Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես խուսափել անորակ ատենախոսություններից

Օգոստոս 05,2016 13:00

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Գրիգորյանը նոր մոդել է առաջարկում:

Լ. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի 023 մասնագիտական խորհրդի անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) վերակառուցման կարիք ունի: Նա նաեւ համոզված է, որ այս կառույցը պետք է դուրս գա ԿԳ նախարարության ենթակայությունից եւ գործի կամ նախագահին, կամ կառավարությանն առընթեր:

«Պաշտպանությունից հետո ատենախոսությունը մտնում է ԲՈՀ եւ վերջնական գնահատականն այնտեղ է ստանում, դրա համար էլ խորհրդի անդամները մի քիչ թեթեւ են նայում սրան, որովհետեւ ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ԲՈՀ-ի վրա: Ինչպե՞ս է այսօր տեղի ունենում ընդհանրապես պաշտպանությունների ընթացքը: Ատենախոսը եւ նրա ղեկավարը, եթե համարում են, որ դիսերտացիան ավարտված է եւ պետք է դուրս բերել պաշտպանության, աշխատանքն անցնում է նախնական պաշտպանություն, որից հետո հրապարակային պաշտպանություն՝ մասնագիտական խորհրդում, ապա ատենախոսությունը մտնում է ԲՈՀ: ԲՈՀ-ի խնդիրն այն է, որ իրենք գնահատում են՝ որքանո՞վ է ատենախոսությունը համապատասխանում ԲՈՀ-ի հանձնաժողովի պահանջներին: Խորհրդի խնդիրն էլ այն է, որ գնահատում է ե՛ւ ատենախոսության, ե՛ւ ատենախոսի համապատասխանությունը: Իմ կարծիքով՝ հերթականությունը մի քիչ խախտված է՝ սկզբից մտնում է պաշտպանության, հետո՝ ԲՈՀ: Ես առաջարկում եմ հետեւյալը՝ երբ ատենախոսը համարում է, որ դիսերտացիան պատրաստ է պաշտպանության, անցնում է նախնական փորձագիտական պաշտպանությունը, ինչպես որ այսօր ընդունված է, որից հետո ես առաջարկում եմ, որպեսզի ատենախոսությունը մտնի ԲՈՀ՝ մինչեւ հրապարակային պաշտպանությունը: Տվյալ ատենախոսին եւ ատենախոսությանը կցվում է մի փորձագետ, որը աշխատում է ատենախոսի հետ՝ բաց, թափանցիկ ձեւով, մանրամասն կարդում է, բոլոր թերությունները նշում է, հետ է ուղարկում, ատենախոսը ղեկավարի հետ ուղղում է դրանք: Այս պրոցեսը կարող է տեւել 1-6 ամիս՝ կախված նրանից, թե որքանով է լիարժեք աշխատանքը, որից հետո փորձագետը տալիս է իր դրական եզրակացությունը, ապա ատենախոսին իրավունք է տրվում հրատարակել սեղմագիրը, տպել դիսերտացիան արդեն կազմած վիճակով: Նշանակվում է պաշտպանության օրը, ժամը եւ վայրը՝ երկու ամիս հետո: Երկու ամիսը օգտագործվում է հետեւյալի համար՝ 10 օրվա մեջ ատենախոսը պատրաստում է դիսերտացիան եւ սեղմագրերը, ԲՈՀ-ի կողմից ատենախոսին կցվում է քարտուղար, որը ընդունում է դիսերտացիաները, սեղմագրերը, ԲՈՀ-ի ներսում հատուկ ծրագրով ձեւավորվում է միանվագ մասնագիտական խորհուրդ, այսօր գործող խորհուրդները պետք է լուծարվեն: Այդ խորհուրդների անդամները մտնում են ԲՈՀ-ի բազայի մեջ որպես գիտնականներ: Ընդունենք պաշտպանվում է պատմության գծով թեկնածուական ատենախոսություն, եւ ԲՈՀ-ն իր բազայում ունի 30 պատմական գիտությունների դոկտոր: Իմ առաջարկած 30 հոգուց պատահականության սկզբունքով ծրագիրն ընտրում է խորհրդի 12 անդամ եւ երկու ընդդիմախոս: Այդ ցուցակն իմանում է միայն քարտուղարը եւ ԲՈՀ-ի նախագահը, իսկ ատենախոսը տեղյակ չի լինում: Քարտուղարը դիսերտացիաները մեկական օրինակով բաժանում է ընդդիմախոսներին ու խորհրդի անդամներին, նրանց տեղեկացնում է պաշտպանության օրվա մասին: Կայանում է պաշտպանությունը, ընդ որում՝ աշխատանքն արդեն ԲՈՀ-ի հաստատումն անցել է: Պաշտպանության ատենախոսը եւ ղեկավարն առաջին անգամ են տեսնում խորհրդի անդամներին եւ ընդդիմախոսներին, չգիտեն ընդդիմախոսների եզրակացությունը, դիտողությունները: Այստեղ իրոք ճիշտ գնահատական է ստանում եւ աշխատությունը, եւ դիսերտանտը, եթե կարողանում է գրագետ պաշտպանվել դահլիճից հնչած հարցերից: Ի վերջո ձեւավորվում է հաշվիչ հանձնաժողով: Եթե ատենախոսության վերաբերյալ դրական կարծիքներ են լինում, խորհրդի նախագահը, որը հենց այդ օրն է ընտրվում, հայտարարում է տվյալ մարդուն պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան շնորհելու մասին, այդ նույն ժամանակ ԲՈՀ-ից բերում են նրա վկայականը՝ ստորագրված նախագահի կողմից եւ շնորհում են»,- իր մոդելը ներկայացրեց Ստեփան Գրիգորյանը:

