Մայիսի 26-29-ին Բուլղարիայի Բուրգաս քաղաքում տեղի ունեցավ «Սրբազան բառ» («Свято слово»)՝ միջազգային գրական փառատոնը: Փառատոնը կազմակերպվում է Բուրգասի գրողների միության և «Լյուբեն Կարավելով 1940» մշակույթի տան համագործակցությամբ: Նշվում էր փառատոնի հիմնադրման 20-ամյակը: Հայաստանից փառատոնին հրավիրված էր բանաստեղծուհի Հերմինե Նավասարդյանը: Նա արժանացել է փառատոնի «Միստիկ պոեզիա» մրցանակի:
Երբ լուսավոր մի առավոտյան Свято слово վերնագրով նամակ – հրավեր ես ստանում՝ մասնակցելու պոեզիայի փառատոնի՝ ասես երկնային մի զորություն թռիչքի համար հոգուդ մեջ թևեր բացի… Բուլղարիայի Բուրգաս քաղաքում էր «Սրբազան բառ» միջազգային գրական փառատոնը: Գեղեցիկ քաղաք է Բուրգասը, որտեղ բոլոր ճանապարհները դեպի ծով են տանում: Փառատոնը հիմնադրվել է 2007 թ.-ին, որին մասնակցել են 120 գրողներ աշխարհի տարբեր երկրներից: 20-րդ հոբելյանական փառատոնին մասնակցում էին գրողներ Բուլղարիայից, Լեհաստանից, Խորվաթիայից, Հայաստանից, Մակեդոնիայից, Չեխիայից, Չեռնոգորիայից և Սերբիայից: Մայիսի 24-ին Բուրգասում նշվում է Սուրբ Կիրիլի և Միֆոդիի՝ բուլղարական գրերի, լուսավորության և մշակույթի տոնը: Սլավոնական այբուբենի ստեղծողներին նվիրված տոնի լուսավոր տրամադրությամբ էր շնչում քաղաքը:
Փառատոնի բացումը տեղի ունեցավ մայիսի 26-ին Բուրգասի գրողների միությունում: Փառատոնի մասնակիցներին ողջունեցին փառատոնի հիմնադիր, բանաստեղծուհի, թարգմանչուհի Ռոզա Բոյանովան, փառատոնի կազմակերպիչներ՝ «Լյուբեն Կարավելով 1940» մշակույթի տան քարտուղար Վիլի Կոլևան և Բուրգասի գրողների միության նախագահի տեղակալ, բանաստեղծուհի, թարգմանչուհի Նատալյա Նեդյալկովան: Այնուհետև ողջույնի խոսք ասացին մասնակից գրողները և ընթերցեցին իրենց բանաստեղծությունները մայրենի լեզվով: Հնչեցին նաև բանաստեղծությունների բուլղարերեն թարգմանությունները: Փառատոնի կազմակերպիչները գրողներին հանձնեցին փառատոնի մասնակցության հավաստագրեր, նրանց ստեղծագործությունները պարունակող բուլղարերեն «Բուրգասի ոգեշնչմամբ» անթոլոգիան, ինչպես նաև գրքեր ու հուշանվերներ փառատոնի հովանավոր Բուրգասի քաղաքապետարանի կողմից: Անթոլոգիայում տպագրվել էին 2022-2026 թթ. փառատոնի մասնակիցների ստեղծագործությունները:
Մայիսի 27-ին մեկնեցինք Սուրբ Անաստասիա կղզի: Կղզին կրում է 12-14-րդ դարերում հիմնադրված ուղղափառ վանքի անվանումը: Վանքի վերանորոգված պատերին խնամքով պահպանվել էին ժամանակի քրիստոնեական արվեստը ներկայացնող որմնանկարները: Կղզին այժմ Բուլղարիայի տեսարժան վայրերից է, որտեղ բազմաթիվ այցելուներ են լինում: Այստեղ գրական ընթերցում կազմակերպվեց, մասնակիցներին տրվեցին պատվոգրեր: Կային բանաստեղծներ, որ կատարեցին իրենց խոսքերով գրված երգեր: Բանաստեղծ – երգահան Պետեր Չուհովը ստացավ մրցանակ կղզու քաղաքապետի կողմից: Երեկոյան Բուրգասի գրողների միությունում տեղի ունեցավ բուլղար բանաստեղծների ստեղծագործությունների՝ Միլուտին Ջուրիչկովիչի սերբերեն թարգմանած «Ներքին ծով» անթոլոգիայի և Նատալյա Նեդյալկովայի «Փետրվարի 31-ի նախօրեին»՝ Դամիր Մարասի խորվաթերեն թարգմանած գրքի շնորհանդեսը: Մայիսի 28-ին մեկնեցինք ծովափնյա Նեսեբար քաղաք: Այն Բուլղարիայի հնագույն քաղաքներից է և շատ են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող