Եվ խնդրում թոռանը տեղավորել ռուսական թեքումով դասարանում
Հայտնում եմ Ձեզ, որ թոռնիկս՝ Ռուզաննա Մանուկյանը, ծնված 2006թ., բնակվել է Մոսկվա քաղաքում, հաճախել է ռուսական դպրոց: Երկու տարի անց՝ 2015թ. վերադարձել է Երեւան: Սովորել է Չեխովի անվան դպրոցի ռուսական թեքումով 3-րդ դասարանում: Ես Արցախյան պատերազմի վետերան եմ, արժանացել եմ բազմաթիվ հուշամեդալների (Հայաստանի եւ Արցախի նախագահների, պաշտպանության եւ ոստիկանության նախարարների եւ… կողմից): Հաշվի առնելով իմ մատուցած ծառայությունները հայրենիքիս համար՝ խնդրում եմ Ձեր ցուցումը կրթության եւ գիտության նախարարությանը՝ բացառության կարգով թույլատրել թոռնիկիս ուսուցումը շարունակել ռուսական թեքումով 4-րդ դասարանում:
Կրթության եւ գիտության նախարարությանը կանխավ դիմել էի եւ ստացել մերժողական պատասխան՝ մեկնաբանելով, որ ծնողներից որեւէ մեկը պետք է լինի Ռուսաստանի քաղաքացի: ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը մասնավորապես պատասխանել էր. «Ի պատասխան Ձեր 01.08.2016թ. դիմումի՝ հայտնում եմ, որ կրթության եււ գիտության նախարարի 2010թ. նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանի 13֊րդ կետի համաձայն՝ այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ դպրոցներում (դասարաններում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները ուսումնական տարվա առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են մինչեւ ուսումնական տարվա ավարտը, իսկ երկրորդ կիսամյակում՝ մինչեւ հաջորդ ուսումնական տարվա ավարտը սովորել ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դասարանում՝ այդ ընթացքում հայերենի իմացությունը ապահովելու եւ սույն կետով սահմանված ժամկետը լրանալուց հետո հայերենով ուսուցմամբ դասարան տեղափոխվելու պայմանով՝ եթե սույն կետով սահմանված ժամկետը լրանալու դեպքում չի լրանում 5 տարի անընդմեջ ռուսերենով կամ այլ օտար լեզվով ուսուցմամբ սովորելու ժամկետը»։
Հարգարժան նախագահ, հուսով եմ, որ չի մերժվի, ինչի համար կանխավ հայտնում եմ իմ շնորհակալությունը:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, պաշտոնաթող գնդապետ
«Առավոտ»
08.10.2016


















































