Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկանդերի թեման Ադրբեջանը ԵԽԽՎ-ում կօգտագործի որպես պատրվա՞կ

Հոկտեմբեր 10,2016 17:07 Share

Այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանից առաջ տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական խմբի նիստին ադրբեջանցիները կրկին ակտիվություն են ցուցաբերել: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռովշան Ռզաևը հարց է բարձրացրել Հայաստանի Իսկանդերների մասին` իբր մատնացույց անելով ՌԴ-ի կողմից Հայաստանին տրվող աջակցությունը:

Այս միջադեպի վերաբերյալ Aravot.am-ը մանրամասներ խնդրեց նիստի մասնակից, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանից: Նա փոխանցեց հետևյալը. «Ադրբեջանի ներկայացուցչի կողմից բարձրացված այս հարցադրմանն արձագանքեց Մհեր Շահգելդյանը` վկայակոչելով երկու երկրների ռազմական բյուջեների տարբերությունը և միջազգային նորմերի խախտմամբ Ադրբեջանի` սպառազինությունների ավելացումը»:

Մեր այն հարցին` մտավախություն չկա՞, որ Ադրբեջանը Իսկանդերի թեման կօգտագործի որպես պատրվակ ղարաբաղյան հակամարտությանն առնչվող խնդիրները ԵԽԽՎ ամբիոնից բարձրաձայնելու համար, պարոն Ֆարմանյանը պատասխանեց` ոչ:

Սամվել Ֆարմանյանն էլ ԵԺԿ նիստին բարձրացրեց նույն խմբակցության նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի հարցը: Նա մեղադրվում է Միլանի դատախազության կողմից 2012-2014 թթ. Ադրբեջանի օգտին քաղաքական գործունեություն ծավալելու համար, ինչը հեղինակազրկում է ԵԺԿ քաղաքական ընտանիքի հեղինակությունը եվրոպացիների աչքում: Հետաքրքրվեցինք` ինչպիսի՞ն է եղել ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի արձագանքը, պարոն Ֆարմանյանը պատասխանեց. «Ժոզեֆ Դոլը հայտարարեց, որ կարևորում է գործի թափանցիկ քննությունը և տեղյակ է Միլանի դատախազության կողմից տարվող քննությանը, ԵԺԿ ընտանիքը ևս հետևում է գործի ընթացքին և հետևություններ կանի դատական հանգուցալուծումից հետո»:

Տեղեկացնենք, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանն աշխատանքները կիրականացնի հոկտեմբերի 10-14-ը: Այս նստաշրջանին Հայաստանին վերաբերող օրակարգային հարց չկա: Կքննարկվեն Թուրքիայի իրավիճակը, Ուկրաինայի ճգնաժամն ու դրա հնարավոր հետևանքները: Վեհաժողովի լիագումար նիստերին ելույթ կունենան Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31