Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանով պարտված գիշերային ակումբը «Առավոտի» հասանելիքը դեռ չի տվել

Նոյեմբեր 26,2016 14:30 Share
femida

Արդարադատության նախարարության
հարկադիր կատարման ծառայությունը որոշում է կայացրել

Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Արմենուհի Հոբոսյանը կատարողական վարույթ է հարուցել, որոշում ընդունել «Մ. Գեւորգյան» ՍՊ ընկերության գույքի նկատմամբ հետախուզում հայտարարել եւ արգելանք դնել գույքի եւ դրամական միջոցների վրա:
Հիշեցնենք, որ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի վերականգնման պահանջով դատարան էր դիմել նշյալ ընկերությունը:

Այդ ընկերությունը ստեղծել է «Աֆինա» գիշերային ակումբը եւ մոթելը, որոնք, ըստ մեր լրատվամիջոցի, իրականացրել են օրենքով արգելված գործունեություն։
21.08.2014թ. «Առավոտ» օրաթերթի 1-ին էջում տպագրվել է «Գետնանցում-մոթել» վերնագրով ֆոտոմեղադրանքը. «Վերեւում Դանիել Վարուժանն է եղեգնյա գրչով երգում Փառքեր, ներքեւում «Աֆինան» է իր «փառապանծ» պարով տղամարդկանց զվարճացնում, հետո մոթել ուղարկում», եւ՝ «Գետնանցումը նաեւ մարմնավաճառների աշխատավայր» վերնագրով հոդվածը:

Մոթելիստները համաձայն չէին հրապարակման հատկապես այս հատվածի հետ. «Մարզահամերգային համալիրի դիմացի գետնանցումն ամբողջությամբ զվարճանքի վայրի է վերածվել: Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի գետնանցոււմների տարածքները վարձակալությամբ է տալիս տնտեսվարողներին՝ որոշակի ծառայություններ մատուցելու համար, օրինակ՝ խանութներ, արագ սննդի կետեր։ Ճիշտ է, Հալաբյանի գետնանցումն էլ է ծառայություններ մատուցելու պայմանով վարձակալության տրվել, առեւտրի ու սպասարկման դաշտում է գործում, բայց այստեղ միանգամայն այլ ծառայություններ են մատուցվում։ Գետնանցումի տարածքը վարձակալած տնտեսվարողը սեքսապաթոլոգի, տնտեսագետի ու սրտացավ տղամարդու գիտելիքները հաջողությամբ օգտագործել է ի շահ իրեն եւ ի բարօրություն հաճախորդների։ Գետնանցումում գործող անանուն «մոթելը» «Աֆինա» գիշերային ակումբից մի քանի քայլ այն կողմ է։ Ակումբում մերկապարից «ոգեւորված» տղամարդիկ «Աֆինայից» ոտքները հանում են, գցում «մոթել»։ Գետնանցումում նաեւ «Համբույր» անունով բար-սրճարան է գործում, այս «Համբույրն» էլ երեւի այցեքարտն է «մոթելի»։

Կենտրոնի դատարանը՝ դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, ապա վերաքննիչ քաղաքացիական դատարանը «Առավոտում» հրապարակվածը համարեցին հավաստի, փաստարկված: Ի դեպ, դատարանի վճռով նշյալ ՍՊ ընկերությունը պետք է հատուցեր մեր լրատվամիջոցի փաստաբանի ամենահամեստագույն գումարը՝ 50 000 դրամ:

ԴԱՀԿ-ն պարտապանին ու լրատվամիջոցին ուղարկել է իր որոշումը:

 
Ռ. Մ.

«Առավոտ»

25.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    լիովին ամոթ իրենց

    թէ այդ անօրէն եւ անբարո գործունէության համար,
    թէ դատարանի որոշումը չհարգելու համար,
    եւ թէ պարտքը չվճարելու անպատիվ կեցվածքին համար

Պատասխանել