Լրահոս
Օրվա լրահոսը

Գործի հաջողության կեսը՝ նվիրված մարդն է. Լ. Մկրտչյան  

Հուլիս 13,2016 18:01

Հաշվի առնելով ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում երիտասարդ կադրերի ներգրավման կարևորությունը, աշակերտների համար կրթական ռեսուրսների մատչելիության անհրաժեշտությունն ու կուտակված միջազգային փորձի կիրառման կարևորությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը` ի դեմս կազմակերպության նախագահ Լարիսա Հովհաննիսյանի, այսօր կնքել են փոխըմբռնման հուշագիր։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ իրականացվող ծրագիրը կարևոր է Հայաստանի համար և կրթական, և բարոյական տեսակետից: «Ի դեմս մեր հարգելի գործընկերների՝ Հայաստանում սկսում է ձևավորվել հայկական կամավորական շարժումը, որը, հույս ունեմ, կունենա մասսայականություն և կընդգրկի ավելի լայն շերտեր: Այս գործը կարևոր է մեր երկրի համար, որովհետև ապացուցում է միասնականության և առաքելության գիտակցումը և ամենակարևորը՝ սովորեցնում է մարդկանց բացի սեփական կարիերա անելուց և սեփական ճանապարհով գնալուց նաև օգտակար լինել մյուսներին», – նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդին, ֆինանսավորողների և գաղափարախոսության հիմքում կանգնած բոլոր կազմակերպություններին: «Երբ գործի գլխին կանգնած է նվիրված մարդ, ապա գործի հաջողության կեսն ապահովված է: Ես ուրախ եմ, որ մեր գործընկերները նման մարդիկ են, ովքեր թողնելով հանգիստ կյանքը և լավ աշխատանքը, փորձել՝ հանուն ապագայի իրականացնել լուրջ ծրագրեր՝ գաղափարական որոշակի հիմքերից ելնելով »,- նշել է նախարարը և հատուկ շնորհակալություն հայտնել նաև միջոցառմանը ներկա IDeA և RVVZ բարեգործական հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդին և Teach For All-ի համաշխարհային ցանցի տնօրեն և համահիմնադիր Ուենդի Քոփին: «Հայաստանում շատ ծրագրեր երազից դառնում են իրականություն՝ տարբեր կազմակերպությունների հետևողական ջանքերի շնորհիվ:

Ցանկանում եմ հատուկ շեշտել նաև ամերիկյան գործընկերների ներդրումը, որովհետև Teach For All-ի հիմքում կամավորության գաղափարախոսությունն է, որը ժամանակին ԱՄՆ նախագահ Քենեդին հռչակել է՝ որպես արժեհամակարգի տարածման ձևաչափ: Հայաստանի ներկայությունն այս մեծ կազմակերպությունում հայկական ձևաչափով շատ կարևոր է մեզ համար» – նշել է նախարարը՝ հույս հատնելով, որ ապագայում վերոնշյալ կազմակերպության հետ համագործակցությունը կընդլայնվի:

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի նախագահ Լարիսա Հովհաննիսյանն նշել է, որ արդեն երկրորդ տարին է, ինչ հիմնադրամն աշխատում է ԿԳ նախարարության հետ: «Մենք սկսել ենք փոքր՝ 14 մասնակցից ընտրված խմբով. վերջիններս ներկայումս դասավանդում են ՀՀ Լոռու, Տավուշի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներում: Այս տարի ծրագիրը կընդգրկի նաև Արագածոտնի մարզը: Վստահ ենք, որ ճիշտ ճանապարհին ենք՝ Հայաստանի երեխաներին գերազանց կրթական հնարավորությամբ ապահովելու համար: Մեր ծրագիրը չէր կարող լիարժեք կայանալ՝ առանց ԿԳ նախարարության և ՀՀ մարզպետարանների, ինչպես նաև մեր գործընկեր տնօրենների աջակցության, ովքեր մեզ բաց սրտերով են ողջունել իրենց համայնքներում: Հենց այս գործընկերության և մեր մասնակիցների հիանալի արդյունքների շնորհիվ է, որ արդեն այս սեպտեմբերից ավելի քան 50 ուսուցիչ կդասավանդի Հայաստանի ուսուցիչների պակաս ունեցող դպրոցներում: Եվ սա մեր տեսլականի իրականացման միայն սկիզբն է, որի համար Teach For All կազմակերպությունն աշխատում է 40 այլ երկրներում ևս», – նշել է Լարիսա Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հպարտ է, քանի որ Հայաստանը մուտք է գործել համաշխարհային կրթական հարթակ Teach For All շնորհիվ: Վերջինս ողջ աշխարհում խրախուսում է նորարարական մեթոդների և առաջնորդության ներմուծումը հանրակրթության ոլորտ:

IDeA և RVVZ բարեգործական հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդին իր հերթին նշել է, որ կրթությունը միավորում է աշխարհի բոլոր մարդկանց: «Կան մի քանի բաներ, որոնք ընդհանուր են բոլորի համար՝ անկախ մասնագիտությունից և աշխատանքից: Դա երեխաների առողջությունն է և ապագան: Պետության ապագան կապված է, թե ինչպիսի կրթական համակարգ ունես և ինչպես է դաստիարակվում նոր սերունդը: Այս ծրագիրն օրինակ է, թե ինչպես է Հայաստանը դառնում գլոբալ աշխարհի մի մաս», – նշել է նա՝ հույս հայտնելով, որ ապագայում ՀՀ բոլոր դպրոցներում կաշխատեն «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչներ:

Teach For All-ի համաշխարհային ցանցի տնօրեն և համահիմնադիր Ուենդի Քոփին նշել է, որ օրերս այցելել է Դիլիջանի միջազգային դպրոցում իրականացվող «Դասավանդի՛ր, Հայաստան» – ի ամառային ինստիտուտ, որի առթիվ հատնել է իր ոգևորությունը: «Շատ կարևոր է տեսնել այն առաջընթացը, որ գրանցել են ծրագրի մասնակիցները: Մենք մեր բոլոր ջանքերը և ռեսուրսները կուղղենք, որ բոլոր հայ երեխաները ստանան գերազանց կրթություն: Ոգևորված եմ, որ Հայաստանը մասնակից է մեր ցանցին» – նշել է նա՝ կարևորելով ԿԳ նախարարության հետ համագործակցությունը, քանի որ, ըստ բանախոսի, ծրագրի շրջանակում աշխարհում ամենամեծ հաջողության հասել են այն երկրները, որոնք արդյունավետ համագործակցել են պետական գերատեսչությունների հետ:

Նշենք, որ նոր ուսումնական տարում «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից ընտրված, բարձր որակավորում ունեցող 33 երիտասարդ մասնագետներ կմեկնեն Հայաստանի մարզեր՝ դասավանդելու մասնագետների պակաս ունեցող դպրոցներում: «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցները դասավանդում են հանրակրթական ծրագրով նախատեսված բոլոր առարկաները՝ շեշտը դնելով հատկապես ճշգրիտ գիտությունների, բնագիտական առարկաների և օտար լեզուների ուսուցման վրա։

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031