պատմամշակութային հուշարձանները: 10-րդ դարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ գրական ընթերցում: Աստվածային լույսով ողողված եկեղեցում տարբեր լեզուներով հնչող պոեզիան վերերկրային զգացողություններով էր լցնում ստեղծագործողների հոգիները: «Բաց երկնքի տակ» գրական – երաժշտական ներկայացում եղավ 5-6-րդ դարերում կառուցված, միջնադարում՝ եպիսկոպոսանիստ և մինչև 18-րդ դար գործող Սուրբ Սոֆիա բազիլիկ եկեղեցում: Այժմ կանգուն են եկեղեցու միայն երեք պատերը: Փառատոնին մասնակցում էր նաև ճանաչված թարգմանիչ ու երաժիշտ Անջելա Ռոդելը: Նա անգլերեն է թարգմանել բուլղարացի գրող Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստան» վեպը, որ Բուքերյան մրցանակի արժանացած առաջին բուլղարերեն գիրքն է: Անջելա Ռոդելի կատարմամբ ու Պետեր Չուհովի նվագակցությամբ հնչեցին բուլղարական ազգային երգեր՝ ժամանակակից մշակմամբ: Նման ձեռնարկները հնադարյա եկեղեցիներին ժամանակի հոգևոր շունչն են հաղորդում: Նույն օրը Բուրգասի գրողների միությունում տեղի ունեցավ գրքերի շնորհանդես. մակեդոնացի բանաստեղծուհի Դանիելա Անդոնովսկա-Տրայկովսկայայի «Մեր կյանքի անկյունները»՝ Ռոզա Բոյանովայի բուլղարերեն թարգմանած գրքի և սերբ բանաստեղծուհի Դուշիցա Իվանովիչի «Բանաստեղծությունների ընտրանի»՝ Նատալյա Նեդյալկովայի թարգմանած սերբերեն-բուլղարերեն գրքի:
Մայիսի 29-ին ուղևորվեցինք Ստրանջա լեռներում գտնվող հնագույն մեգալիթյան Բեգլիկտաշ սրբավայր ու աստղադիտարան: Այն հայտնի է որպես բուլղարական Սթոունհենջ: Հսկայական քարերը մեր Քարահունջն էին հիշեցնում: Միստիկական մի վայր էր այն՝ ներկան, անցյալն ու ապագան կապող, երկրային կյանքի անցողիկությունն ու տիեզերական հավերժությունը խորհրդանշող: Գրական ընթերցմանը տարբեր երկրների բանաստեղծների հետ միասին մասնակցեցին նաև բուլղարացի բանաստեղծներ: Հնչեցին բուլղարական հնագույն երգեր Անջելա Ռոդելի կատարմամբ: Փառատոնի ծրագրով նախատեսված էր ստեղծագործական ժամ, որի ընթացքում գրված բանաստեղծությունները ներկայացվելու էին «Միստիկ պոեզիա» մրցույթին: Հեղինակները բանաստեղծություններն ընթերցեցին վերադարձին՝ Բուրգասի գրողների միությունում: Լավագույն ստեղծագործություններն արժանացան մրցանակների՝ բանաստեղծություններին համապատասխան անվանակարգերում: Անակնկալ էր իմ ստացած մրցանակը ի թիվս մյուս մրցանակակիրների՝ Միոդրագ Յակշիչի (Սերբիա), Ռոման Կիսյովի (Բուլղարիա), Դանիելա Անդոնովսկա-Տրայկովսկայայի (Մակեդոնիա), Դուշիցա Իվանովիչի (Սերբիա) և Վենցիսլավ Յոսիֆովի (Բուլղարիա), քանզի եթե սլավոնական լեզուներով ստեղծագործող բանաստեղծների ստեղծագործությունները հասկանալի էին ունկնդիրներին և ժյուրիին, հայերենը թարգմանության կարիք ուներ:
Միջազգային գրական փառատոները տարբեր երկրների գրողների ստեղծագործական զարգացման միջավայր են: Դրանք առիթ են տարբեր լեզուներով ստեղծագործող գրողների ծանոթության, ինչպես նաև նրանց միջև գրական կապերի հաստատման համար: Անկախ երկրներից, մշակույթներից ու ստեղծագործության լեզվից՝ բանաստեղծությունը լույս ու խաղաղություն է սփռում, որ չափազանց անհրաժեշտ է ժամանակակից աշխարհին:
Հերմինե Նավասարդյան
«Առավոտ» օրաթերթ
18.06.2026


















































