Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնալդ Թրամփը կրճատում է ԱՄՆ-ից փող խլող ծրագրերն ու գործողությունները

Հունվար 27,2017 01:22

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման վեց օրերի ընթացքում հասցրել է մի շարք հրամանագրեր ստորագրել, որոնք կամ նրա նախընտրական խոստումների շարքում էին կամ «հակաօբամայական» բնույթ ունեն: Այն տպավորությունն է, որ այդ որոշումները միտված են ԱՄՆ բյուջեի ծախսերը նվազեցնելուն:

Օրինակ, իր առաջին իսկ հրամանագրերից մեկով նա չեղարկել է առողջապահության ոլորտի բարեփոխումները, որոնք ժողովրդի մեջ  Օbamacare անունն էին կրում: ԱՄՆ նախկին նախագահի նախաձեռնած բարեփոխումները 20 մլն ամերիկացիների հնարավորություն էին տալիս օգտվել առողջապահության թանկարժեք ոլորտից: Բարեփոխումները ընդունվել էին 2010 թվականին, եւ հանդիսանում էին Բարաք Օբամայի 2008թ. նախընտրական խոստումներից մեկը:

Մեկ այլ հրամանագրով Դոնալդ Թրամփը ազդարարեց միջխաղաղօվկիանոսյան գործընկերությունից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Այդ գործընկերության շնորհիվ նվազել էին խաղաղօվկիանոսյան 12 երկրների միջեւ սակագնային խոչընդոտները, սակայն դա, ըստ էության, ֆինանսական բեռ էր ԱՄՆ համար:

Երեկ Թրամփը ստորագրեց մեկ այլ հրամանագիր, որով հայտարարվում էր Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու սկիզբը: Այդ հրամանագիրը պատճառ դարձավ, որ Մեքսիկայի նախագահը չեղարկի հունվարի 31-ին Սպիտակ տանը նախատեսված հանդիպումը երկու երկրների նախագահների միջեւ: Ընդ որում, Թրամփը պնդում է, որ այդ պատը պետք է կառուցվի Մեքսիկայի միջոցներով, գոնե՝ մասնակիորեն, իսկ Մեքսիկայի նախագահը խոստանում է, որ իր երկիրը ոչ մի կոպեկ չի ծախսի որեւէ պատի կառուցման վրա:

Ներգաղթյալների դեմ Թրամփի պայքարը Մեքսիկայի հետ պատով չի սահմանափակվում: Նա խստացրել է նաեւ Միջին Արեւելքից ներգաղթյալների մուտքը երկիր, խոսվում է նաեւ Ասիայի եւ Աֆրիկայի յոթ երկրներից՝ Սիրիա, Իրան, Իրաք, Սուդան, Սոմալի, Եմեն, Լիբիա, ներգաղթյալների մուտքը ԱՄՆ առժամանակ ամբողջովին արգելելու հրամանագրի մասին, որը կհրապարակվի մոտ օրերս:

Թրամփը նաեւ արգելք է դրել օտարերկրյա կազմակերպությունների ֆինանսավորման վրա, որոնք աջակցում են հղիության արհեստական ընդհատման շարժումներին:  Պատրաստվում է մեկ այլ աղմկահարույց հրամանագիր, որով կկրճատվի ԱՄՆ ֆինանսական աջակցությունը բազմաթիվ այլ միջազգային կազմակերպություններին, ընդհուպ ՄԱԿ-ին: Որոշ դեպքերում դա կհասնի մինչեւ 40 տոկոս նվազման: Կվերանայվի նաեւ ԱՄՆ մասնակցությունը խաղաղապահ գործողություններին եւ Միջազգային քրեական դատարանում:

ԱՄՆ հանրապետական նախագահը պաշտոնավորման մի քանի օրերի ընթացքում հասցրել է գործողություններ կամ առնվազն գործողությունների պլան առաջ քաշել, որոնցով հստակ սահմանագիծ կդրվի դեմոկրատական կառավարման ԱՄՆ-ի եւ հանրապետական կառավարման ԱՄՆ-ի միջեւ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031