Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրամահավաքն այն է, որ հավաքում են թանգարանի համա՞ր, թե՞ որ տնօրենին նվեր են առնում»

Սեպտեմբեր 08,2016 10:32

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը կրթության
պատասխանատուներին կոչ է անում հստակություն մտցնել

Վերջերս օգոստոսյան խորհրդակցություններ կայացան, որոնց մասնակցում էին լիազոր մարմնի ներկայացուցիչներ եւ կրթօջախների տնօրեններ: Այս տարի էլ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների տնօրեններին հավաքեցին Մոսկվայի տանը, հնչեց Հայաստանի հիմնը, էկրանին ցուցադրվեցին գրանցված հաջողությունները, քաղաքապետ Տարոն Մարգարյանի լուսանկարը եւ այլն: Համարյա ամեն ինչ նույնն էր՝ նույն պաթոսը, պաշտոնականությունը, ձեւաչափի ոչ մի փոփոխություն, մեկ-երկու ակտիվ տնօրեն խոսեցին իրենց դպրոցների հաջողություններից կամ ներդրված ծրագրերից: Առաջին անգամ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների տնօրենների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությանը ներկա էին ԿԳ նախարարն ու քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախկինում նախարարությունը փոխնախարարի մակարդակով էր ներկայանում, քաղաքապետարանը՝ փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի:

«Առավոտի» հետ զրույցում կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը տարակուսանք հայտնեց այս ավանդական անփոփոխության վերաբերյալ: «Օգոստոսյան խորհրդակցությունների նպատակն այն է, որ անցած ուսումնական տարում արձանագրված հաջողությունների մասին խոսվեն շատ քիչ, եւ ավելի շատ ազատորեն ու անկախ խոսվի այն մասին, թե ինչ խնդիրներ ունեն դպրոցների տնօրենները, իսկ ներկայիս ձեւափով այդ խոսակցությունը չի ստացվում: Ես կարծում եմ, որ շատ ավելի նպատակային կլիներ, եթե վարչական շրջան առ վարչական շրջան տնօրենները հավաքվեին, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը, փոխքաղաքապետը նստեին սեղանի շուրջ ու բարձրաձայնեին այն խնդիրների մասին, որոնք իրենք ունեն, եւ լիազոր մարմինն ու քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներն էլ խոսեին այն մասին, թե իրենք ինչեր են նախորդ տարում արձանագրել, ինչպես են ուղղորդելու, ինչ ուղերձ են հղում տնօրեններին, բայց այդ ուղերձը ոչ թե պաշտոնական ամբիոնից լիներ՝ հանդիսավոր դահլիճում, այլ անցներ որեւէ դպրոցում՝ աշխատասենյակում, որովհետեւ սա աշխատանքային խորհրդակցություն է ենթադրում»,- ասաց տիկին Բախշյանը:

Նա նաեւ զարմացավ, որ ԿԳ նախարարն ու քաղաքապետը սեպտեմբերը չեկած՝ կոչ են արել դրամահավաքներ չանել: «Պետական պաշտոնյաները չպետք է նման կոչեր անեն, օրինակ՝ վերջ տվեք դրամահավաքությանը, այսինչին… Այդ կոչերը ոչինչ են, եթե սեղանի շուրջ դրա մասին չի խոսվում, որովհետեւ եթե դրամահավաքություն ենք ասում, ապա դասագրքերի համար հավաքվող գումարն էլ է դրամահավաքություն, հազար ու մի միջոցառումներ են արվում երեխաների համար՝ ծնողների մասնակցությամբ:

Առանց գումարի այդ միջոցառումներն այն էֆեկտը չեն ունենա, որ երեխաները հաճույք ստանան, հետեւաբար թող լիազոր մարմինը սահմանի՝ որն է դրամահավաքը: Դրամահավաքն այն է, որ հավաքում են թանգարան, թատրոն տանելու համա՞ր, թե՞ որ տնօրենին նվեր են առնում: Իմիջիայլոց, թատրոնները հատուկ ներկայացումներ են բեմադրում տարբեր տարիքի երեխաների համար, եւ հետո կանգնում են շատ լուրջ խնդրի առաջ, որովհետեւ տնօրեններն ասում են՝ արգելված է դրամահավաքը, տոմսեր չենք կարող գնել: Բայց չէ՞ որ դա դրամահավաք չէ, ներդրում է երեխայի մշակութային դաստիարակության եւ զարգացման համար: Արդեն տարին չսկսած՝ նախարարն էլ է հայտարարել, որ դրամահավաքությունն արգելված է, քաղաքապետն էլ: Ի՞նչ է նշանակում սա, արդեն քանի տարի է՝ անձամբ ես բարձրաձայնում եմ, թե եկեք սահմանենք՝ դրամահավաք ասելով ինչ ենք հասկանում: Եվ մի բան էլ, եթե դրամահավաքն արգելում եք, ուրեմն դասագրքից սկսած՝ թող ամեն ինչի համար հոգա դպրոցը: Ի վերջո, կան բաներ, որոնց ծնողը հաճույքով է մասնակցում, ուզում է, որ իր երեխան ունենա այն աբոնեմենտը, որով պետք է իր երեխան համերգ, ներկայացման ու ֆիլմի դիտման գնա»,- համոզված է տիկին Բախշյանը:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի:

«Առավոտ»

06.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930