բայց վստահ եղեք, որ որոշակի ռազմական արտադրանք մենք կարողանում ենք հաջողությամբ արտադրել մեր երկրում»,- այսօր ԱԺ-ում, պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարցրեց. «Արդյոք բյուջեով բավարար միջոցներ տրամադրո՞ւմ ենք, որ մեր պաշտպանական ոլորտը ձեռք բերի ժամանակակից սպառազինություն»: Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ ինչպես այլ պետությունների հետ համագործակցությամբ, այնպես էլ մեր միջոցներով արտադրման համար իհարկե, ցանկալի կլիներ, որ ավելի շատ միջոցներ տրամադրվեր:

ՕԵԿ խմբակցությն ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ դժգոհեց, որ վերջին 15 տարիներին կառավարությունը, անկախ ոլորտներից, իրենց առաջարկությունները հաշվի չի առնում՝ ասելով, որ չկա փող. «Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ այն ներդրումները, որոնք բյուջեով արվում են ՊՆ-ին, կարծես բավարար չեն: 207 մլրդ է եղել ՊՆ-ի բյուջեն, մենք հասկացանք, որ 207 մլրդ-ը չի բավարարում: Առաջարկում ենք, որ թող պարոն նախարարը գա, որը ի զորու է լսել մեզ, մեր առաջարկությունը ընդունի: Օրինակ, ես առաջարկել եմ իքս գումար տրամադրել, որ արժանապատիվ զինվոր պահենք՝ կերակրենք, հագցնենք: Ոչ թե այն պահածոները, որը պատրաստված է զինվորի համար, հայտնվեն Լեհաստանում, ամբողջ կայքերը ցնցեցին, ո՞վ է պատասխան տալու սրա համար, որ գողություն է եղել այդ սուղ բյուջեից: Բոլորս էլ գիտենք, որ մեր բարեկամ, հարազատների երեխաներին, որոնք ծառայում են, աջակցում ենք հագուստով, չգիտեմ ինչով: Լուրեր տարածվեցին, որ Վերնիսաժից պետք է գնես այն հագուստը, որն անհրաժեշտ է: Սրանք ուղիղ բյուջեի հետ են կապված՝ ես առաջարկում եմ կրկնապատկել պաշտպանության բյուջեն, ո՞վ է լսում ինձ: Ո՞ւմ ականջների մասին պետք է խոսենք, որ լավ չի լսում այն մասին, որ տարիներ շարունակ խոսում ենք»:

Կորյուն Նահապետյանն էլ պատասխանեց, որ ապրիլյան դեպքերից հետո փակ քննարկում է եղել ՊՆ նախարարի եւ բոլոր պատգամավորների մասնակցությամբ, այդ հարցերը հնչել են եւ պատասխանել է նախարարը. «Ի՞նչ է, ուզում եք այդ քննարկումների ընթացքը կամ բովանդակությու՞նը հրապարակել, ինչը արեցին մեր որոշ գործընկեր պատգամավորներ՝ առանց խղճի խայթ զգալու»:

Կորյուն Նահապետյանն ասաց, որ հնարավոր է ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություններ անեն եւ պատասխանատվության միջոցներ սահմանեն՝ ծառայողական, պետական գաղտնիքի հրապարակման համար, դա էթիկայի նորմերի խախտում է նաեւ. «Մենք ԱԺ-ի ներսում պետք է ձգտենք, որ աշխատակազմը լրացուցիչ միջոցներ ձեռնարկի, որ այն  դեպքերում, երբ քննարկումը դռնփակ է ընթանում, տեղեկատվության արտահոսք չլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930