«Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագիծ է կառավարությունը ներկայացրել ԱԺ: Այն այսօր Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովում քննարկվեց:
Նախագծի 14-րդ հոդվածում, որը վերաբերում է կուսակցությունների անվանմանը, նշված է, որ կուսակցության անվանումը չպետք է խախտի քաղաքացիների եւ իրավաբանական անձանց մտավոր սեփականության իրավունքը:
ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարցրեց՝ եթե ճիշտ եմ հասկանում, սա նշանակում է, որ որեւէ ստեղծագործության անուն չի՞ կարող լինել կուսակցության անուն:
Նախարարը պատասխանեց. «Ճիշտ է: Մտավոր սեփականության իրավունքը ներառում է հեղինակային իրավունքը, հարակից իրավունքները, արտոնագրային իրավունք, ապրանքային նշաններ, աշխարհագրական նշումներ: Դրանք գրանցված իրավունքներ են, բիզնես արժեքներ են: Օրինակ, «Կոկա- կոլա» կամ «Աշտարակ կաթ» անունով կուսակցություն ստեղծել չես կարող: Ես հասկանում եմ, որ գայթակղություն չի լինի հենց դա մտածել, բայց, այնուհանդերձ, կարող է լինել «Արարատ», «Նոյ» եւ այլն: Այն անունները, որոնք գրանցված են, գույքային արժեք ունեցող են, չեն կարող լինել կուսակցությունների անուն»:
Կարդացեք նաև
Նախարարն ասաց, որ ՀՀ-ում 79 կուսակցություն կա, անունները բոլորի չգիտի, կարծես չի հանդիպել նման անուններ, բայց պետք է արդեն կանխարգելել, որ եթե ինչ-որ մեկի մտքով անցնի՝ չկարողանա դա իրականացնել:
Կուսակցությունը գրանցելիս, նախագծում ամրագրվել է, որ պետք է ունենա 1000 անդամ: Գործող օրենքում այդ թիվը 200 էր: Սպարտակ Մելիքյանը հարցրեց՝ հիմա մի մարդը մի քանի կուսակցության անդամ է, գոնե այդ թիվը նվազեցվի, որ մարդիկ կարողանան իրենց ռեալ համակիրներին գրանցել՝ որպես անդամ:
Նախարարն էլ ասաց, որ արդեն այլ կուսակցության անդամ հանդիսացողներին չեն թույլ տալու լինել նոր գրանցվող կուսակցության մեջ, այդ 1000 հոգուն ստուգելու են իրենց էլեկտրոնային բազայում. «Եթե 500 դնենք, կարող է 300-ը էլի լինեն այլ կուսակցության անդամ: Հետո կստացվի, որ իրենց բարեկամներով, հարազատներով, ընկերական մեծ հանձնախմբով եկել են կուսակցություն են բացում, ձեռքի հետ էլ իրենցից մի մասն էլ ուրիշ տեղ է գրանցված: Ես 1000 թվի վրա ֆիքսված չեմ, կարող է լինել 800»:
Նախագիծը միաձայն ընդունվեց հանձնաժողովում: Այն ընդգրկվեց առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































