Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ահարոնյան փողոցի թիվ 10-14 եւ հարակից շենքերի բնակիչները Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրավիրում են իրենց բակ` փոքրիկ շրջայցի: Նրանք քաղաքապետին նամակ են գրել` ակնկալելով գործնական քայլեր:
«Վերջին տարիներին մեր բնակելի շենքերն ընդգրկող ընդարձակ բակը վերածվել է ավտոտնակների բազմակողմ ձեռնարկատիրական հավաքակայանի, մնում է` Երեւանում ավտոտնակների հավաքակայանների քաղաքագլուխ ընտրել եւ բնակելի շենքերի ճակատագիրը հանձնել այդ նորաստեղծ կառավարման տնօրինությանը:
Բակից բացի՝ բնակելի շենքերը հակառակ կողմերից շրջափակվել են կիպ կառուցված ավտոտնակներով` բնակիչներին զրկելով անցումներից: Բակ կոչվածն էլ պայմանական է բակ կոչվում, որովհետեւ այդ հատվածներում բնակիչները զրկված են անցուդարձ անելու, երեխաներին մաքուր օդի հանելու, իսկ մանկահասակները` խաղալու հնարավորությունից:
Բարձիթողի վիճակն այնքան ակնհայտ է, որ ավտոտնակների տանիքներին արդեն կառուցվում են հարկաբաժիններ` զանազան կենցաղային նպատակներով, նույնիսկ գործում են հավանոցներ, ճագարանոցներ, ինկուբատորներ, իսկ ավտոտնակների հիմնական մասը վերածվել է խանութների եւ մանրումեծ արհեստանոցներին սպասարկող պահեստների:
Թաղապետարանից ոչ ոք դեռ չի բարեհաճել միջամտել, իսկ հարեւանությամբ գտնվող «Անհաղթ» համատիրությունը պարզապես իր գոյությունն զգալ չի տալիս: Ավտոտնակները վերածվել են շահասիրության աղբյուրների թաղապետարանի ու համատիրության աշխատակիցների համար, այլապես նրանք մի ակնթարթ էլ աչք չէին փակի ու կապամոնտաժեին բակերը բռնագրաված ապօրինի շինություններն ու Ձեր կոչերն էլ, որ զետեղել եք բակերում դրված նստարանների թիկնակներին, հավատ կներշնչեին քաղաքային իշխանությունների ամենօրյա հսկողությամբ ու հարկադրանքով եւ ոչ թե դատարկախոս հորդորներով:
Ի դեպ, բակը նախատեսված է եղել ջրավազանի, պուրակի եւ մանկական խաղադաշտերի համար, որոնք զոհ գնացին զանգվածային ամենաթողությանը հետխորհրդային տարիներին:
Հարգելի Տարոն Մարգարյան, հեռուստատեսությամբ պարբերաբար հաղորդվում է, թե ինչպես են բնակիչների պահանջով վերացվում նման ապօրինությունները: Մի սպասեք, որ մենք էլ շատ երեւանցիների նման մի օր «զենք» վերցնենք ու փակենք փողոցները, որպեսզի այցելեք մեր բակ եւ սեփական աչքերով տեսնեք, թե ինչպես են բնակելի շենքերը շնչահեղձ լինում ավտոտնակների շրջափակման ճիրաններում: Փրկեք մեր բակը եւ քաղաքը այդպիսի տեսարաններից, այլապես զուր են քաղաքի կառուցապատման մասին հավաստիացումները: Երեւանը գեղեցիկ պահելու մասին ձեր կոչերն ու հորդորները պարզապես թերահավատություն են առաջացնում եւ ընկալվում որպես պետական-պաշտոնական ու նախընտրական կոնտեքստում: Մի՞թե նման հարցերը կարգավորվում են միայն փողոցային ցույցերով»:
Լուսանկարը` արխիվային
«Առավոտ»
08.10.2016


















































