Այսօր Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագիծը:
Գործող օրենքով կուսակցությունը գրանցման պահին պետք է ունենա 200 անդամ, այնուհետեւ 6 ամսվա ընթացքում անդամների թիվը հասցնի 2000-ի՝ յուրաքանչյուր մարզում ունենալով 100 անդամ: Ստուգել, որ հասա՞վ 2000-ի, թե՞ ոչ՝ գրեթե անհնար է: Կառավարությունը, վկայակոչելով Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, որ խրախուսելի չէ վերահսկել կուսակցությունների հետագա գործունեությունը, առաջարկում է պետական գրանցումից հետո կուսակցությունների վերահսկողությունը հանել, բայց գրանցման պահին պահանջել ունենալ 1000 անդամ: Այսպես տեսչական գործառույթը հանելու վարչապետի հանձնարարականն են նաեւ կատարում:

Երկրորդ փոփոխությունն այն է, որ եթե գործող օրենքով կուսակցությունը պետք է տարածքային ստորաբաժանումներ ունենա ՀՀ ողջ տարածքում, ապա հիմա առաջարկվում է, որ ստեղծման պահին կուսակցությունը տարածքային ստորաբաժանում ունենա կամ Երեւանում, կամ ՀՀ մարզերի 1/3-ում, կամ Երեւանն ու մարզերը միասին վերցրած 1/3-ում: Նախարարը վստահեցրեց. «Մենք գնացել ենք ավելի մեղմացում, լիբերալացում»:
Կարդացեք նաև
Կուսակցության գրանցումը մերժելու հիմքերը նույնպես հստակեցվել են նախագծով: Պետական գրանցման դիմումը, սխալներ հայտնաբերելու դեպքում վերադարձվում է եւ ժամկետ է տրվում, իսկ գրանցման մերժումը պետք է բացառիկ դեպքում լինի:

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հիշեց 90-ականներին «Կուսակցությունների մասին» նախագծերի քննարկումը եւ այն գնահատականը. «Եթե որեւէ մեկը մի «ժիգուլու պասաժիր» էր հավաքում, չի կարող ստեղծել կուսակցություն, իր զոքանչին եւ աներոջը նստեցնել այդ ժիգուլու մեջ եւ հայտարարել, որ դա կուսակցություն է»:
Ինչ վերաբերում է կուսակցության անդամների քանակին, ըստ նրա, եթե մի կուսակցություն նույնիսկ 1000 անդամ չի կարողանում հավաքել, էլ ինչի՞ համար է այդ կուսակցությունը: Եթե մարդկանց այն խումբը, որը նախնական քայլեր անելիս չի կարողանում գոնե 1000 անդամ հավաքել, ես չգիտեմ 6 ամիս հետո ինչպես պիտի գնա ժողովրդի քվեն ստանալու, ինչ ակնկալիքով:
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ իրենց ողջ գաղափարն այն է, որ կուսակցությունները գրանցելուց հետո պետական մարմնի վերահսկողությունից դուրս լինեն, որ նախարարությունը չգնա ասի՝ կուսակցությանդ անդամները 2000 դարձա՞ն, թե՞ չդարձան: Բայց գրանցման պահին նախնական 1000 անդամ են նշել, որովհետեւ ի վերջո կուսակցությունը պետք է որոշակի կշիռ ունենա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































