Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ` «սեփական խաղի» մասին

Հուլիս 13,2016 10:00

Հետաքրքիր բան է «թրոլինգը»՝ նոր եմ սկսում հասկանալ դրա իմաստը: Ենթադրենք, ես գրում եմ խորհրդարանական թեմայով, մեկ էլ մեկնաբանություններում հայտնվում են ծածկանունով մարդիկ եւ սկսում են հայհոյել ինչ-որ մասնավոր բուհ: Կամ՝ ինչ-որ ադրբեջանցիներ, որոնք կոչ են անում մեզ «դուրս գալ իրենց հողերից»: Կամ էլ` ընդդիմադիր մտասեւեռումներ ունեցող մարդիկ, որոնց կարծիքով՝ նյութի ամբողջ իմաստն այն էր, որ ես կոչ եմ անում հանդուրժել «այս իշխանություններին»:

Վերջերս ես կարծիք էի հայտնել, թե պետք չէ առավոտվանից գիշեր քննարկել, թե օտար պետությունների պաշտոնյաներից ով ինչ է ասել մեր հասցեին: Այսինքն` Հայաստանը, հայ ազգը պետք է ունենա իր նպատակները, իր գիծը, որը պետք է տանի՝ անկախ նրանից, թե ով ինչ է ասում: Մինչդեռ մեկնաբանողներից մեկը դա «հասկացավ» այնպես, թե ես չեմ ցանկանում, որ Հայաստանի նախարարությունները հաշվի նստեն մեր քաղաքացիների պահանջների հետ:

Անիմաստ է, իհարկե, պայքարել «թրոլինգի» դեմ՝ միեւնույն է, ամեն մեկը հասկանում է այն, ինչ ցանկանում է հասկանալ: Մարդիկ ուզում են խոսել այն մասին, ինչ իրե՛նց է հուզում, եւ իմ կամ որեւէ այլ հեղինակի գրածի բովանդակությունը բացարձակապես կապ չունի՝ դա ուղղակի պատրվակ է՝ սեփական մտքերը շարադրելու համար: Բայց քանի որ պետության կողմից «սեփական գիծը» տանելու խնդիրը եւ այլ պետությունների ներկայացուցիչների ասածների վրա չկենտրոնանալու խնդիրը Հայաստանի համար, կարծում եմ, խիստ արդիական է, բերեմ մի օրինակ:

Օրինակը գուցե փոքր-ինչ չարչրկված է եւ վերաբերում է մեզ ոչ այնքան բարեկամական երկրին, բայց, միեւնույն է, ուսանելի է: 2009-2014 թվականներին Իսրայելի հիմնադրած ռազմականացված ավանները Հորդանան գետի արեւմտյան ափին եւ Արեւելյան Երուսաղեմում, որտեղ մեծամասնություն են կազմում արաբները, աճել եւ ընդլայնվել են 23 տոկոսով: Այնտեղ ապրում է մոտ կես միլիոն հրեա, ավանները հսկվում են հազարավոր իսրայելցի զինվորների կողմից: Գրեթե ամենօրյա արյունալի բախումները չեն դադարում տարիներ շարունակ` միայն անցած տարվա հոկտեմբերից մինչ օրս սպանվել են 214 պաղեստինցի, 34 իսրայելցի, մի քանի այլ երկրների քաղաքացիներ:

«Միջազգային հանրությանը» այս վիճակն ակնհայտորեն դուր չի գալիս: Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, միջազգային կազմակերպությունները կոչ են անում դադարեցնել այդ ավանների կառուցումը եւ բնակեցումը, սակայն վարչապետ Նեթանյահուն հայտարարում է. «Ինձ ծանոթ է ամերիկյան դիրքորոշումը, բայց ես այն չեմ ընդունում: Երուսաղեմում եւ Մաալե Ադումիմում շինարարությունը, ամենայն հարգանքով, չի հեռացնում մեզ խաղաղությունից»: Ահա այսպես՝ պարզ եւ հստակ. դրանից, ինձ թվում է, Միացյալ Նահանգները չի դադարում Իսրայելի դաշնակիցը եւ հովանավորը լինելոց:

….Վերջերս մի տեղ կարդացի. այս աշխարհում շատ բաների կարելի է հասնել, եթե ոչ մեկի թույլտվությունը չհարցնես:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    ՝Հայաստանը, հայ ազգը պետք է ունենա իր նպատակները, իր գիծը՝
    Շատ ճիշտ է:

    Ժամանանակից կայսրությունները ոչ թե տարածքներ են գրավում, այլ ստեղծում են ազդեցության ոլորտներ, որտեղ ռազմավարական միջոցների կառավարման ղեկը գտնվում է այդ կայսրությունների ձեռքում: Օրինակ, Հեռավոր Արեւմուտքի ամենահզոր երկիրն անգամ սեփական դրամը չունի, որը ռազմավարական միջոց է: Երբ սեփական մեքենադ մաշվում է, անհրաժեշտ են պահեստամասեր, որոնք արդեն ուրիշի ձեռքում են, ստացվում է, ով ղեկավարում է պահեստամասերի արտադրությունն ու տեղադրումը, նա էլ կառավարում է ձեր սեփականությամբ: Այսպիսով, երբ ռազմավարական միջոց ես ձեռք բերում, սկզբից որոշի, որքանո՞վ է պահեստամասեր արտադրողը քո ռազմավարական գործընկերը, իսկ մեր միակ ռազմավարական գործընկերը մենք ենք՝ մեր ազգը մեր պետության հետ միասին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031