Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրոնային ծխախոտները ոչ թե խնդրի լուծում են, այլ ծուղակ

Մարտ 03,2017 16:00

Ավանդական ծխախոտի դեմ պայքարող երկրներում վերջին տարիներին լայն տարածում են գտել էլեկտրոնային սիգարետները, որոնց վնասակար հատկությունների մասին մասնագետները չեն դադարում ահազանգել: Ավանդական ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությունները, ինչպիսին, օրինակ, «Philip Morris International»-ն (PMI) է, սկսել են մասնագիտանալ էլեկտրոնային ծխախոտների արտադրության մեջ եւ փորձում են գրավել այս շուկան եւս:

Էլեկտրոնային ծխախոտները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ վեյպինգային (տերմինն առաջացել է անգլերեն vape բառից, նշանակում է՝ գոլորշի արտաշնչել), որը ենթադրում է գոլորշի՝ առանց ծխախոտի: Երկրորդ տեսակը ծխախոտի էլեկտրական տաքացուցիչով էլեկտրոնային սարք է, որն արտադրվում է «Philip Morris» ընկերության կողմից եւ կոչվում է iQOS:

Համաձայն փորձագետների՝ ծխախոտ արտադրող համաշխարհային հսկաներից «Philip Morris»-ը կատաղի պայքար է մղում վեյպինգային տեսակի սիգարետներ արտադրող ընկերությունների դեմ, քանի որ ջանում է այնպես անել, որ ծխողները չանցնեն «գոլորշային» մեթոդին, այլ շարունակեն ծխախոտ օգտագործել, բայց իրենց առաջարկած նոր մեթոդով: Ավելին, Ռուսաստանի Դաշնությունում հակածխախոտային օրենքի խստացումից հետո «Philip Morris»-ը սկսել է ակտիվ բանակցություններ վարել այդ երկրում իր էլեկտրոնային սիգարետներն արտադրելու ուղղությամբ: Չի բացառվում, որ շուտով այդ ընկերությունը հետաքրքրություն ցուցաբերի նաեւ հայաստանյան շուկայի նկատմամբ, ինչը լուրջ մտահոգությունների առիթ է:

Բանն այն է, որ թեեւ մարդու օրգանիզմի վրա էլեկտրոնային սիգարետների ազդեցության մասին համապարփակ գիտական հետազոտություններ դեռեւս չկան, բայց նույնիսկ ոչ ամբողջական ուսումնասիրությունները հիմք են տալիս պնդելու, որ էլեկտրոնային սիգարետները կարող են մի քանի անգամ ավելի վնասակար ազդեցություն գործել մարդու օրգանիզմի վրա, քան ավանդականները:

Ոլորտն ուսումնասիրած մասնագետները կարծում են, որ էլեկտրոնային սիգարետներն առավել ուժգին կախվածություն են առաջացնում: Համարվում է, որ էլեկտրոնային սիգարետները ստեղծվել են ծխելու սովորությունից ազատվելու համար, մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ այդ սիգարետներն օգտագործողների ճնշող մեծամասնությունը նորից վերադառնում է ավանդական ծխախոտին եւ նախկինից երկու անգամ շատ է սկսում ծխել: Փորձագիտական ճանապարհով ապացուցված է, որ էլեկտրոնային սիգարետների համար նախատեսված հեղուկները մեծ քանակությամբ վնասակար քիմիական տարրեր են պարունակում:

Էլեկտրոնային սիգարետները վտանգավոր են ոչ միայն օգտագործման, այլեւ պահպանման տեսանկյունից: Մամուլում անընդհատ փաստեր են հրապարակվում դրանց պայթյունների վերաբերյալ: Ամենաթարմ դեպքը այս տարվա հունվարի 17-ին է գրանցվել, երբ բերանում էլեկտրոնային սիգարետի պայթյունի հետեւանքով ամերիկացի տղամարդը զրկվել էր մի քանի ատամներից եւ լուրջ այրվածքներ էր ստացել դեմքի ու պարանոցի շրջանում:
Այսպիսով, ուսումնասիրելով համաշխարհային փորձը, վստահորեն կարելի է նշել, որ ծխելու վնասակար հետեւանքների դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը ծխախոտից առհասարակ հրաժարվելը կամ դրա օգտագործումը նվազագույնի հասցնելն է: Իսկ էլեկտրոնային սիգարետների օգտագործումը ոչ թե խնդրի լուծում, այլ ծուղակ է. դրանք նպաստում են ոչ թե վատ սովորությունից ձերբազատվելուն, այլ ինքնին վատ սովորություն են:

Տեղեկատվության աղբյուրը՝
https://polytika.ru/info/72269.html

 

«Առավոտ»

02,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031