Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են ապրել ՊՊԾ գնդի շրջակա տարածքի բնակիչներն անցած 14 օրերին

Օգոստոս 05,2016 15:00

Խորենացի փողոցի բնակիչներից մեկը, ում տունը գտնվում է գրավված ՊՊԾ գնդին մոտ՝ վտանգավորության հատվածում, «Առավոտին» պատմեց, թե ինչպես են ապրել անցած 14 օրերին: «Երբ հուլիսի 17-ի վաղ առավոտյան կրակոցներ լսեցինք, պատկերացում չունեինք, թե ինչ է տեղի ունեցել: Հաջորդ երկու օրերին էլ ոչինչ չգիտեինք, ինչպես բոլորը: Միայն տեսնում էինք, որ ոստիկանները մի քանի շարքով արգելափակել էին մեր ու շրջակայքի փողոցները: Կարծում եմ՝ առաջին, գուցե նաեւ երկրորդ օրը ՊՊԾ-ի շրջակայքում գիշեր-ցերեկ հերթապահող ոստիկաններն էլ ամբողջապես չէին տիրապետում օպերատիվ իրավիճակի մասին տեղեկատվությանը: Համենայնդեպս, մեզ ոչինչ չէին ասում: Գուցե, որպեսզի բնակիչները խուճապի չմատնվեն: Հասկանալի է՝ բնակիչներիս ազատ տեղաշարժը որոշ չափով սահմանափակված էր, ավելի ճիշտ՝ անցանկալի՝ մեր իսկ անվտանգության նկատառումներով, քանի որ մեր տները գտնվում էին վտանգավոր գոտում ու ամեն վայրկյան ամեն բան կարող էր տեղի ունենալ: Առավոտները մենք տնից դուրս էինք գալիս անարգել: Մի ոստիկան անպայման ուղեկցում էր մեզ մինչեւ անվտանգության գոտուց դուրս գալը: Նույնը կատարվում էր երեկոյան, երբ տուն էինք վերադառնում: Բայց դրանից հետո նրանք մեզ խորհուրդ էին տալիս, որ աշխատենք մնալ տանը, դուրս չգալ: Իսկ երբ մոտակա խանութից գնումներ կատարելու անհրաժեշտություն էինք ունենում, առանց որի անհնար էր, ոստիկանները խորհուրդ էին տալիս, որպեսզի հարեւաններով հավաքվենք, անհրաժեշտ ապրանքների ցուցակ կազմենք ու մեզանից մեկը գնար գնումներ կատարելու՝ կրկին իրենցից մեկի ուղեկցությամբ ու կրկին անվտանգության նկատառումներով», – պատմեց բնակիչը, որը չցանկացավ ներկայանալ:

Մեր հարցին, թե բնակիչների հետ շփումներում ոստիկաններն իրենց ինչպե՞ս էին պահում՝ կոպիտ վերաբերմունք կամ ուժի դրսեւորում, բնակիչը պատասխանեց. «Ոչ, ինչ եք ասում: Հավատացեք, որ բոլորն էլ շատ բարեկիրթ էին իրենց պահում, աշխատում չլարել առանց այդ էլ մեր լարված օրերը»:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031