Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Մահվան աչքերին ամեն օր նայող զինվորը պետք է հանգիստ խղճով մեկնի դիրքեր»

Նոյեմբեր 11,2016 18:11

«Կարծում եմ` բարձրագույն դասի պաշտոններ զբաղեցնող անձանցից պետք է գանձել ավելի շատ, իսկ միջին եւ ցածր աշխատավարձ ունեցողներին չանդրադառնալ, այդ բացը լրացնել պատգամավորների, նախարարների, փոխնախարարների, աշխատակազմի ղեկավարների աշխատավարձերից: Ես պատրաստ եմ հանդես գալ այդ առաջարկությամբ»,- խորհրդարանում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն` անդրադառնալով ՀՀ սահմանների պաշտպանության եւ մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորված զինծառայողների եւ նրանց ընտանիքների հատուցման հիմնադրամ ստեղծելու կառավարության նախաձեռնությանը:

Հովհաննես Սահակյանը, բնականաբար, պաշտպանում է հիմնադրամ ստեղծելու գաղափարը, նա կարծում է, որ բոլորը պետք է մասնակցեն բանակի խնդիրների լուծմանը: Նա կարծում է, որ դրանք այն միջոցներն են, որոնք միայն պետության վրա թողնելը իրատեսական ու ճիշտ չէ: Հիշեցնենք, խոսքը միանվագ վճարների մասին է:

Հովհաննես Սահակյանը մանրամասնում-պարզաբանում է`հիմնադրամը նոր ապահովագրության մոդել է, որին բոլորը մասնակցություն կունենան. «Այս դեպքում ապահովագրելու ենք թե զինվորին, թե ինքներս մեզ, որովհետեւ եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, բոլորը կգնան, կմասնակցեն` չիմանալով ինչպիսին կլինի այդ մասնակցության ելքը: Մահվան աչքերին ամեն օր նայող զինվորը պետք է հանգիստ խղճով մեկնի դիրքեր` վստահ լինելով, որ իր ընտանիքը անտեսված չի լինի: Այս նախաձեռնությունը լիովին տեղավորվում է ազգ-բանակ գաղափարի մեջ, դա ճիշտ նախաձեռնություն է: Ինչ վերաբերում է ֆոնդի նկատմամբ վստահությանը, կան հավաստիացումներ, որ դրամի շարժը լինելու է թափանցիկ»,- ասաց պատգամավորը:

Լրագրողների դիտարկմանը, որ հասարակությունն ըմբոստանում է ու չի ընդունում այդ գաղափարը, պատգամավորը հակադարձեց, որ չի հանդիպել ըմբոստության, իսկ իրականությունը տարբերվում է սոցիալական ցանցերից, եթե այնտեղ է ըմբոստությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930