Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան ճանաչում է Հայաստանի դպրոցականների վկայականները

Նոյեմբեր 10,2016 19:03

Երևանի թիվ 119 դպրոցում 2013 թվականից իրականացվում է «Ֆրանսերեն լեզու» և «Ֆրանսերեն գրականություն» առարկաների խորացված ուսուցում՝ որպես հիմնական ծրագրի առարկաներ: Որպես լրացուցիչ կրթական ծրագրի դասընթացներ ուսուցանվում են «Ֆրանսիայի պատմություն ու աշխարհագրություն» և «Ֆրանսիական քաղաքակրթություն» առարկաներ:

Վերոնշյալ կրթական ծրագրերով ուսումնառություն ստացած առաջին 12 շրջանավարտներն այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ստացել են Ֆրանսիայի ավարտական վկայականներ։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն, Երևանի թիվ 119 դպրոցի մանկավարժական կոլեկտիվի, ծնողների ներկայացուցիչներ, ինչպես նաև վկայականների արժանացած շրջանավարտներն ու Ֆրանսիական միջազգային օլիմպիադայում 1-ին և 2-րդ տեղը զբաղեցրած մասնակիցները:

Ողջույնի խոսքում նախարար Լևոն Մկրտչյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր շատ հաճելի ու կարևոր պահ է մեզ համար. նախ ճանապարհ ենք դնում մեր առաջին սերունդը, որն արդեն ունի Ֆրանսիայի կողմից հաստատագրված որակի չափանիշ, երկրորդ. կրթության ոլորտում Ֆրանսիայի հետ մեր համագործակցությունն ընդլայնում ենք ոչ միայն զարգացնելով ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցները, այլև հետևողական ջանքեր գործադրելով վկայականների ճանաչման ուղղությամբ»:

Շնորհավորելով աշակերտներին՝ Լևոն Մկրտչյանը շեշտել է, որ դասընթացներն անցած աշակերտները ոչ միայն իրենց անձնական ճանապարհն են հարթել, այլ նաև մեր երկրի համար բացել նոր և կարևոր հնարավորություն: «ֆրանսերենի պարագայում դպրոցական կրթությունից հետո արդեն կարողանում ենք առաջարկել Ֆրանսիայի կողմից Հայաստանում ճանաչված նույն որակի բարձրագույն կրթություն՝ ի դեմս Ֆրանսիական համալասարանի: Այսպիսով՝ կրթական շղթան ամբողջանում է՝ ստանալով ֆրանսիական որակ: Այն, որ մեր վկայականները ներկայում ճանաչվում են Ֆրանսիայի կողմից, շատ կարևոր է, որովհետև մենք արդեն ֆրանկոֆոն երկրների տրամաբանության մեջ ենք»,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը և անձամբ դեսպանին, ում համար, ըստ Լևոն Մկրտչյանի, կրթության ոլորտի խնդիրներն առաջնահերթ են:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Երևանի թիվ 119 դպրոցի կոլեկտիվին. այս ուսհաստատությունը մեր լավագույն դպրոցներից է, և եթե կարողանանք նման որակի դպրոցների ցանց ունենալ ողջ երկրում, ապա դրանից բոլորս կշահենք»,-նշել է նախարարը՝ ևս մեկ անգամ շնորհավորելով շրջանավարտներին և նրանց ծնողներին:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն իր գոհունակությունն է հայտնել այն կապակցությամբ, որ ծրագրի շրջանակում ներդրված համատեղ ջանքերը ցանկալի արդյունք են տվել, և այսօր 12 շրջանավարտ ստանում է երկլեզու ուսուցման վկայական: «Սա նաև թիվ 119 դպրոցի մանկավարժական կոլեկտիվի և աշակերտների աշխատանքի արդյունքն է: Առհասարակ, Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում ֆրասնսերեն լեզվի ուսուցմանը, հատկապես երբ ապահովվում է դրա շարունակականությունը. դպրոցի շրջանավարտների մի մասն իր ուսումը շարունակում է Հայաստանի Ֆրանսիական համալսարանում»,-նշել է դեսպանը:

Միջոցառման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն շրջանավարտներին հանձնել են վկայականները:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930