Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Եսայանը` վրացական «սեւ ցուցակում»

Նոյեմբեր 26,2016 17:00

Վրաստանի իշխանությունները որեւէ պատճառաբանություն չեն ներկայացնում

 
Սկաուտական շարժման համաշխարհային կոմիտեի անդամ Բագրատ Եսայանի մուտքը հարեւան Վրաստան արգելված է: Դա պարոն Եսայանի համար անակնկալ է եղել: «Առավոտի» հետ զրույցում Բագրատ Եսայանը պատմեց, որ այս տարվա ապրիլ ամսին ինքը սովորականի նման փորձել է մուտք գործել Վրաստանի Հանրապետություն, սակայն արդեն սահմանին սահմանապահները նրան տեղեկացրել են, որ իր անվան դիմաց արգելք կա եւ իրեն այսուհետ չի թույլատրվում մուտք գործել հարեւան երկիր:

Բագրատ Եսայանը, որը նաեւ պետական պաշտոնյա է` ՀՀ կրթության եւ գիտության նախարարի խորհրդական, ե՛ւ ՀՀ ԱԳՆ-ի խողովակներով, ե՛ւ Վրաստանում իր ընկերների միջոցով փորձել է պարզել արգելքի պատճառը: Վրացական իշխանությունները, սակայն, պատասխան այդպես էլ չեն տալիս:

«Նախորդ ութ տարիների ընթացքում ես 28-29 անգամ մուտք եմ գործել Վրաստանի Հանրապետություն` թե՛ անձնական, թե՛ գործնական այցեր են եղել»,- ասաց մեր զրուցակիցը:

Բագրատ Եսայանը Համաշխարհային սկաուտական շարժման կոմիտեի անդամ է: Այս կազմակերպության գործունեության շրջանակներում Վրաստանում մի շարք տարածաշրջանային եւ միջազգային կոնֆերանսներ են կազմակերպվել, որոնց Բագրատ Եսայանը մասնակցել է. «Որպես Սկաուտական շարժման տարածաշրջանային կոմիտեի, իսկ հետագայում որպես համաշխարհային կոմիտեի անդամ՝ Վրաստան մուտք գործելու որեւէ դժվարություն չեմ ունեցել»:

Վրացական իշխանությունների լռությունն իր մուտքն այդ երկիր արգելելու պատճառների առիթով մեր զրուցակցին ստիպում է ենթադրություններ անել: «Նախորդ մեկ տարվա ընթացքում Վրացական սկաուտական կազմակերպության համաձայնությամբ եւ գիտությամբ, նկատի ունենալով Վրաստանի հայկական համայնքից բազմաթիվ դիմումները Հայաստանի սկաուտական կազմակեպությանը` Վրաստանում հայկական սկաուտություն ստեղծելու առաջարկները, ես, որպես համաշխարհային կոմիտեի անդամ, խորհրդակցություններ եմ սկսել վրացական կազմակերպության հետ: Քննարկումների արդյունքում մենք վրացական կազմակերպության հետ համաձայնության եկանք, որ հայկական սկաուտություն կստեղծենք վրացական սկաուտության կազմում՝ որպես ազգային փոքրամասնության սկաուտություն: Նման նախադեպ աշխարհի շատ երկրներում կա»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ) գործում է աշխարհի 25 երկրներում: Կան երկրներ, որ ՀՄԸՄ-ն մաս է կազմում տեղի սկաուտությանը, կան, որ չի կազմում: «Վրաստանի դեպքում թե՛ վրացական կազմակերպությունը, թե՛ վրացահայերը, թե՛ նաեւ մենք, որպես հայկական կազմակերպություն, քանի որ արդեն մոտ 20 տարի սերտ համագործակցության մեջ ենք վրացական կազմակերպության հետ, որոշեցինք, որ ամենաարդյունավետ ձեւը, նաեւ ինտեգրման համար, կլինի այն, որ հայկական սկաուտները վրացական կազմակերպության մաս կազմեն»,- պատմում է մեր զրուցակիցը` հավելելով, որ Թբիլիսիում մասնաճյուղն արդեն ստեղծվել էր, անգամ հուշագրի նախնական տեքստն էր պատրաստ, որով հայկական համայնքի սկաուտությունը դիմում է վրացական սկաուտական կազմակերպությանը դրան մաս կազմելու համար:

