Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանուն կայուն խաղաղության եւ Արցախի կարգավիճակի՝ պետք է պատրաստ լինենք հողեր զիջելու»

Հունիս 25,2016 16:30

Պարույր Հայրիկյանը գաղտնազերծում է
Սերժ Սարգսյանի հետ զրույցից մի հատված

Պարույր Հայրիկյան.
ՌԴ-ն պետք է դուրս շպրտվի
Մինսկի խմբից

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ադրբեջանական կողմի հետ բանակցություններից տեղեկատվություն ստանալը, որ ԼՂՀ հարցը պետք է լուծվի փուլային տարբերակով` նախ հինգ, ապա երկու շրջանների վերադարձի մասին, զարմանալի չի համարում, քանի որ հայտնի է Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը: Հիշեցնենք. Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը նախօրեին հայտարարել էր, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Սանկտ Պետերբուրգում կայացած հունիսի 20-ի հանդիպմանը ձեռք է բերվել ԼՂ հակամարտությունը փուլային տարբերակով լուծելու վերաբերյալ պայմանավորվածություն. «Հակամարտությունը պետք է լուծել փուլային եղանակով՝ սկզբում ազատվում են հինգ շրջանները, այնուհետեւ եւս երկու շրջան: Դրանից հետո որոշվելու է ԼՂ կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այս հարցերի շուրջ»: Ավելի ուշ ադրբեջանցի պաշտոնյայի բացահայտումները հերքող հայտարարություն էր տարածել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը. «Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորմանը, ապա առաջին հերթին դրա հիմքում, ինչպես բազմիցս հայտարարվել է, պետք է ընկած լինի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ դրա իրացման ճանաչումը։ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որեւիցե պայմանավորվածություն ձեռք չի բերվել»:

Պարույր Հայրիկյանը շահեկան չի համարում խորանալ ադրբեջանական կողմից հնչած ու չհաստատված տեղեկությունների մեջ, բայց կարծում է, որ ամեն տարբերակի էլ պետք է պատրաստ լինենք: Այս պարագայում մեր զրուցակիցը սխալ չի համարում բացահայտել տարիներ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր եւ մի քանի այլ քաղաքական գործիչների զրույցը: Հանդիպման առիթը եղել է «Բացարձակ ժողովրդավարության» Հայրիկյանի առաջարկը: «Նա բոլորի ներկայությամբ ասաց, որ ես ժողովրդի առաջ պատասխանատվություն եմ կրում, ուզում եմ, որ խաղաղություն լինի եւ հանուն կայուն խաղաղության, Արցախի կարգավիճակը ներառյալ, կարծում եմ, որ պիտի պատրաստ լինենք հողերը զիջելու: Այսինքն՝ սկզբունքորեն իր այդ դիրքորոշման մասին ես գիտեմ եւ անտրամաբանական էլ չեմ համարում»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Բայց սխալն ի սկզբանե Հայրիկյանը համարում է բանակցային ձեւաչափը. «Եթե Հայաստանն է բանակցում, պիտի բանակցի բոլոր հարցերի մասին, եթե Արցախի վերաբերյալ են բանակցությունները, Հայաստանը պետք է դուրս գա, ԼՂՀ-ն պետք է բանակցի: Այդ հարցը չհստակեցվեց: Հայաստանն է բանակցում, բայց չլսվեց հարցը` ինչի՞ հիման վրա է Նախիջեւանը ձերը: Ուստի Հայաստանն այստեղ սխալ է գործում, որ չի ասում` Արցախն է կողմը, Արցախի հետ բանակցեք»:

Այն, որ առանց Մինսկի խմբի բոլոր համանախագահների ինչ-որ քայլեր էլ են արվում, Հայրիկյանը դրանք էլ չի դատապարտում: Միայն մի բան չի հասկանում. «Եթե Մինսկի խմբի համանախագահները լիարժեք չեն մասնակցում, ինչի՞ համար է Մինսկի խումբը: Համ Մինսկի խումբ կա, համ էլ Պուտինն առանձին հարցեր է լուծում, Ֆրանսիան հրավիրում է իր մոտ հանդիպման: Այ, սա է վտանգավորը: Մինսկի խումբը պիտի մնա Մինսկի խումբ: Պուտինն առանձին բան է անում, թող անի Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ»:

Ինչո՞ւ է լռում
Ժիրայր Սեֆիլյանը

«Երբ նախկին զինվորականի նկատմամբ գործ է հարուցվում զենք պահելու, զինամթերք ձեռք բերելու վերաբերյալ, օրենքներով ապրող որեւէ երկրում մինչեւ կարծիք արտահայտելը նայում ես` իրավապահներն ի՞նչ են ասում, փաստաբանն ի՞նչ է ասում»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, վերջին տարիներին ակտիվ քաղաքական գործունեություն ծավալող ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալման, ապա երկու ամսով կալանավորման փաստին՝ ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նա առայժմ ձեռնպահ է մնում հստակ հայտարարություններից, առավել եւս գործողություններից, քանի դեռ Ժիրայր Սեֆիլյանն անձամբ կամ իր փաստաբանների բերանով չի խոսել: Գործողությունների ելակետը մեր զրուցակցի համար անցյալ տարեվերջին ընդունված Սահմանադրությունն է. «Եթե իրավական որեւէ հարցի դու ուզում ես անդրադառնալ` պիտի նայես, թե երկրի Հիմնական օրենքի նկատմամբ ինչպիսի՞ վերաբերմունք ունեն իշխանությունները: Իսկ այդտեղ պատկերը սարսափելի է. 70 տոկոս «ոչ» են ասել մի նախագծի, որը նվազեցնում է ժողովրդավարությունը, ու հանկարծ 64 տոկոսանոց Սահմանադրությունն ամրագրված է: Դրանից հետո իրավական, օրինական դաշտում գործելու մասին խոսելն անտեղի է այսօրվա իշխանությունների պայմաններում»:

Ըստ Պարույր Հայրիկյանի՝ Ժիրայր Սեֆիլյանն ինքն է իր պահվածքի տերը, բայց երբ փաստաբաններ ունի, ավելի հստակ պիտի կողմնորոշի բոլորին. «Իրեն մեղադրանք են ներկայացրել, ինքը դրա հետ համաձայն չէ, հասկանում եմ, որ սարքած բան է: Բայց ինքը հստակ պետք է ասի` այս-այս մարդկանց չեմ ճանաչել կամ ճանաչել եմ` կազմակերպված բան է: Շատ լավ կլիներ, որ մենք բոլորս ելակետ ունենայինք: Իմ կարծիքով` կունենանք: Չեմ կարծում, որ Ժիրայր Սեֆիլյանը հստակ չի ներկայացնի մեզ: Մեր նախնական գնահատականները կարող են ենթակայական եւ սուբյեկտիվ լինել` ես համակրում եմ Ժիրայրին կամ չեմ համակրում Ժիրայրին: Ուստի ինձ համար շատ կարեւոր է, թե այս երեւույթի մասին ի՞նչ են ասում Ժիրայր Սեֆիլյանի փաստաբաններն ու անձամբ ինքը: Կարծում եմ՝ կհայտարարվի»: Դա, Հայրիկյանի կարծիքով, այս պետության մեջ մեծ բան փոխելու հնարավորություն չի տա, բայց կօգնի այլոց կողմնորոշվել: Օրինակ՝ ԱԻՄ-ականներն առաջարկել են միանգամից փողոց դուրս գալ, թեկուզ հիսուն հոգով եւ իշխանությանն ասել` վերջ տվեք ձեր սադրանքներին: Բայց Հայրիկյանը, որպես 50-ամյա ԱԻՄ-ի 48 տարվա ղեկավար, ձեռնպահ է մնում ԱԻՄ-ն առաջնորդել մի գործողության, երբ հետո, ասենք, կարող է մի քանի հոգի հայտարարեն` մենք մտածում էինք, որ ծայրահեղ դեպքում նաեւ զենքով պիտի հարց լուծենք:

Նաեւ զենքով հարցեր լուծելն էլ, Հայրիկյանի կարծիքով, ցանկացած ժողովրդի իրավունքն է, բայց կան «բայցեր», որոնք զենքով հարցեր լուծելուց առաջ պետք է իմանալ եւ հաշվի առնել: «Վճռական քայլեր անելուց առաջ ես պիտի իմանամ Ժիրայր Սեֆիլյանի եւ իր փաստաբանի խոսքը: Ինքն ամեն դեպքում քաղաքական կալանավոր է, խոսք չկա: Բայց խղճի՞ կալանավոր է, թե՞ քաղաքական… խղճի կալանավոր նշանակում է անմեղ զոհ, մոտավորապես, այլախոհ, իսկ քաղաքական կալանավոր կարող է լինել նույնիսկ ահաբեկիչը, եթե քաղաքական նպատակներով ինչ-որ բան է անում ստիպված՝ ծայրահեղ վիճակներում հայտնվելով: Բայց եթե խղճի կալանավորի ենք պաշտպանում` քաղաքական գործողությունների զոհ, որոշումն այլ պիտի լինի, եթե քաղաքական նկատառումներով եւ ստիպված հուսահատական քայլի գնացած մարդու` այլ: Ամեն դեպքում, ինչ որ տեղի է ունենում, շատ տհաճ բան է»,- ասում է մեր զրուցակիցը: Ընդհանրապես, Հայրիկյանը նախնական կալանքին դեմ է: Ասում է` դա պիտի լինի միայն բացառիկ դեպքերում, երբ ահաբեկիչն ասում է` էլի եմ սպանելու: Իսկ մնացյալ դեպքերում անմեղության կանխավարկածը պետք է լավ գործի: Մինչդեռ Հայաստանում նման բան չկա. «Ով իշխանությանը դուր չի գալիս, մի հատ սխալ է փռշտում, պիտի բանտում հայտնվի, մինչեւ դատարանը որոշի»:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Հ. Գ. Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ հրապարակվեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը փորձ է ադրբեջանական կողմից յուրովի մեկնաբանելու այն պայմանավորվածությունները, որին հասել են կողմերը Սանկտ Պետերբուրգում: Մամեդովի հայտարարությունը ՌԴ-ի կողմից որակվում է «անբարեխիղճ եւ խեղաթյուրված»:

 

«Առավոտ»

24.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930