Բժշկական գիտությունների դոկտորը կարծում է, որ այսօր պաշտպանվող ատենախոսությունների պարագայում պատրաստված են լինում խորհուրդները, ընդդիմախոսները, ատենախոսը տեղյակ է լինում, թե ինչ հարցեր կարող են հնչել:

Ինչ վերաբերում է իրենց 023 խորհրդին, որը Ստեփան Գրիգորյանի ձեւակերպմամբ, բարի խորհուրդ լինելու համբավ ունի, դա էլ իր բացատրությունն ունի. «Մեզ մոտ պաշտպանությունները հեշտ են անցնում: Բայց հեշտ են անցնում, որովհետեւ նախնական փորձագիտական քննությանը մեր խորհրդում քրքրում են ինչպես դիսերտացիան, այնպես էլ ատենախոսին: Այնքա՜ն հարցեր են տալիս ու այնքա՜ն պարզաբանումներ են պահանջում…Ես 5-6 տարի այդ խորհրդի անդամ եմ, եւ չեմ հիշում մի դեպք, երբ որեւէ ատենախոսություն բեկանվի: Մի անգամ մեկ աշխատանք է հետ ուղարկվել, այն էլ չնչին կոսմետիկ տեխնիկական թերության պատճառով՝ նկարների համարները չէին համապատասխանում տեքստի նշումներին»:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ այն պնդումներին, թե պետք է վերացնել գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը: Մասնագիտական խորհրդի անդամը պնդում է, որ այդ պարագայում հսկայական թվով ատենախոսություններ կպաշտպանվեն ու բոլորը կդառնան գիտությունների դոկտորներ, ինչը գիտությանը միայն վնաս կբերի: Ինչ վերաբերում է 28-30 տարեկանում գիտությունների դոկտորի գիտական աստիճան ստացածներին, Ստեփան Գրիգորյանը չի կարծում, թե այդ աստիճանի բացառիկ ընդունակություններով մարդիկ շատ են Հայաստանում. «Մեր ժամանակներում դա նորմալ չէ, օրինակ, Մերգելյանն է այդպիսին եղել: Նա իր դիսերտացիան պաշտպանում էր որպես թեկնածուական, իրեն միանգամից շնորհեցին դոկտորական աստիճան»:

Գիտնականը խոսեց նաեւ գիտական կոչումներից. «Պրոֆեսորի կոչում պետք է ստանա այն մարդը, որն ունի գիտությունների դոկտորի գիտական աստիճան եւ պատրաստել է առնվազն 3 թեկնածու, ղեկավարել է գոնե 3 թեկնածուական դիսերտացիա, այսինքն՝ պատրաստել է գիտական դպրոց: Օրինակ, հատկապես արվեստի ոլորտի մարդիկ, չգիտես ինչու, ուզում են խցկվել ու պրոֆեսորի կոչում ստանալ, եւ սա այն դեպքում, երբ մեծ մասն արդեն արվեստի վաստակավոր գործիչ է, վաստակավոր արտիստ, ժողովրդական արտիստ, հազար ու մի կոչում ունի, որ գիտնականները չունեն: Գիտնականներինը միայն դոցենտն է ու պրոֆեսորը: Նույնն էլ սպորտի ոլորտում է, մարդիկ սպորտի վարպետ են, վաստակավոր մարզիչ եւ այլն, բաց ուզում են պրոֆեսոր էլ լինել…Դե բավարարվեք, էլի, եղածով: Ֆիզկուլտուրայի ինստիտուտում ունենք Ըմբշամարտի ամբիոնի վարիչ՝ Բորիս Սաղյանը, որը ե՛ւ վաստակավոր մարզիչ է, ե՛ւ մանկավարժական գիտությունների դոկտոր, ե՛ւ պրոֆեսոր: Իրեն հասնում է այդ կոչումը: Կամ՝ նույն ինստիտուտից Ֆրունզ Ղազարյանը, որն էլի սպորտի վարպետ է, սպորտի վաստակավոր գործիչ է, դոկտոր է, պրոֆեսոր, մարդը նաեւ գիտությունների 45 թեկնածու է պատրաստել»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031