ԵԽԽՎ-ում իր նախագահության մեկ տարվա ընթացքում, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հետեւողականորեն սահմանափակում է հայաստանցի պատվիրակ Նաիրա Զոհրաբյանի ելույթների հնարավորությունը: Համենայնդեպս, դրանով է Նաիրա Զոհրաբյանը բացատրում պարոն Ագրամունտի կեցվածքը եւ այդ առիթով այսօր իր արած հայտարարությունը:
«Պարոն Ագրամունտը հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին բաց տեքստով ասել է, որ իրեն դուր չի գալիս իմ օգտագործած լեքսիկոնը, որ ես իմ ելույթներում վիրավորանքներ եմ հնչեցնում: Այսօր առավոտյան, նստաշրջանը բացելով, ԵԽԽՎ նախագահը` նկատի ունենալով ինձ, ուղղակիորեն հայտարարեց, որ կան պատգամավորներ, որոնց ելույթներում հնչում են ակնհայտ վիրավորանքներ` ԵԽԽՎ անդամ որոշ երկրների եւ անձամբ իմ հասցեին»,- Aravot.am-ի հետ զրույցում մանրամասնեց տիկին Զոհրաբյանը` հավելելով, որ քննարկումների ժամանակ այսօր էլ ինքը հայտնվել է ելույթի համար հերթագրվածների ցուցակի վերջում:
Ուստի, Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Պեդրո Ագրամունտը զբաղված է ինքնիրավչությամբ եւ օրինախախտմամբ` իրեն իրավունք վերապահելով անգամ խմբագրել Նաիրա Զոհրաբյանի` ԵԽԽՎ կայքում տեղադրված ելույթներից որոշ հատվածներ: Այդ մասին ԵԽԽՎ նախագահն անձամբ է տեղեկացրել հայաստանյան պատվիրակությանը: «Երբ ես հուլիսյան նստաշրջանում, ապրիլյան պատերազմի ժամանակ հայ զինվորին մորթած ադրբեջանցուն անվանում եմ երկոտանի կենդանի, դա մեծապես վիրավորում է Ագրամունտի զգացմունքները եւ նա իմ ելույթից հանում է նշյալ հատվածն ու նոր տեղադրել տալիս Վեհաժողովի կայքում»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ դա ինքը Պեդրո Ագրամունտի կողմից համարում է ԵԽԽՎ-ում իր լիազորությունների կոպտագույն խախտում է։
Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, որ օրինական բոլոր հնարավոր մեթոդներով ինքը պայքարելու է Ադրբեջանի լոբբիստ Պեդրո Ագրամունտի ինքնիրավչության ու խախտումների դեմ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































