Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը փորձում է վերջնականապես ձախողել ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր միջոցները

Փետրվար 18,2017 15:00

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը հարցականի տակ է

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության ժամկետը լրացել է, սակայն երկարացման վերաբերյալ չկա որեւէ հայտարարություն: ՀՀ ԱԳՆ-ն դեռեւս ձեռնպահ է մնում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի շուրջ ստեղծված իրավիճակի մասին մեկնաբանություններից ու կենտրոնական գրասենյակում ընթացող քննարկումների մասին մանրամասներ հրապարակելուց: Այն, որ այս հարցում մեծ դերակատարություն ունի Ադրբեջանը, ակնհայտ է: Դեռ հունվարին Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պաշտոնապես հայտարարել էր, որ Ադրբեջանն արգելափակել է ԵԱՀԿ բյուջեն, եւ դրա պատճառը երեւանյան գրասենյակի՝ Բաքվի համար ոչ ցանկալի գործունեությունն է:
Նշենք, որ Հայաստանն այսօր Հարավային Կովկասի տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ ԵԱՀԿ գրասենյակ կա: Կառույցի՝ Բաքվում գտնվող գրասենյակն իր գործունեությունը դադարեցրել է 2014-ին, Թբիլիսիինը՝ 2009 թվականի հունվարի 1-ից: Թեեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել էր, թե «մենք գնահատում ենք ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի կարեւոր եւ արժեքավոր աշխատանքը եւ այն փակելու ծրագրեր կամ մտադրություններ չունենք», սակայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կանխատեսումներն այնքան էլ լավատեսական չեն: Այդ պատճառով մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ նամակ են պատրաստել, որում շեշտում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության արդյունավետությունը, եւ որն ուղարկվելու է Վիեննայում գտնվող կենտրոնական գրասենյակ:

«Առավոտը» Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանից հետաքրքրվեց` արդյոք ստեղծված իրավիճակում հայկական կողմին կհաջողվի՞ համոզել ԵԱՀԿ բյուջեն ձեւավորող պետություններին, որ երեւանյան գրասենյակն արդյունավետ է գործում, եւ այն հակամարտության կարգավորման հարցերով չի զբաղվում, եւ որո՞նք պիտի լինեն ՀՀ իշխանությունների քայլերը: Փորձագետը պատասխանեց. «Հայաստանը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ մեծ հաշվով ԵԱՀԿ անդամ երկրներին համոզելու խնդիր չունի: Բոլորն էլ հրաշալի հասկանում են, որ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը բավականին արդյունավետ աշխատանք է կատարում, եւ խնդիրը բացառապես քաղաքական հարթության վրա է: Ադրբեջանը պատճառաբանել է, որ ԵԱՀԿ գրասենյակը իր մանդատին չհամապատասխանող գործունեություն է ծավալում, այն է` նա զբաղվում է ականազերծման ծրագրով, որը հակասում է գրասենյակի մանդատին: Իրականում դա ոչ թե ականազերծման ծրագիր է, այլ ականազերծման իրազեկվածության կրթական ծրագիր: Բաքուն նշում է, որ դա վտանգում է իր շահերը կամ անվտանգությունը, վետո է դրել կառույցի շրջանակներում գրասենյակի մանդատի երկարաձգման հարցի վրա, որի արդյունքում խիստ մտահոգիչ է դառնում միջազգային այդ կազմակերպության` Հայաստանում գործելու ապագան»:

Ըստ Արմեն Վարդանյանի` Հայաստանը պետք է աշխատի ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԵԱՀԿ նախագահող երկրի` Ավստրիայի հետ, որպեսզի լուրջ ճնշումներ իրականացնեն Ադրբեջանի վրա: Քաղաքագետը շեշտեց, թե Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որտեղ ԵԱՀԿ-ն գրասենյակ ունի, որը նաեւ գործունեություն է ծավալում մարզերում, հատկապես Սյունիքի մարզում, որտեղ զարգացման ծրագրեր են իրականացվում. «Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երեւանյան գրասենյակն օգնում է Հայաստանին զարգացնել իր ժողովրդավարական հաստատությունները եւ ամրապնդել քաղաքացիական հասարակությունը: Շատ կարեւոր են նաեւ նրա օգնությամբ իրականացվող օրենսդրական բարեփոխումները, կոռուպցիայի եւ թրաֆիքինգի դեմ պայքարը, բնապահպանական գործունեությունը, մարդու իրավունքների իրազեկման բարձրացումը, լրատվամիջոցների ազատությունը, գենդերային հավասարությունը, աջակցությունը ոստիկանությանը, զինված ուժերի բարեփոխմանը եւ այլն»:

Հարցին` արդյոք Ադրբեջանն ի՞նչ խնդիր է լուծում, եւ տարածաշրջանում միակ նման գրասենյակի փակումն ավելի սանձարձակ չի՞ դարձնի Ադրբեջանին, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ դրանով Ադրբեջանը մի քանի խնդիր է լուծում: Նախ` Հայաստանում ավելի կվատանան մարդու իրավունքների վիճակը եւ ժողովրդավարության մակարդակը: Դրանով մեր երկիրը ավելի խոցելի կդառնա: Բացի դրանից, Բաքուն նպաստում է նրան, որ Երեւանը վերոնշյալ առումներով հավասարվի իրեն: 2015թ. Ադրբեջանը փակեց ԵԱՀԿ գրասենյակը Բաքվում եւ ձգտում է հասնել նրան, որ նույն բանը կատարվի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ: Դժգոհության հաջորդ պատճառն այն է, որ Հայաստանին միշտ օրինակ էին բերում, որ մեր երկիրը ընդունում է միակ գրասենյակը տարածաշրջանում, լավագույն ձեւով համագործակցում է գրասենյակի հետ բոլոր հարթություններում:

Բացի դրանից, Ադրբեջանը փորձում է վերջնականապես ձախողել Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր միջոցները»: Իսկ արդյոք ճի՞շտ է միայն Ադրբեջանի վրա բարդելը այս իրավիճակի պատճառները, ՀՀ-ի աշխարհաքաղաքական կողմնորոշումն այստեղ ի՞նչ դերակատարություն ունի, փորձագետը պատասխանեց. «Չեմ կարծում, թե այստեղ Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումն ազդեցություն ունի: Տվյալ պարագայում Ադրբեջանի համար կարեւոր չէ՝ Հայաստանը ձգտում է դեպի ԵՄ, թե՞ ԵՏՄ անդամ է: Կարծում եմ՝ բոլոր պարագաներում էլ նա փորձելու էր հասնել այդ գրասենյակի փակմանը»: Արմեն Վարդանյանի համար ակնհայտ է, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակումը լրջորեն ազդելու է Հայաստանի ժողովրդավարության մակարդակի վրա. «Գիտենք, որ ԵԱՀԿ գրասենյակը լուրջ առաքելություն է իրականացնում նաեւ ընտրական գործընթացներում եւ ժողովրդավարության զարգացման առումով: Ինչ վերաբերում է ընտրությունների դիտարկմանը, ապա կարծում եմ՝ այդ կառույցը ամեն դեպքում կշարունակի դիտարկել ընտրական գործընթացները այլ ձեւաչափով: Հուսադրող է այն փաստը, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, չի հրաժարվում ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունից»: Արմեն Վարդանյանը հույս ունի, որ ամեն դեպքում Հայաստանը եւ ԵԱՀԿ-ն կգտնեն համագործակցությունը շարունակելու այլ մեխանիզմներ, չնայած պետք է ամեն կերպ փորձել ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս հետ վերցնի իր արգելանքը:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

17,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728