Բագրատ Եսայանը փաստում է՝ այն, ինչ արվել է, չի հակասում վրացական օրենքներին եւ Համաշխարհային սկաուտական կազմակերպության տրամաբանությանը. «Բայց վրացական համապատասխան մարմիններն իրենց տգիտության արդյունքում արված քայլով լուրջ հարվածի տակ են դնում թե վրացական սկաուտական կազմակերպության հեղինակությունը, թե վրացական պետության հեղինակությունը, որովհետեւ միջազգային հեղինակավոր 50 միլիոնանոց կազմակերպության ղեկավարին արգելել մտնել Վրաստան աբսուրդ է»:

Բագրատ Եսայանը զարմանում է, որ եվրոպական ինտեգրման ճանապարհ բռնած Վրաստանն ինչպե՞ս է իրեն նման վարքագիծ թույլ տալիս: Հարցին` կասկած չունի՞, որ այս արգելքը կարող է պայմանավորված լինել իր կուսակցական գործունեությամբ, նա պատասխանեց. «Ես վստահ եմ, որ հարյուր հազարավոր հայերի մեջ, որ տարեկան այցելում են Վրաստան, կան նաեւ դաշնակցականներ: Ես տեղեկություններ ունեմ, որ իմ ընկերներից մեկին էլ, որը նույնպես դաշնակցական է, եւս արգելել են, բայց մարդը ուղղակի բիզնեսով էր զբաղվում, քաղաքական կամ հասարակական ակտիվ գործունեություն չէր ծավալում: Մարդն ուղղակի ավտոմեքենաների առքուվաճառքով էր զբաղված: Երեք անգամ է փորձել, երեք անգամն էլ իր մուտքը Վրաստան արգելել են»:

Այս ընթացքում ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամներն, ի դեպ, այց են ունեցել Վրաստան, որի ժամանակ հանդիպումներ են ունեցել Վրաստանի իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների անդամների հետ, եւ բոլորը պատրաստակամություն են հայտնել ՀՅԴ-ի հետ համագործակցելու: «Այսինքն՝ այստեղ ՀՅԴ-ի հարցն էլ չի: Հիմար իրավիճակ է ստեղծվել: Ոչինչ չեն ասում, որ հասկանամ, ասենք, միգուցե որեւէ հակաօրինական բա՞ն եմ արել այնտեղ, կամ իմ հասարակական, կուսակցական պատկանելություն-գործունեությո՞ւնն է արգելքի պատճառը»,- ասում է մեր զրուցակիցը:

Վրաստանում, այսպես ասած, «սեւ ցուցակների» գոյությունը նորություն չէ: Այս պահին մեկ տասնյակից ավելի հայերի մուտքը Վրաստան արգելված է: Արդյոք ՀՀ ԱԳՆ-ն ավելի պահանջատեր չպե՞տք է լինի՝ մեր հարցին Բագրատ Եսայանը պատասխանեց. «Բնականաբար, երկրի վարկի խնդիրն է, եւ իր քաղաքացիների մուտքն արգելված լինելու դեպքում երկիրը պետք է հետաքրքրվի` ո՞րն է պատճառը: Եթե կա հայկական «սեւ ցուցակ», իսկ այդպիսի «սեւ ցուցակ» հստակ է, որ կա, վրացական համապատասխան ծառայություններն ինչ-ինչ նկատառումներով կամ հիվանդագին զգացողություններ ունենալու պատճառով մարդկանց մուտք են արգելում երկիր, որը, վստահեցնում եմ, նաեւ հսկայական դժվարություններ է ստեղծում գործնական առումով. հանդիպումների, պաշտոնական այցերի չես կարողանում մասնակցել, միջազգային կազմակերպության նախաձեռնություններ չես կարողանում իրականացնել ի պաշտոնե, որը պարտավոր եմ իրականացնել»: Մեր զրուցակիցը մտադիր է ուսումնասիրել նաեւ, որպես ԵԽ անդամ երկրի քաղաքացի, այս հարցը եվրոպական ատյաններում վիճարկելու հնարավորությունները, քանի որ վստահ է, որ այսպիսով վնաս է հասցվել նաեւ իր գործարար հեղինակությանը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

25.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930