Լրահոս
Օրվա լրահոսը

Արագած Ախոյանը` ազատամարտիկին. «Եթե շարունակի ցեխ շպրտել, կհանդիպենք իրավական դաշտում»

Դեկտեմբեր 12,2016 22:45

Aravot.am-ը ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանից մեկնաբանություն խնդրեց կառավարության շենքի դիմաց հացադուլ անող ազատամարտիկ Սարգիս Ղազարյանի պնդումների եւ հրապարակած ձայնագրությունների վերաբերյալ, որտեղ հնչում են իր եւ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի անունները:

«Անկեղծ ասած, ապշած եմ այս հրապարակումից եւ խղճում եմ ազատամարտիկի մունդիր հագած այդ մարդուն, որը պարզ չէ, իրոք ազատամարտիկ է, թե ոչ: Փաստորեն, այդ մարդը փորձ է արել ինձ վարկաբեկել կամ մեր անունները վարկաբեկել` այդպիսով իրեն դնելով հիմար վիճակի մեջ, որովհետեւ ցանկացած ոք պետք է հասկանա, որ առանց հիմնավորման որեւէ մեկին զրպարտելը քրեորեն պատժելի է: Հաճախ սովորություն ունեմ չարձագանքելու, բայց սա այդ դեպքը չէ, նա մի անհեթեթության այնպիսի սահման է գծել, որ ուղղակի շոկի մեջ ենք: Սա ինչ-որ մարդկանց պատվեր է: Քանի որ ինչքան մոտենում է նախընտրական փուլը, ոմանք հույսները կտրած` սեւ PR-ով են զբաղված:

Ազատամարտիկի մունդիր հագած, բայց ազատամարտիկի պատիվը ապականողին ուզում եմ զգուշացնել, որ եթե շարունակի նման ձեւով իմ հեղինակության վրա ցեխ շպրտել, կհանդիպենք իրավական դաշտում, չեմ կարծում, թե իր համար դա շատ հետաքրքիր կլինի: Նման բաներ չեն անում, մենք ունենք հեղինակություն, զբաղված ենք լուրջ գործով եւ այս տարիներին պատվով ենք կրել պատգամավորի կոչումը: Նման բաներ չենք հանդուրժի: Իրեն խորհուրդ կտամ դուրս գալ մղձավանջից եւ ձերբազատվել իր իսկ հորինած հեքիաթներից: Թող գնա իր գումարային հարցերը` ով է տվել, ինչ է տվել, պարզաբանի իրավական դաշտում: Սրանից ավելին չեմ ուզում ասել»,-նշեց պատգամավորը:

Նա նաեւ հավելեց, որ լուրը լսելուն պես հանկարծակիի է եկել. «Սկզբում չգիտեի, թե ինչի մասին է խոսքը, հետո հիշեցի, որ մի դրվագ է եղել մի 5 տարի առաջ. այդ մարդը եկել է, եւ իր ընկերներից, որ նաեւ իմ պատգամավոր ազատամարտիկ ընկերներն են, հասկացել ենք, ինչն ինչոց է, ամոթանք եմ տվել, դրանով վերջացել է ամեն ինչ: Բայց բանից պարզվում է՝ սրանք դատական քաշքշուկների մեջ են, պարտված են, կոպիտ ասած` նման ծայրահեղ քայլերի գնալով, դիմում են շանտաժի ու փորձում են մեր անվան հետ խաղալ: Ես ուղղակի զգուշացնում եմ` չեմ սպառնում, որ երկրորդ անգամ կրկնվելուց` նա կհայտնվի դատարանում, պատասխան կտա եւ կբացահայտվեն իր պատվիրատուները»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031