Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ. Անգամ եթե փողոցում անձին կանգնեցնում է ոստիկանը, անձը համարվում է ազատությունից զրկված

Հոկտեմբեր 15,2016 23:49

«Անկախ անձի ֆորմալ կարգավիճակից՝ ազատությունից զրկված անձը պետք է օգտվի բոլոր երաշխիքներից»,- հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ կազմակերպած՝ լրագրողների իրավական վերապատրաստման երկօրյա ծրագրի ընթացքում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա ընդգծեց, որ ազատությունից զրկելը ինքնին ենթադրում է, որ անձին իր կամքով կամ կամքին հակառակ պարտադրում է ոստիկանության աշխատակիցը չլքել որեւէ վայր, մնալ որեւէ տեղում, իր հետ տանում է ոստիկանության բաժին կամ նախատեսված վայր, կամ եթե անձը կամովին ներկայանում է ոստիկանության ծառայողի նշած վայր եւ չի կարողանում իր կամքով դուրս գալ այդտեղից. «Անգամ եթե փողոցում անձին կանգնեցնում է ոստիկանության ծառայողը եւ հարցադրումներ է սկսում իրականացնել, հենց այդ պահից էլ, Եվրոպական դատարանն էլ նախադեպեր ունի, անձը համարվում է ազատությունից զրկված:

Ինչո՞ւ է կարեւոր ազատությունից զրկման պահը ճիշտ որոշելը, որովհետեւ այդ պահից են առաջ գալիս իրավունքներ: Մեր վարչախախտումների վերաբերյալ օրենսդրությունը չի ապահովում որեւէ նման մեխանիզմ: Դրանով է պայմանավորված, որ ես դիմեցի Սահմանադրական դատարան եւ հունվարին նշանակվեց առաջին դատական նիստը: Այդ դիմումը կարեւորում եմ, որովհետեւ սկզբունքային փոփոխություն է նախատեսելու վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության համակարգում: Ես այդտեղ վիճարկում եմ ազատությունից զրկելու հետ կապված վարչական բերման, բերման ենթարկելու, խախտողին բերելու համալիրի հետ կապված դրույթները եւ «Ոստիկանության մասին» օրենքը, որ ունենք կարգավորումներ, որոնք հակասում են միջազգային չափանիշներին»:

Արման Թաթոյանը ասաց, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն ունի խնդրահարույց կարգավորում՝ վարչական ձերբակալման երեք ժամը հաշվում է արձանագրությունը կազմելու պահից, ինչը խնդրահարույց է. «Չի կարող վարչական ձերբակալման ժամկետը հաշվել այդ պահից: Սա հանգեցրել է նրան, որ բերման ենթարկվածներին գրանցում են մատյանում՝ առանց որոշում տալու, եւ դա է խնդիրը, որ պատճառաբանվում է՝ անձը ազատությունից զրկված չէ, հետեւաբար՝ այստեղ որեւէ իրավունքի խախտման մասին խոսք չի կարող գնալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31